«Ամենասուր հարցը մնում է ԼՂ մեր հայրենակիցների իրական անվտանգությունը, որից բխում է կարգավիճակի խնդիրը». Զոհրաբ Մնացականյան

«Հիմքեր չենք տվել ենթադրելու, որ անվտանգությունը և կարգավիճակը տարանջատված են»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած մյունխենյան սկզբունքներին, դրա շրջանակում ինքնորոշման իրավունքի կարևորությանը և Մյունխենում Փաշինյան-Ալիև հրապարակային դեբատին:

Հարցին, թե արդյո՞ք ազգերի ինքնորոշման հարցը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հայկական դիրքորոշման մեջ երկրորդ պլան է մղվել կամ կորցրել իր արդիականությունը՝ Մնացականյանը պատասխանեց, որ բոլոր նրանք, ովքեր հետևում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, վստահաբար, չեն առաջնորդվում ինչ-որ առանձին վերցրած հանգամանքով, այլ գործընթացը դիտարկում են համապարփակության մեջ: Ուստի նախարար Մնացականյանը կարդաց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայի ԵԱՀԿ նախարարական ժողովում ունեցած ելույթի հետևյալ հատվածը.

«Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը՝ ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչն արտահայտվեց նաև 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայով. այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը»։

Նա հիշեցրեց, որ սա հնչեցվել է ընդամենը երկու ամիս առաջ Բրատիսլավայում, և սա առաջին անգամ չի հնչեցվել, սա կարևորագույն տարր է մեր ամբողջ մոտեցման և դիրքորոշման մեջ, որը վերաբերում է ԼՂ խաղաղ կարգավորմանը:

Նա նշեց, որ առիթ չեն տվել կասկածելու, որ անվտանգությունը և կարգավիճակը միմյանցից տարանջատված են:

Ինչ վերաբերում է Մյունխենյան սկզբունքներին, Մնացականյանն ասաց, որ Մյունխենում չի ասվել որևէ բան, որը վերաձևավորում է մեր դիրքորոշումը:

«Դրանք համալրում են մեր մոտեցումները»,- ասաց Մնացականյանը:

Նրա որակմամբ՝ մեր դիրքորոշումը մնում է կայուն, մյունխենյան սկզբունքները համալրում են այն մոտեցումները, որոնք կայուն են և ունեն իրենց արտահայտությունը բոլոր հնարավոր ձևաչափերում և ձևերում:

Մնացականյանի խոսքով՝ Մյունխենում առաջին անգամ չէր, որ խոսվեց, թե ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, որը նշանակում է՝ փոխզիջում, ճանապարհ, որն ունի երկու ուղղություն, միակողմանի զիջումներ չեն կարող լինել:

«Ամենասուր հարցերը մնում են ԼՂ մեր հայրենակիցների իրական անվտանգությունը, որից բխում է կարգավիճակի խնդիրը: Խնդրում եմ չխառնել, որ մեկը մյուսից տարանջատված է, համալրում է, արտահայտում է այն դիրքորոշումները, որոնք ձևավորված են Հայաստանի կողմից և որոնց շուրջ աշխատում ենք ՄԽ շրջանակներում»,- ասաց Մնացականյանը:

Տեսանյութեր

Լրահոս