Բաժիններ՝

ԱՄՆ-ում քննադատել են Վրաստանի իշխանություններին Թբիլիսիի նախկին քաղաքագլխի նկատմամբ դատավճռի համար

Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ, «Եվրոպական Վրաստան- շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավային բանտարկության դատապարտելու Վրաստանի Գերագույն դատարանի վճիռը քաղաքականապես պատճառաբանված բռնություն է ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ: Այդ մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Ջիմ Ռիշը փետրվարի 11-ին գրել է Twitter-ի պաշտոնական էջում։

«Ես հիասթափված եմ այն բանից, որ Վրաստանը որոշեց ուժեղացնել քաղաքականապես պատճառաբանված բռնությունը ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Ինչպես անցյալ շաբաթ ես ասացի Վրաստանի արտաքին գործերի նախարարին, անկախ դատական մարմինների քայքայումը եւ ընդդիմության հետապնդումն անընդունելի գործելակերպ է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ուգուլավայի ձերբակալմանն արձագանքել է նաեւ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից կոնգրեսական Ադամ Քինզինգերը, որն այդ որոշումը որակել է ոչ ժողովրդավարական քայլ:
Վրաստանի իրավապահ մարմինները նախօրյակին կալանքի տակ են առել Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավային այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը նրան մեղավոր է ճանաչել ավելի քան 48 միլիոն լարիի (17 միլիոն դոլարի) վատնման գործով:

Գործը, որի համար Վրաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքագլուխը դատապարտվել է բանտարկության, վերաբերում է Թբիլիսիիի Զարգացման հիմնադրամից 48 միլիոն լարիի վատնմանը: Այդ փողը, դատախազության տվյալներով՝ 2011 – 2012 թվականներին ծախսվել է այդ ժամանակաշրջանում կառավարող «Ազգային միասնական շարժում» կուսակցության համակարգողների ֆինանսավորման համար: Այն ժամանակ Ուգուլավան կուսակցության անդամ էր:

Ընդդիմությունն արդեն դատավիճիռը որակել է քաղաքական եւ հայտարարել ընտրական բարենորոգման շուրջն իշխանության հետ բանակցությունների դադարեցման մասին, ինչպես նաեւ սպառնացել է բողոքի ընդգրկուն ակցիաներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս