
Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը. Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը
Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ վենդետաները մերժելու, սիրո և հանդուրժողականության, խաղաղության խոստումներով։
Բերեց միայն թշնամանք, ատելություն, պատերազմ և զոհեր։
Նիկոլի Հայաստանը դարձել է մահերի երկիր։
1․ 2019թ․ հունվարի 26-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացավ կալանավորված և բանտում 44 օր հացադուլ հայտարարած 51-ամյա լրագրող Մհեր Եղիազարյանը։ Նա ձերբակալվել էր 2018թ․։
2․ 2020թ․ նոյեմբերի 19-ին մահացավ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը։ Չնայած նրա մի շարք լուրջ հիվանդություններին՝ տևական ժամանակ Գրիգորյանը գտնվում էր կալանքի տակ, այնուհետև դատարանը պարբերաբար մերժում էր Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխելու և բժշկական անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար ելքի թույլտրվությունը։
3․ 2020թ․ Հայաստանում բռնկված կորոնավիրուսի զոհերի թիվն ամենամեղմ հաշվարկներով կազմում է շուրջ 10 հազար մարդ։ Շատերի համոզմամբ՝ զոհերի քանակը զգալիորեն քիչ կլիներ, եթե չլինեին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության անլուրջ մոտեցումն այս հիվանդությանը, շոուների միջոցով մարդկանց ուշադրությունը շեղելու քայլերը, ոչ պորֆեսիոնալ, ապաշնորհ կանխարգելիչ ու բուժիչ մեթոդները։
Կորոնավիուսի տարածման փուլում ՀՀ առողջապահության նախարարն էր ՔՊ-ական Արսեն Թորոսյանը, ով ստացել է «Մահվան նախարար» անունը։ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, որի պարետ էր նշանակվել այդ ժամանակ փոխվարչապետ, այժմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
4․ 2022թ․ ապրիլի 26-ին Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության սպայական վաշտի հրամանատարը վրաերթի ենթարկեց 28-ամյա Սոնա Մնացականյանին, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։ Վրաերթից որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենայով Սոնա Մնացականյանին տեղափոխել էին բժշկական կենտրոն՝ արդեն մահացած վիճակում։ Դեպքից հետո ինչպես վրաերթի ենթարկած ոստիկանական մեքենան, այնպես էլ նրան հաջորդող ավտոշարասյան մյուս բոլոր մեքենաները, որում եղել է նաև Նիկոլ Փաշինյանը, շարունակել են ընթացքը՝ կնոջը չցուցաբերելով օգնություն։ Իսկ հետո կասկածելի հանգամանքներում կորել են ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրությունները։
5․ 2022թ․ հուլիսի 15-ին դատարանում՝ հենց դատական նիստի ժամանակ, մահացավ քաղաքական հետապնդման ենթարկվող կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
6․ 2023թ․ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով զոհվեց 15 զինծառայող։ Մահացածները պարտադիր ժամկետային զինծառայողներ էին։
7․ Նիկոլ Փաշինյանի ամենագլխավոր զոհը դարձան Արցախն ու արցախցիները։ Նրա վարած քաղաքականության արդյունում ՀՀ-ն ստացավ պատերազմ և ունեցավ մի քանի հազար զոհ, տասնյակ հազարավոր հաշմանդամներ, հարյուրավոր անհետ կորածներ, գերեվարված անձինք։ Շուրջ 120 հազար արցախցի զրկվեց իր հողից, ենթարկվեց էթնիկ զտման և դարձավ փախստական։
8․ Երեկ գիշեր էլ սպանվեցին Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Մեկ անձ էլ վիրավոր է։
Փաշինյանի զոհերի ցանկն անվերջ կարող ենք թվարկել։ Էլ չենք ասում նրա իրականացրած քաղաքական հետապնդումների մասին։
Իշխանության գալու առաջին իսկ տարիներից Փաշինյանը հետապնդումներ է սկսել բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձել են ազատ կարծիք հայտնել նրա իշխանության ձախողված քաղաքականության մասին։
Նույնիսկ ասֆալտին պառկեցնելով բերման էին ենթարկում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր համարձակվում էին քննադատել կոնորավարակի դեմ իրականացվող Փաշինյանի իշխանության ապիկար քայլերը։
Հիմա էլ շինծու մեղադրանքներով քրեական հետապնդումների է ենթարկում գրեթե բոլոր ընդդիմադիրներին։
Փաշինյանը ոչ թե խաղաղության աղավնի, այլ մահվան ագռավ է, որից օր առաջ պետք է ազատվել։