Բաժիններ՝

Պայմանագրային զինծառայողները բնակտարածության վարձակալության դիմաց փոխհատուցում կստանան ավելի կարճ ժամկետում

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել ՀՀ կառավարության 2018-ի նոյեմբերի 22-ի` «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Կառավարության 22.11.2018թ. N 1321-Ն որոշման համաձայն` զինծառայողներին և օրենքով նրանց հավասարեցված անձանց կողմից բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման տրամադրումն իրականացվում է այդ նպատակով ստեղծված բնակարանային հանձնաժողովի կողմից, որն անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով կայացնում է եզրակացություն, որի հիման վրա պետական լիազոր մարմնի կողմից կայացվում է վարչական ակտ (հրաման): Նշված գործընթացն իրականացվում է զորամասի հրամանատարին ուղղված շահառուի դիմումի ներկայացված փաստաթղթերի հիման վրա, որոնք զորամասի կողմից այնուհետև ուղարկվում են հանձնաժողովի աշխատանքային մարմին՝ պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանում, որն էլ ստացված դիմումների հիման վրա երկամսյա ժամկետում կազմակերպում է հանձնաժողովի նիստի անցկացումը:

Այս գործընթացը փաստացի բավականին ժամանակատար է, պրակտիկան ցույց է տվել, որ շահառու դիմումից մինչև համապատասխան որոշման ընդունումն օբյեկտիվորեն տևում է միջինը երեք ամիս, իրականացվում է անհարկի մեծ փաստաթղթաշրջանառություն՝ հաշվի առնելով զորամասերի տեղակայումները, շահառուն ստիպված է լինում մի քանի ամիս իր միջոցների հաշվին վճարել բնակվարձը, ինչն էլ հանգեցնում է զինծառայողների շրջանում արդարացի դժգոհությունների:

168.am-ի հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը նշեց, որ վերը նշված փոփոխությունների նախագծով կրճատվում է բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացման ժամանակահատվածը և փաստաթղթաշրջանառության ծավալները:

«Գործող կարգով համապատասխան փաստաթղթերը հավաքվում են և ուղարկվում ՊՆ համապատասխան մարմնի քննարկմանը, որտեղ ուսումնասիրվում են փաստաթղթերը ու որոշում կայացվում` հատկացնե՞լ, թե՞ ոչ։ Դա տևում է ամիսներ: Այս կարգով այլևս դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ զորամասի հրամանատարն ինքն է կայացնում որոշումը, և այդքան երկար սպասելու կարիք չի լինելու»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս