Բաժիններ՝

«Դատապարտյալների հիվանդանոց»-ում նախապատրաստվում են հատուկ պայմաններ ՔԿՀ-ներում վարակակիրների մեկուսացման համար. ԱՆ

«Կանազում, չգիտեմ՝ ինչ է կատարվում, բայց արդեն ուղիղ 1 ժամ անդադար գոռում են, չի լսվում, թե ինչ, բայց ինչ-որ օգնություն են ուզում. անընդհատ օգնություն են բղավում»,- Մամուլի շենքի հետնամասում գտնվող «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցող իրարանցման մասին այս գրառմամբ և կարճ հոլովակով ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր Սեյ Յայլախանյան անունով օգտատերը:

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի պետ Նոնա Նավիկյանից փորձեցինք ճշտել՝ օգտատիրոջ ահազանգն իրականությանը համապատասխանում է, թե ոչ: Ի պատասխան՝ Ն. Նավիկյանն ասաց, որ տեղի ունեցածի վերաբերյալ պարետատնից քիչ հետո հաղորդագրություն կտարածեն:

Րոպեներ անց Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստում են պահման հատուկ պայմաններ` քրեակատարողական հիմնարկներում վարակակիր անձանց հայտնաբերելու դեպքում վերջիններին մեկուսացնելու և ազատությունից զրկված մյուս անձանցից անջատ պահելու համար։

«Այդ նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, ովքեր իրենց առողջական վիճակով պայմանավորված՝ ենթակա են դուրսգրման ստացիոնար բաժանմունքներից, տեղաբաշխվում են այլ քրեակատարողական հիմնարկներում, որտեղ նրանք շարունակելու են ստանալ պատշաճ բժշկական օգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությամբ Քրեակատարողական ծառայությունը կրկին հավաստիացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը լիովին վերահսկելի է, և այս պահին ՔԿՀ-ներից և որևէ մեկում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել, և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս