«ՊԵԿ-ին հարցրեք, թե ինչո՞ւ է այս հարցը մնացել օրակարգում. նա նույնն է մնացել». Արթուր Սաքունցը՝ ՀԿ-ների օրենքի մասին
Դեռևս 2019թ. դեկտեմբերին Կառավարությունը հավանության արժանացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ բոլոր հասարակական կազմակերպությունները պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացնեն: Նախագիծը ներկայացրել էր Պետական եկամուտների կոմիտեն:
Օրենքի այս նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որին մասնակցում էին մի շարք հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ օրենքի այս նախագծով հասարակական կազմակերպությունների դիմաց հաշվետվողականության պահանջ են դնում, ինչը, ըստ նրա, միավորումների ազատությունը սահմանափակելու փորձ է:
«Մեզ համար զարմանալին այն է, որ այս նախագիծը վաղուց է առաջարկվել՝ մինչև հեղափոխությունը, և չեմ հասկանում, թե ինչ հանգամանքների ու շարժառիթների արդյունքում է նորից հայտնվել սեղանի վրա: Իհարկե, մենք հիմնավորումները հրապարակել ենք, և կարևորն այն է, որ ամեն ինչ քննարկվում է՝ հասկանալու համար, թե ինչի հետ գործ ունենք:
ՊԵԿ-ի ներկայացուցչի դիրքորոշմամբ՝ ձգտում են հասնել հասարակական կազմակերպությունների գործունեության հաշվետվողականությանը, թափանցիկությանը, բայց դա ընդհանրապես պետության խնդիրը չէ: Այն պահանջը, որը վերաբերում է հանրային ռեսուրսները տիրապետողին, չի կարող վերաբերել հասարակական կազմակերպություններին: Եթե կասկածում են, որ հասարակական կազմակերպությունները ֆինանսական միջոցները կարող են ստանալ ահաբեկչական, թմրամիջոցների կամ քրեական ինչ-որ բաների համար, ապա այդ ամենը հասկանալու համար կան անհրաժեշտ բոլոր միջոցները: Շատ տարօրինակ է, որ ՀԿ-ներից պետք է պահանջեն հաշվետվողականություն, որի հիման վրա կփորձեն նրա կողմից հնարավոր խախտումների դեմ պայքարել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:
Ըստ նրա, այսպես թե այնպես, ՀԿ-ները թափանցիկ են գործում:
«Քաղաքացին իրավունք ունի կատարելու ցանկացած գործողություն, որն օրենքով արգելված չէ, բայց եթե օրենքով արգելված արարք է կատարում, ապա դա արդեն իր պատասխանատվության խնդիրն է, և պետությունը պետք է փորձի դրա դեմ պայքարել, այլ ոչ թե մեզանից ճշտի, թե առավոտյան արթնանալուց հետո ո՞ւմ հետ ենք խոսել, ո՞ւմ հետ ենք գնացել, և այլն: Հետո մեզ կասեն, թե գիտե՞ք՝ սա ինչու ենք պահանջում, քանի որ բնակարանային գողությունները շատացել են, հնարավոր է՝ խոսակցության ընթացքում պայմանավորվածություն ունենք այս կամ այն բանը կատարելու: Հաշվետվողականության պահանջն ամբողջությամբ միավորումների ազատության խախտում է»,- հավելեց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ նամանատիպ նախագիծ այս օրերին քննարկվում է նաև Ղրղըզստանում, և նման նախագծերի քննարկումներից են գործընթացներ սկսվել Ռուսաստանում, Ադրբեջանում, ուստի նման նախագծով ուզում են հասարակական միավորումներին սովորեցնել, որ դառնալու են կառավարելի:
«Միավորումների ազատությունը չի կարող սահմանափակվել նման անհամաչափ պահանջներով: Խնդիրն այն է, որ վերահսկման այն միտումը, որը մինչև հեղափոխությունը կար, դրա տրամաբանական շարունակությունն այսօր անհեթեթություն է, ՊԵԿ-ին հարցրեք, թե ինչո՞ւ է այս հարցը մնացել օրակարգում, որովհետև նա նույնն է մնացել»,- ասաց նա: