Բաժիններ՝

«Բարձրաձայնելու ենք այն հարցը, թե ո՞րն է ապրելու նպատակը և ի՞նչ է պետք անել աշխարհն ավելի լավը դարձնելու համար». Արմեն Էլբակյան

Դերասան, բեմադրիչ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանն իր ստեղծագործական կյանքում աշխատել է մի շարք թատրոններում, բեմադրել թատերասերների և քննադատների բարձր գնահատականներին արժանացած բազմաթիվ ներկայացումներ, սիրել իր աշխատանքն ու հավատարիմ մնացել իր մասնագիտական սկզբունքներին:

Արմեն Էլբակյանը, որն այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, փետրվարի 11-ին նշում է ծննդյան 66-ամյակը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ստեղծագործելիս մշտապես կարևորում է ասելիքը, այն, ինչ ցանկանում է հաղորդել մարդկանց, շարժառիթը: «Էական է այն, թե գրական ո՞ր ստեղծագործության միջոցով, ո՞ր պիեսով ես անդրադառնում մարդկանց հուզող հարցերին, փորձում արծարծել խնդիրներ, որոնք համահունչ են մեր իրականությանը: Դրանով է պայմանավորված գեղարվեստական այս կամ այն գործի ընտրությունը»,-շեշտեց նա:

Արմեն Էլբակյանը մի քանի ամիս առաջ թատերասերների դատին հանձնեց «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը, որը կարճ ընթացքում բազմաթիվ դրական արձագանքների արժանացավ: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը խոստովանեց, որ նոր ծրագրերը շատ են, բայց չի ցանկանում բացել փակագծերը, քանի որ աշխատանքները դեռ ընթանում են: «Մանրամասներ չեմ հաղորդի, բայց կասեմ, որ բարձրաձայնելու ենք այն հարցը, թե ո՞րն է ապրելու նպատակը և ի՞նչ է պետք անել աշխարհն ավելի լավը դարձնելու համար»,-նշեց Էլբակյանը:

Բեմադրիչի խոսքով՝ ստեղծագործական գործունեությունից զատ չափազանց կարևոր է ընտանիքի դերը. այն աշխարհի փոքր մոդելն է: «Ընտանիքում անհրաժեշտ է պահպանել բարոյականությունը, խաղաղությունն ու ներդաշնակությունը: Ես շատ եմ ցանկանում, որ բոլոր հայ ընտանիքները լինեն ազնիվ: Ուզում եմ, որ ընտանիքի մեծերն իրենց փոքրիկներին փոխանցեն այն բարոյական արժեքները, որոնք ստացել ենք Աստծուց»,-եզրափակեց Արմեն Էլբակյանը:

Արմեն Էլբակյանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 11-ին Երևանում: Նա բեմադրություններ է արել Մայր թատրոնում, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոեմդիայի պետական, Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի, Երևանի խամաճիկների պետական, Պատանի հանդիսատեսի և այլ թատրոններում: Խաղացել է «Ատամնաբույժն արևելյան», «Քանդած օջախ», «Ծիրանի ծառ», «Ջոն արքա», «Խաչմերուկ», «Ծաղրածուն» և բազմաթիվ այլ բեմադրություններում:

Արժանացել է տարբեր մրցանակների:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս