Բաժիններ՝

Պահանջվող պարտադիր պայմաններ՝ ՓՄՁ-ներին արտոնյալ վարկեր տրամադրելու համար. պարզաբանում է էկոնոմիկայի փոխնախարարը

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ փոքր և միջին ձեռնարկություններին կառավարությունն առաջարկում է օժանդակության ծրագիր:

Այն ՓՄՁ-ները, որոնք գործում են 1 տարուց ավելի, 2019 թվականին ունեցել են 24-500 մլն դրամի շրջանառություն, կարող են դիմել վարկ ստանալու համար:

Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանի դիտարկմամբ՝ վարկերի համար կարող են դիմել այն ՓՄՁ-ները, որոնք ներկայացնում են մշակող արդյունաբերության, կացության, հանրային սննդի, փոխադրումների, պահեստային տնտեսության, զբոսաշրջության, առողջապահական և սպասարկման այլ ծառայությունների ոլորտներ։ Այսինքն՝  ըստ փոխնախարարի՝ այն ոլորտները, որոնք «առաջինն են հարվածի տակ ընկել»:  Բացի այս բոլորից, կա նաև մեկ կարևոր պահանջ. ՓՄՁ-ն պետք է ունենա բարվոք վարկային և հարկային պատմություն և կարողանա տրամադրել անձնական երաշխավորություն:

«Վարկի առավելագույն չափը 50 մլն դրամ է, բայց ոչ ավելի, քան տնտեսվարող սուբյեկտի 2019 թվականի շրջանառության 10%-ը»,- ասաց էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

Նաև նաև պարզաբանեց, որ վարկով վերցված միջոցները կարող են օգտագործվել՝ 1. ոչ ավելի, քան 3 ամիս աշխատավարձ վճարելու համար, 2. պետական-համայնքային բյուջե հարկեր վճարելու համար, 3. տուրքեր և պարտադիր վճարներ իրականացնելու համար, 4. հումքի գնման և ներմուծման համար՝ պայմանով, որ հումքը պետք է օգտագործվի Հայաստանում, 5. հանրային ծառայությունների վճարների համար, և 6. վարձակալական վճարումների համար:

Վարկերը տրամադրվում են 36 ամսով: Առաջին երկու տարին՝ այսինքն՝ առաջին 24 ամիսը, դրանք անտոկոս վարկեր են: 25-36-րդ ամսվա համար՝ արդեն 12% տոկոսադրույքով: Եվ ունենալու են 6 ամիս grace period (արտոնյալ ժամանակահատված.- Ա.Հ.), երբ  չեն մարելու գումարները (վարկ և տոկոսներ.- Ա.Հ.) առաջին 6 ամսվա ընթացքում»,- նշեց Նաիրա Մարգարյանը:

Իսկ ինչ վերաբերում է շուկայում 1  տարուց քիչ գործող կազմակերպություններին, ապա Էկոնոմիկայի նախարարությունն այս պահին տեղեկություններ է հավաքագրում՝ պարզելու, թե ինչ աջակցություն կարող են առաջարկել այդ կազմակերպություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս