Բաժիններ՝

«Փառք Աստծո, այս պահի դրությամբ՝ չունենք վարակակիր». ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ

Այսօր կեսօրին aravot.am-ը հոդված էր հրապարակել՝ «Հիվանդ դատապարտյալները գիշերել են բակում» վերտառությամբ,  որում ասված էր, թե Վրեժ անունով մի դատապարտյալ երեկ գիշերն անցկացրել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բակում:

Հոդվածագրի փոխանցմամբ՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ի բակում գիշերն անցկացրել են ևս քսան-քսանհինգ մարդ՝ իրենց տեղափոխմանը սպասելով:

168.am-ը փորձեց Քրեակատարողական ծառայությունից պարզաբանում ստանալ հրապարակման մեջ նշված՝ դատապարտյալների՝ գիշերը հիվանդանոցի բակում անցկացնելու տեղեկության մասին:

«Երեկ պարզաբանում ենք տվել, հավելյալ ավելացնելու ոչինչ չունեմ»,- 168.am-ին ասաց ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Նավիկյանը հավանաբար նկատի ուներ Արդարադատության նախարարության երեկվա հայտարարությունը, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում նախապատրաստում են հատուկ պայմաններ ՔԿՀ-ներում վարակակիրների մեկուսացման համար:

168.am-ը նաև ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետից հարցրեց դատապարտյալ Գեղամ Մելքոնյանի առողջական վիճակի և նրա գտնվելու վայրի մասին: Գեղամ Մելքոնյանի մայրը՝ Լուսինե Հարությունյանը, ժամեր առաջ դիմել էր ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանին, հայտնել, որ որդուն երեկ դուրս են գրել «Դատապարտյալների հիվանդանոց»-ից, ասելով, թե տղան արդեն առողջացել է, մինչդեռ Լուսինե Հարությունյանը իր դիմումում գրել էր, թե որդին, 13 տարի է՝ տառապում է  խրոնիկ հիվանդությամբ:

«Ո՞նց կարող է խրոնիկ հիվանդությամբ տառապող մարդուն  ասեն՝ արդեն առողջացել ես, կարող ես գնալ: Իսկ ո՞վ  պետք է պատասխան տա հետագայում առաջացող բարդությունների կամ հետևանքների համար, այն էլ՝ որդուս պարագայում, որ կարող են հետևանքները լինել ծանր և անդառնալի»,- գրել էր Լուսինե Հարությունյանը՝ խնդրելով ՔԿԾ պետին անմիջական միջամտություն ցույց տալ խնդիրը լուծելու համար:

«Նա ունի առողջական խնդիրներ, պարբերաբար տարել են քաղաքացիական հիվանդանոց, նորից վերադարձել է դատապարտյալների հիվանդանոց, այս պահին գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում»,- 168.am-ին ասաց ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Հստակեցնող հարցին, թե արդյո՞ք ճիշտ հասկացանք, որ  «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կան մարդիկ, որոնք կորոնավիրուսի վարակակիրներ չեն, որովհետև Արդարադատության նախարարության երեկվա հայտարարության մեջ ասված էր, որ  «Դատապարտյալների հիվանդանոց»-ում նախապատրաստվում են պահման հատուկ պայմաններ քրեակատարողական հիմնարկներում հնարավոր վարակակիր անձանց հայտնաբերելու դեպքում վերջիններին մեկուսացնելու համար, Նավիկյանն ասաց.

«Այո, բայց, փառք Աստծո, այս պահի դրությամբ չունենք վարակակիր, իսկ Գեղամ Մելքոնյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս