
Թող Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը հրապարակի, վեճը կվերջանա. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի հետ բանավեճի մասին
«Հրապարակի՛ր Ղարաբաղի բոլոր փաստաթղթերը. 100 անգամ ասել եմ, իր ձեռքի տակ են»,- այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչու չի գնում Փաշինյանի հետ բանավեճի, ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Հրապարակի՝ արդեն վեճը վերջացած կլինի, որովհետև ամեն ինչ ասված է այնտեղ»,- շեշտեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Դիտարկմանը՝ կարող է հրապարակի, բայց էլի մեղքն Առաջին նախագահի վրա գցի, նա արձագանքեց. «Թող գցի»:
Նա շեշտեց, որ ուրիշներն են ասում, թե Փաշինյանն իր հոգեզավակն է. «Ես ասե՞լ եմ՝ իմ հոգեզավակն է»:
Դիտարկմանը՝ Ձեր կողքին էր կանգնած 2008-ին, նա արձագանքեց. «Իմ կողքին այնքա՜ն մարդ էր կանգնած: Այն ժամանակ շատ լավ էլ աշխատեցին իրենք, բոլորը, Նիկոլն էլ»:
2018-ի իրադարձությունների վերաբերյալ գնահատականներ չհնչեցնելու մասին հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Հեղեղը ինչպե՞ս գնահատես, դա մի այնպիսի փոթորիկ էր, մարդը հաջողեց: Հաջողությունը պետք է գնահատես: Ինչ նպատակ դրել էր՝ հասավ»:
Հարցին՝ լա՞վ է, որ ազատվեց նախկիններից, նա պատասխանեց. «Լավ ու վատ չեմ ասում, ինքը հասավ իր նպատակին»:
Անդրադառնալով այն կարծիքներին, թե Փաշինյանն Արցախի վերաբերյալ կրկնում է Առաջին նախագահի թեզերը, Լևոն Տեր-Պետրոսյանը նկատեց, որ այդ թեզերը Փաշինյանը կործանեց՝ Ստեփանակերտում հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է, և վերջ». «Եվ պատերազմ բերեց: Այդ թեզերը կործանեց ինքը»:
Դիտարկմանը՝ ասում են՝ Ձեր խաղաղության օրակարգի թեզերով է առաջ գնում, նա այսպես արձագանքեց. «Դա կեղծ համեմատություն է, ոչ մի կապ չունի իմ ղարաբաղյան քաղաքականությունն իր քաղաքականության հետ, բացարձակապես ոչ մի կապ չունի»:
Մանրամասները՝ տեսանյութում