«Եթե որևէ մեկը «դաբրո» է ստանում Հայաստանից՝ դա բավարար չէ, որ արցախցին հենց դրանով առաջնորդվի ընտրություն կատարելիս». քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախում սպասվող համապետական ընտրություններին, դրանցում նկատվող ինտրիգներին՝ նախորդների տարբերությամբ, և Արցախի նախագահի թեկնածուների հնարավորություններին:

– Խոսելով տարբերություններից, պետք է նկատել, որ դրանք նախևառաջ պայմանավորված են հայաստանյան փոփոխություններով և իշխանափոխությամբ: Նախորդ ընտրությունների համեմատ՝ դա է առաջին տարբերությունը, քանի որ մինչև հիմա, կարելի է ասել՝ ՀՀ-ի և Արցախի իշխանական համակարգերը մեկ հարթության մեջ էին, այսինքն՝ մեկ իշխանական համակարգի երկու բաղկացուցիչ մասեր էին: Իսկ 2018-ի հայաստանյան իշխանափոխությունից հետո, կարծում եմ, բոլորիս էլ պարզ է՝ արդեն այդպես չէ: Երկրորդ՝ մարտի 31-ին առաջին անգամ տեղի կունենան և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններ: Իսկ սա այն առանձնահատկությունն է, որն ազդելու է թե առաջին, և թե երկրորդ ընտրության վրա:

Այսինքն, ըստ էության, այդ օրը սկսվելու է Արցախի ամբողջ իշխանական բուրգի վերաֆորմատավորումը, որից էլ բխելու են կադրային կարևոր նշանակումներ: Եվ սրանով է պայմանավորված լինելու որոշ քաղաքական ուժերի մարտավարությունը, քանի որ, երբ երկու ընտրություն է տեղի ունենում, որին մասնակցում են նույն քաղաքական գործիչների ղեկավարած քաղաքական ուժերը, ապա դա որոշակի մանյովրների հնարավորություն է ստեղծում, որովհետև քաղաքական պրոցեսի ընթացքում կարող են լինել՝ ինչպես երևացող, այնպես էլ՝ չերևացող բանակցություններ, պայմանավորվածություններ, տարբերակների քննարկումներ՝ նախագահական ընտրությունների առաջին փուլում, և, եթե երկրորդ փուլի հնարավորություն կա, ապա՝ նաև դրա շուրջ: Երրորդ՝ Արցախի համար աննախադեպ է թեկնածուների և քաղաքական ուժերի թիվը և՛ նախագահական ընտրությունների դեպքում, և՛ խորհրդարանական. գրանցված է նախագահի 14 թեկնածու, խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և 2 դաշինք:

– Որքանո՞վ է հնարավոր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, և ովքե՞ր են լինելու այստեղ մրցակիցները, քանի որ ժամանակ առ ժամանակ քաղաքագիտական կանխատեսումներում երկրորդ և երրորդ տեղերում հնարավոր հայտնվողների անունները փոխվում են. մեկ երկրորդ տեղում Վիտալի Բալասանյանն է, մեկ՝ Մասիս Մայիլյանը:

Այս պահի դրությամբ՝ 4 թեկնածուի միջև է ընթանում և ընթանալու հիմնական պայքարը և ինտրիգը՝ Արայիկ Հարությունյան, Վիտալի Բալասանյան, Մասիս Մայիլյան, Աշոտ Ղուլյան թեկնածուների միջև: Հիմա դժվար է դեռ միանշանակ ասել՝ ով է երկրորդը, ով՝ երրորդը, չորրորդը, քանի որ քարոզչական կամպանիայից շատ բան է կախված. եթե համարենք, որ Արայիկ Հարությունյանը վաղուց սկսելով կամպանիան և լինելով ռեսուրսային թեկնածու, կարող ենք ասել, որ առաջ է ընկած, համենայնդեպս, նման տպավորություն կարող է լինել, քանի որ հայտնի չէ որևէ սոցհարցում, որը կարող ենք հիմք ընդունել, ապա մնացած թեկնածուները լավ աշխատանքի դեպքում հույս կարող են ունենալ, որ հնարավոր է՝ լինի երկրորդ փուլ, և հենց իրենք հայտնվեն այդտեղ:

Պետք է նշել, որ Արցախի մեծաքանակ թեկնածուների շարքում կան «դվայնիկներ» այլ թեկնածուների, և զուտ նրա համար են մասնակցում, որպեսզի փոշիացնեն նրանց հնարավոր մրցակիցների ձայները: Սա քաղաքական տեխնոլոգիա է, և նորմալ է, և այս պարագայում չի բացառվում, որ մնացած երեք թեկնածուները կարող է վիճակագրական անճշտության սահմանում լինեն՝ 2-4 տոկոսի մեջ:

Դրա համար այսօր դեռ չէի ասի, թե ով կլինի երրորդը, չորրորդը, հատկապես, երբ նախընտրական քարոզարշավը դեռ նոր է սկսվել, և դեռևս ամեն ինչ հանգիստ է ընթանում. թե նախագահի թեկնածուները, և թե խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը տրամադրված են ներկայացնել սեփական ծրագրերը և տեսակետները՝ հետևելով, թե ինչպես են իրենց պահում մրցակիցները:

Բայց ես վստահ չեմ, որ քարոզարշավի միջնամասում կամ վերջնահատվածում ամեն ինչ այսպես հարթ կանցնի, որովհետև նախընտրական քարոզարշավի ընթացքում սովորաբար դեպքերը շիկանում են, և շատ բան կախված է լինում նրանից, թե որքանով են թեկնածուները գոհ լինում ընթացքից: Այսինքն՝ չեմ բացառում, որ ինչ-որ պահի կսկսվի ավելի սուր պայքար, այդ թվում՝ «սև փիարի» կիրառմամբ: Իհարկե, հիմա էլ տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ տեղեկատվական արտահոսքեր են լինում, մասնավորապես, տեսանք, որ Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի հետ կապված եղավ, որ ՌԴ նրանց մուտքն արգելվել է: Այս տեղեկատվական արտահոսքերն ակնհայտորեն ցույց են տալիս, որ պայքարը հետագայում կարող է ավելի սուր բնույթ ունենալ, այդ թվում՝ քարոզչական ոլորտում:

– Ընտրությունների ֆոնին չերևացող կամ գուցե երևացող պայքար կա՞ զինվորականության շրջանում, որովհետև կարծես թե բաժանում կա. ոմանք Վիտալի Բալասանյանի կողքին են, ոմանք՝ Սամվել Բաբայանի:

– Իհարկե, կարող եմ այդպիսի բան կանխատեսել, որովհետև եթե չկա հստակ հրահանգ ռազմաքաղաքական էլիտայում, թե ում համար պիտի աշխատի, որին նա սովոր է, ապա կարող են լինել խմբեր, անհատներ, որոնք կարող են տարբեր կողմնորոշումներ, պատճառներ ունենալ այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք ունեն ռազմական անցյալ: Սա ես չեմ բացառում և կարծում եմ՝ սրա ականատեսը կլինենք: Այնպես որ, այստեղ զարմանալի որևէ բան չկա, ի վերջո, մենք այս կամ այն քաղաքական ուժի ԱԺ ցուցակներում էլ ենք տեսնում, որ կան հայտնի զինվորականներ, և այդ ուժերն ունեն թեկնածու նաև նախագահական ընտրություններում:

– ԼՂ հարցը ՀՀ-ում և Արցախում ընտրությունների ժամանակ որոշիչ դեր ունի, և եթե ՀՀ-ի դեպքում դիրքորոշումային տարբերություններն ակնհայտ շեշտադրված են լինում, Արցախի «գլխավոր» թեկնածուներից արդեն հստակ նշել են՝ դեմ են մադրիդյան սկզբունքներին:

– Ես չէի ասի, որ բոլորի տեսակետներն Արցախի հարցի շուրջ միանշանակ են: Մասնավորապես, եղել են մի շարք հայտարարություններ Վիտալի Բալասանյանի կողմից, օրինակ, փախստականների վերաբնակեցման համատեղ բնակավայրեր ստեղծելու մասին: Եվ այս դեպքում ասել, որ Վիտալի Բալասանյանի դիրքորոշումը համընկնում է շատ-շատերի դիրքորոշման հետ, երևի թե չի կարելի: Համենայնդեպս, Վիտալի Բալասանյանի դիրքորոշումը տարբերվում է, իհարկե, մնացածների դեպքում էլ միմյանց հետ միանշանակ համընկնում չկա: Մյուս կողմից՝ Արցախի խնդրում տարբերակներն այդքան շատ չեն, որ տարբեր մոտեցումների մասին խոսենք. այս տարիների ընթացքում բոլոր տարբերակները քննարկվել են, և կամ մերժվել են, կամ մեծ վերապահումներով ընդունվել են:

Եվ հետո Արցախում գտնել մի մարդու, որն ունենա բացարձակ պարտվողական կուրս, դա միամտություն է: ՀՀ-ում դա կարող է լինել, բայց Արցախի քաղաքական իսթեբլիշմենթում, իհարկե, նման բան չի կարող լինել: Այլ հարց է՝ կան նյուանսային տարբերություններ, նույն Վիտալի Բալասանյանի դիրքորոշման շուրջ արդեն ասացի. այն կտրուկ տարբերվում է այսօրվա հայաստանյան քաղաքական ղեկավարության որդեգրած կուրսից, որի մասին ինքը մի քանի անգամ հայտարարել է: Կարծում եմ՝ Արցախում հիմնական տարաձայնությունը, չափանիշը, որի շուրջ տեղի է ունենալու ընտրությունը, այնուամենայնիվ, ոչ թե Արցախի հարցի հետ կապված է, այլ մարդիկ այս անգամ հնարավորություն ունեն ընտրելու իրենց հոգեհարազատ մարդուն. կան թեկնածուներ, որոնք աջակցում են այսօրվա ՀՀ-ի քաղաքական կուրսին, կա թեկնածու՝ քննադատում է այդ կուրսը, կա Աշոտ Ղուլյան, որը, ես կարծում եմ, ավելի կենտրոնամետ է և փորձում է բալանսի բերել այդ ծայրահեղ մոտեցումները:

– ՀՀ իշխանությունների թեկնածու ակնհայտորեն կա՞ նրանց մեջ, թե՞ ճիշտ չէ նման որակումը կամ փնտրտուքը:

– ՀՀ իշխանությունները, բնականաբար, անուններ չեն տվել, բայց վարչապետը շեշտադրումներ արեց, որ ՀՀ իշխանության համար անընդունելի են այն թեկնածուները, որոնք բացասաբար են վերաբերվել ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխական գործընթացներին, փոփոխություններին: Այս դեպքում ևս անուն չի տրվում, բայց ենթադրվում է, թե ում մասին է, թաքցնելու բան չկա, դա ամիսների պատմություն է: Ինչ վերաբերում է հայաստանյան ֆավորիտներին, ապա դարձյալ բացահայտ չի ասվում, բայց որոշ թեկնածուներ՝ Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը, երբեմն իրենց հայտարարություններով, գնահատականներում, քարոզչական ռեսուրսների միջոցով փորձում են մրցել այդ հարցում, թե ով է վայելում ՀՀ իշխանությունների աջակցությունը:

Թե որքանով է դա միանշանակ համապատասխանում իրականությանը, բայց, համենայնդեպս, նման ցանկություն որոշ թեկնածուներ Արցախում ունեն: Իմանալով արցախյան բնակչության մենթալիտետը, միանշանակ չէի պնդի՝ եթե որևէ մեկը «դաբրո» է ստանում ՀՀ-ից, ապա դա բավարար է, որ արցախցին հենց դրանով առաջնորդվի ընտրություն կատարելիս: Այսինքն՝ խաղադրույքը դնել միայն այդ փաստի վրա, բավարար չէ: Իհարկե, ցանկալի փաստ է, քանի որ ոչ մեկը չի ուզենա ՀՀ ղեկավարության հետ վատ հարաբերություններ ունենալ, պրագմատիկ առումով դա նույնիսկ անընդունելի է, բայց կրկնում եմ՝ բավարար չէ ձայներ ստանալու համար:

Տեսանյութեր

Լրահոս