«Սահմանադրական փոփոխությունների հարցով Վենետիկի հանձնաժողովին չդիմելը, կարծում եմ՝ պետք է լինի բացառիկ պրակտիկա». Սուրեն Գրիգորյան
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, իր կոշտ գնահատականն է տվել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին։
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ որքան հնարավոր է շտապ դիմել և դիտարկել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»։
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ Վենետիկի հանձնաժողով չդիմելու պատճառներին, ինչպես նաև Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Էդմոն Մարուքյանի կարծիքին, թե՝ հանրաքվեն ծայրից ծայր հակասահմանադրական է։
«Ես պարոն Մարուքյանի հետ քննարկում չեմ ունեցել, նրա կարծիքի հետ արմատապես համաձայն չեմ։ Կարծում եմ, երբ առհասարակ խոսում ենք հանրաքվեի մասին, ասենք, որ այն հակասում է Սահմանադրությանը, մի Սահմանադրություն, որի անփոփոխ 2-րդ հոդվածով նախատեսված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և այդ իշխանությունն իրացվում է հանրաքվեների միջոցով։ Կան իրավիճակներ, երբ որպեսզի բանավիճես դիմացինիդ հետ և նրան ինչ-որ բան համոզես, պետք է ինչ-որ ելակետերի շուրջ համաձայն լինեք և առանձին դետալների շուրջ համաձայն չլինեք, այս դեպքում ամեն ինչի հիմքում այնքան հիմնարար անհամաձայնություն կա, որ ես առահասարակ բանավեճի պերսպեկտիվան բավականին ցածր եմ գնահատում»,- նշեց պատգամավորը։
Ըստ Սուրեն Գրիգորյանի՝ առանձին քննարկում են ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ: Գրիգորյանի խոսքով՝ արդյունքում տեղի է ունեցել այն, ինչ լինում է 10 բանավեճերից 9-ում՝ յուրաքանչյուրը մնում է իր կարծիքին։
Պատգամավորը նաև հավելեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նշում է, որ սա սխալ ճանապարհ է, սակայն ճիշտ ճանապարհն առարկայական չի ասում։
Ինչ վերաբերում է ԵԺԿ-ի հայտարարությանը, Սուրեն Գրիգորյանը նշեց, որ դրան ծանոթ չէ. «Իսկ Սահմանադրական փոփոխությունների հարցով Վենետիկի հանձնաժողովին չդիմելը, կարծում եմ՝ պետք է լինի բացառիկ պրակտիկա. սա բացառիկ իրավիճակ է, մենք բազմիցս ասել ենք, թե ինչու է բացառիկ, մեկի համար մեր փաստարկները կարող են համոզիչ թվալ, մյուսների համար՝ ոչ։ Բայց մենք շարունակում ենք աշխատանքը Վենետիկի հանձնաժողովի հետ, երեկ էլ Արդարադատության նախարարը հեռախոսազրույց է ունեցել հանձնաժողովի նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոյի հետ»,- շեշտեց Սուրեն Գրիգորյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում