Իկրայի գործը 100 տոկոսանոց ճշմարտություն է. Նարեկ Սամսոնյան
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ իր դեմ քրեական գործ հարուցելու պատճառը եղել է իր հրապարակած նյութի աղբյուրը չբացահայտելը։
«Իրավական առումով այս ամենը աբսուրդային գործ է, քանի որ ցուցմունք չկա, բայց իրենք ցուցմունքի հիման վրա են արել, այնտեղ իրավական այնպիսի իրավիճակ է, որ անգամ փաստաբանները, որոնք ծանոթացել են այս գործին, ասում են, թե այդ մարդիկ ինչ պատկերացումներով են գործն արել։ Քաղաքական բովանդակությունը բավականին առատ է, մեկ տարի չկա, որ մեր կայքը դաշտում գործում է, բայց այս ընթացքում մեծ բացահայտումներ ենք արել՝ սկսած վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վարսահարդարման վրա ծախսվող մեծ գումարներից՝ մինչև մեքենաների գնում»,- այսօր Հայաստանի ժուռնալիստների միության նախաձեռնած «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերներ. Սպասելիքներ և անելիքներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց Նարեկ Սամսոնյանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ վարչապետի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 5000 դոլար արժողությամբ սև խավիար։ Ինչի համար նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ սուտ մատնություն կատարելու մեղադրանքով:
Ըստ Սամսոնյանի, իկրայի պատմությունը 100 տոկոսանոց ճշմարտություն է, և դրա հետ կապված՝ Պետական եկամուտների կոմիտեին եղել է հանձնարարություն, հետդարձի ճանապարհ չունենլուց հետո ստեղծել են այդ քրեական գործը։
Նա նաև ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության համար աշխատող յութուբյան ալիքները, որոնք բացահայտել է «Անտիֆեյք» կայքը, ֆինանսավորվում են Կառավարությունից, նման ալիքներ կան նաև Հյուսիսային Կորեայում։
«Այսօր մենք գործ ունենք իշխանության կողմից խրախուսվող լրագրության մի տեսակի հետ, որն ամբողջությամբ, հերյուրանքներ, ատելության խոսք և զրպարտություն է տարածում։ Իսկ այն լրատվամիջոցները, որոնք իրենց համար ցանկալի տեղեկություն չեն տարածում, այդ ֆեյքերով փորձում են ճնշել։ Օրինակ՝ մենք բացահայտել ենք, որ Հայաստանի «Համահայկական հիմնադրամը» կեղծ թվով կեղծ հանգանակություններ է ներկայացրել հանրությանը, գործարար Սամվել Կարապետյանի կողմից ներկայացրել է որոշ թվով հանգանակություն, որը չկա, նման հանգանակություն նա չի արել։ «Համահայակական հիմնադրամը» մեզ պատասխանել է, որ, այո, չի տվել, բայց բոլորդ գիտեք, որ Սամվել Կարապետյանը տվել է»,- փոխանցեց Նարեկ Սամսոնյանը։
Նրա բնորոշմամբ՝ այսօր Հայաստանում լրատվության առումով գնում ենք դեպի Հյուսիսային Կորեա։
Նարեկ Սամսոնյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին իր դեմ կա հարուցված երեք քրեական գործ, որոնցից երկուսն առնչվում է լրատվության հետ, դրանցից մեկով իր դեմ հաղորդում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։