Նարեկ Սամսոնյանի գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ սուտ մատնություն կատարելու մասին քրեական գործն արդեն դատարանում է և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա գիտակցելով տրվող հաղորդմամբ իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է ենթադրյալ հանցագործության մասին սուտ մատնություն։
Տարեսկզբին Նարեկ Սամսոնյանը Ֆեյսբուքում գրառում էր կատարել, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երևանյան ռեստորաններից մեկից հաճախակի 1կգ-ը 3.000 դոլարով «երեխու համար իկռա ա առնում»:
Ն. Սամսոնյանը վստահ է, որ հարուցված քրեական գործում կա քաղաքական բովանդակություն, նա նաև հայտարարել էր, թե իր դեմ քրեական գործ հարուցելու պատճառը եղել է իր հրապարակած նյութի աղբյուրը չբացահայտելը։