Հրահանգվել է չդիմավորե՞լ Լևոն Տեր-Պետրոսյանին, թե՞….

Մատենադարանում միջազգային գիտաժողով է հրավիրվել՝ նվիրված Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ, Մատենադարանի նախկին գիտքարտուղար, բանասիրական գիտությունների դոկտոր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին, որին մասնակցում են Հայաստանի և արտերկրի գիտակրթական մի շարք հաստատությունների ավելի քան մեկ տասնյակ ներկայացուցիչներ։
Իսկ զեկույցների թեմատիկ ուղղություններն են՝ հայ-ասորական հարաբերությունները միջնադարում, Կիլիկյան Հայաստանի պատմության հիմնահարցերը, թարգմանական մատենագրությունը:

Մենք նկատեցինք, որ Առաջին նախագահին դիմավորողների մեջ բացակայում է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, նա չի «երևացել» նաև գիտաժողովին:

Փոխարենը՝ Տեր-Պետրոսյանին դիմավորել է Մատենադարանի տնօրենի՝ գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, նախատեսված է եղել նաև նրա ողջույնի խոսքը:

Այս դրվագը գուցե աննկատ անցներ, եթե Արա Խզմալյանը Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճը տրամադրած չլիներ Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» արշավի դասընթացների անցկացման համար, բայց հատկապես անձամբ դիմավորած չլիներ Մատենադարան այցելած Աննա Հակոբյանին և նրա հյուրերին:

Կարդացեք նաև

168.am-ը փորձել է պարզաբանում ստանալ Մատենադարանի տնօրեն, Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանից, թե ինչն է պատճառը Լևոն Տեր-Պետրոսյանին չդիմավորելու, սակայն նա անպատասխան է թողել մեր զանգերը, ինչպես վերևում հիշատակված օրերին, երբ փորձում էինք ճշտել՝ ինչո՞ւ է որոշվել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի դահլիճը տրամադրել մասնավոր կազմակերպության դասընթացի անցկացման համար, և դա եղել է անվճա՞ր, թե՞ վճարովի հիմունքներով:

Եվ այս դեպքում այլ բան չի մնում, քան ենթադրել՝ Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգի հովանավորությունը վայելող պարոնը չէր կարող համարձակվել հարգել Առաջին նախագահի գիտական կենսագրությունը, երբ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հետ «պատերազմի մեջ» է, պաշտոնական դիրքն ու իշխանական հովանավորությունը կորցնելու վախ կա գուցե:

Հ.Գ. Ի դեպ, երբ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը որոշի պարզաբանում տալ, պատրաստ ենք լսել և այն հրապարակել: Ո՞վ գիտի՝ գուցե լուրջ պատճառ կա Տեր-Պետրոսյանին չդիմավորելու, թեպետ սեպտեմբերի 23-ին Արա Խզմալյանն ընդունել է Մարտին Լյութերի անվան համալսարանի պատվիրակությանը, դրանից առաջ Նիկոլ Փաշինյանի հետ միջոցառման է մասնակցել։

Տեսանյութեր

Լրահոս