Արտակարգ դրությունը հարկային պարտավորություններ կատարելու հետ ուղիղ կապ չունի. Էկոնոմիկայի նախարար
Արտակարգ դրության օրերին ՊԵԿ-ի և ԴԱՀԿ-ի կողմից կազմակերպությունների հաշիվների վրա կալանք դնելու և բռնագանձումներ անելու մասին այս օրերին ԶԼՄ-ները բողոքներ են ստանում: Ինչի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարար Տիգրան Խաչատրյանի, ծրագրեր առաջարկելու կամ մշակելու փոխարեն՝ առաջարկում է նախ՝ տարանջատել մի քանի հարց՝ Արտակարգ դրությունն ուղիղ կապ չունի կազմակերպությունների հարկային պարտավորությունների հետ:
«Արտակարգ դրությունը հայտարարված է և գործում է այն պարզ պատճառով, որ քաղաքացիների տեղաշարժն այս փուլում սահմանափակելով՝ մենք նախևառաջ՝ մեր հարազատների, մեր համաքաղաքացիների առողջության համար ենք մտածում, և երևույթն ինքնին ուղիղ կապ չունի այն պարտավորությունների հետ, որ կազմակերպություններն ունեն պետության առջև, մասնավորապես, հարկային պարտավորությունների, և պետք է սպասարկվեն իրենց բնականոն եղանակով»,- հարցին անդրադառնալով՝ ասաց Տիգրան Խաչատրյանը:
Նախարարի խոսքով, եթե զարգացումները հասել են այնտեղ, որ ՊԵԿ-ը կամ ԴԱՀԿ-ն ստիպված են այդ կազմակերպությունների նկատմամբ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտավորությունները պետության կամ երրորդ անձանց նկատմամբ, ապա այդ պարտավորությունները պետք է կատարվեն:
«Մենք գիտենք, որ դժվար ժամանակներ են, որ այս իրավիճակում կարիք ունեցող խմբեր կան, որոնց կառավարությունն աջակցում է թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական գործիքների միջոցով, բայց այն կազմակերպությունները և անհատները, ովքեր ունեն պարտավորություններ, պարտավոր են իրենց պարտավորությունները սպասարկել»,- հավելեց էկոնոմիկայի նախարարը: