«Հիվանդի նկատմամբ իրականացվում է խոշտանգում և դաժան վերաբերմունք». Փաստաբան
Հունվարի 15-ին ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Նա մի քանի ամիս գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։
Խափանման միջոցը փոխվելուց շաբաթներ անց Գրիգորյանն իր կամքով դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն փետրվարի 26-ին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր, և նա կրկին տեղափոխվել էր հիվանդանոց։
168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը մինչև օրս գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
«Տեղեկացնեմ, որ մեկ տարուց ավելի գտնվելով ստացիոնար բուժման մեջ՝ բժշկական կենտրոնում, շրջապատված լինելով բազմաթիվ բժիշկներով ու թանկարժեք դեղամիջոցներով, այդուհանդերձ բժիշկները փաստեցին, որ հիվանդություններն ավելանում են, արդյունքում՝ Մանվել Գրիգորյանը դարձավ անդամալույծ։ Այդ հիվանդությունները վերաբերում էին ոչ թե հիմնական հիվանդություններին, մասնավորապես՝ դիաբետին և թոքի քաղցկեղին, այլ վերաբերում էին ուղեկցող հիվանդություններին, որոնք ավելի վտանգավոր դարձան, և բժիշկները փաստեցին, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Այս ամենը բարձրաձայնեց նրան վիրահատող և բուժող բժիշկը, որ անհրաժեշտ է, որպեսզի նա բուժումը ստանա արտերկրում, մասնավորապես՝ այն կլինիկայում, որտեղ տարիներ առաջ վիրահատվել էր, քանի որ այլևս հնարավոր չէ դա կազմակերպել Հայաստանում։ Նման պայմաններում լիազոր մարմինները՝ վարույթ իրականացնող մարմինը, ի դեմս դատարանի, արգելք են հանդիսանում նրա տեղափոխմանը, սա հերթական դաժան վերաբերմունքն է հիվանդի նկատմամբ»,- նշեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ առողջական վիճակի վատթարացման հետ կապված՝ Մանվել Գրիգորյանը դարձել է անդամալույծ՝ բխող բոլոր իրավական և բացասական հետևանքներով։
Լևոն Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը հիմնական բուժումը ստանում է «Նաիրի» ԲԿ-ում, և երկար ժամանակ գտնվելով հիվանդանոցում՝ նրա հիվանդություններն ավելացել են, ուստի նման պայմաններում ուղղակի անիմաստ է շարունակել բուժումը, դրա մասին մի քանի անգամ իրենք արդեն բարձրաձայնել են։
«Բժշկական կենտրոնից Մանվել Գրիգորյանին դուրս չեն գրում, բայց հիվանդն ինքն է որոշում՝ շարունակե՞լ բուժումը, թե՞ ոչ։ Ապահովագրելով իրեն՝ ԲԿ-ն փաստաթուղթ է ստորագրել տալիս, որ առողջական վիճակի վատթարացման պատասխանատուն հիվանդն է և նրա հարազատները։ Այսինքն՝ հաշվի առնելով հիվանդության ծանր աստիճանը, Գրիգորյանը ԲԿ-ից դուրսգրման ենթակա չէ, բայց այնքանով, որքանով հիվանդն ինքն է որոշում՝ շարունակի՞ բուժումը, թե՞ ոչ, նման պայմաններում ընդունված կարգ է դա՝ ստորագրել են տալիս փաստաթուղթ, որ, եթե հիվանդը չի ցանկանում շարունակել բուժումը, ապա հիվանդության սրման ողջ պատասխանատվությունը դրվում է նրա վրա»,- ընդգծեց Լևոն Բաղդասարյանը։
Նա նաև հավելեց, որ նախկինում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել էր, որ առաջնահերթ կարգով պետք է քններ Մանվել Գրիգորյանի գործը՝ հաշվի առնելով նրա առողջական խնդիրները, սակայն վերջինիս խափանման միջոցը փոխելուց հետո ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել, որ գործն առաջնահերթությամբ չի լսի։