Իրանը ջանում է կանխել իրադարձությունների վտանգավոր զարգացումը ՄԱԳԱՏԷ-ում
Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ-Աբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փորձում են ճնշում գործադրել Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) համագործակցության վրա, բայց Իսլամական Հանրապետությունը մտադիր է կանխել իրադարձությունների վտանգավոր զարգացումը։
«ԱՄՆ-ը եւ Իսրայելը ջանում են խախտել գործակալության եւ Իրանի կապերն ու համագործակցությունը՝ ճնշում գործադրելով գործակալության վրա, որպեսզի նա թողնի իր կանոնադրային պարտականությունները»,-մշտական ներկայացուցչի խոսքը մեջբերել է IRIB հեռուստառադիոկորպորացիան իր Telegram-ալիքում: Աբադին հավելել է, որ Իրանը պարտավոր չէ կատարել գործակալության այն պահանջները, որոնք պայմանավորված են այլ երկրների, այդ թվում՝ Իսրայելի, լրտեսական տվյալներով: Նա նշել է, որ Իրանը ջանում է կանխել իրադարձությունների վտանգավոր զարգացումը ՄԱԳԱՏԷ-ում:
Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ կազմակերպության հետ համագործակցությունից Իրանի հրաժարումը կարող է հանգեցնել հերթական ճգնաժամի: «Մենք խնդրեցինք որոշ տվյալներ եւ (որոշակի տեղեկություններ) ստանալու հնարավորություն, սակայն չստացանք պահանջվող տեղեկատվությունը»,- ասել է Գրոսին Reuters գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Իրանի գործողությունները ՄԱԳԱՏԷ-ին զրկում են իր աշխատանքը կատարելու հնարավորությունից: Նա հույս է հայտնել, որ Իրանը «կանսա միջազգային հանրակցության ձայնին» եւ կկատարի իր պարտավորությունները:
«Մենք ճգնաժամի կհասնենք (եթե Իրանը հրաժարվի համագործակցել մեզ հետ)»,- հավելել է գործակալության ղեկավարը: Մարտի 3-ին AFP գործակալությունը տեղեկացրել է ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած զեկույցի մասին, որում նշվում է, որ Իրանում հարստացված ուրանի ծավալն ավելի քան հնգապատիկ գերազանցում է այն սահմանաքանակը, որը որոշված է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանով: Փետրվարի 19-ին երկրում հարստացված ուրանի պաշարները հասել են 1510 կիլոգրամի, մինչդեռ գործարքով որոշված սահմանափակումը կազմում է 300 կիլոգրամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: