Թուրքիայի գործելաոճն ուղիղ համեմատական է Հայաստանի անվտանգային խնդիրների հետ. Ռուբեն Մելքոնյան

«Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հետևանքները Արցախի վրա. սցենարային զարգացումներ» խորագրով քննարկման ժամանակ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, արևելագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով թուրքական իշխանությունների՝ Ղարաբաղյան գործընթացում ընդգրկվելուն ուղղված քայլերին՝ ասաց, որ Թուրքիան 1991 թվականից քայլեր է ձեռնարկել այդ գործընթացում ընդգրկվելու համար՝ թե՛ ռազմական բաղադրիչով, թե՛ քաղաքական-դիվանագիտական բաղադրիչով:

Ըստ Մելքոնյանի՝ ռուս-թուրքական հարաբերություններում, Թուրքիայի ընկալմամբ, պարտադիր կա հայկական բաղադրիչ:

«Թուրքիան ապակառուցողական երկիր է, կոնֆլիկտոգեն երկիր է: Եվ նրա ընդգրկվածությունն այս հարցում, բնականաբար, եթե ավելի մեծ քաղաքականության տեսանկյունից կարող ենք ձևակերպել՝ որպես ներթափանցում տարատեսակ կոնֆլիկտների մեջ, ապակառուցողական քայլ, ապա Հայաստանի, հայության համար դա ունի ուղղակի անվտանգային կարևոր բաղադրիչ: Այսինքն՝ նրա գործունեությունը, գործելաոճն ուղիղ համեմատական է Հայաստանի անվտանգային խնդիրների հետ: Եվ այս հարցերն իրոք պետք է լինեն մասնագիտական կարևոր ուշադրության ներքո, և այս հարցերում պոպուլիստական կամ ամբոխահաճո կամ հոխորտանքներով լի մոտեցումները, ըստ էության, տեղ չունեն, որովհետև սա վերաբերում է լիովին այլ ոլորտի, և այստեղ այդ մոտեցումները կարող են ունենալ կործանարար հետևանքներ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Արևելագետի խոսքով՝ Թուրքիայի անվտանգության կոնցեպտում միշտ կա մեկ ու կես պատերազմ մոդելը: Կես պատերազմը վերաբերում է քրդերին և համարվում է ներքին, իսկ մեկ պատերազմն ուղղված է հարևան երկրներին, ու այդ մեկ պատերազմի թիրախում, Ռ. Մելքոնյանի խոսքով, Հայաստանը միշտ ունի իր կայուն բարձր դիրքը:

«Թուրքիայի անվտանգության հայեցակարգում ամեն տարի քննարկվում է պատերազմ Իրաքի դեմ, Սիրիայի դեմ, Հունաստանի դեմ, Բուլղարիայի դեմ, այդ թվում և՝ Հայաստանի դեմ: Եվ դա ամեն տարի վերլուծվում, թարմացվում և դիտարկվում է աշխարհաքաղաքական զարգացումների ծիրում: Այսինքն՝ այդ փաստաթղթի բացահայտումը հայ հասարակության մեջ որոշակի անհանգստություն առաջացրեց, բայց դա, կարծում եմ, շատ ուշացած անհանգստություն է, որովհետև Թուրքիայի պարագայում Հայաստանի դեմ սպառնալիքը ոչ թե անակնկալ պետք է լինի հայ հասարակության համար կամ պետական կառույցների համար, այլ դա տրիվիալ ճշմարտություն է, որովհետև Թուրքիան, սկսած հայ ազգի անկախացումից, ամեն տարի իր ռազմավարության մեջ դիտարկում է Հայաստանի դեմ պատերազմը, և հիմա արդեն 2016 թվականից հետո կարող է կյանքի կոչել միջնորդավորված, իր փոքր եղբոր՝ Ադրբեջանի միջոցով»,- ասաց Ռոբեն Մելքոնյանը:

Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ՝ Արցախյան հարցում ներգրավվելուն ուղղված թուրքական կողմի ակտիվացումը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ Թուրքիան ցանկանում է սիրաշահել Ադրբեջանին, երկրորդը՝ ռուս-թուրքական օրակարգում ներառելով Թուրքիան փորձում է որոշակի  անհարմարություն պատճառել Ռուսաստանին:

«Օրակարգում ընդգրկելով Արցախի հարցը՝ Ռուսաստանի պարագայում դա դառնում է զգայուն առնվազն երեք առումով: Առաջին՝ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկիր է, երկրորդ՝ Ռուսաստանը Հայաստանի դաշնակից երկիր է, և երրորդ՝ Ռուսաստանը իրոք տարածաշրջանային գերտերություն է, որը մասնակցում է և պատասխանատվություն ունի այս տարածաշրջանում կոնֆլիկտների պարագայում, և ակտիվացնելով այս կետը, բնականաբար, Թուրքիան հետապնդում է իր համար որոշակի քաղաքական և այլ նպատակներ»,- ասաց արևելագետը:

Խոսքն ավարտելով՝ Ռուբեն Մելքոնյանը հռետորական հարց հնչեցրեց՝ անդրադառնալով ապակառուցողական Թուրքիայի՝ Հայաստանի դեմ իրականացվող հնարավոր քաղաքականությանը:

«Ի՞նչն է զսպում Թուրքիային սադրիչ կամ հարձակողական գործողություններ իրականացնել Հայաստանի նկատմամբ, որի ցանկությունն ու հնարավորությունը ունի, և արդյոք դա չպե՞տք է լինի մեզ համար զգաստացնող հանգամանք՝ մեր քաղաքական քայլերը՝ արտաքին ու ներքին, բխեցնել բացառապես Հայաստանի ու հայության անվտանգության շահերից, որովհետև մնացած բոլորը ստորադաս նպատակներ են: Մենք ունենք հարևան, որն իր գործունեությամբ և գործելակերպով  ապացուցել է իր ապակառուցողական բնույթը և հարձակողական բնույթը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս