«Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք, ոչ մի առնչություն չունի արդարադատության հետ». Գիգի Ուգուլավա
Վրաստանի իրավապահ մարմինները կալանքի տակ են առել Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավային այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը նրան մեղավոր է ճանաչել ավելի քան 48 միլիոն լարիի (17 միլիոն դոլարի) վատնման գործով: Փետրվարի 10-ին Ուգուլավայի ձերբակալման կադրերն ուղիղ եթերով ցուցադրել է Վրաստանի «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
«Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք, ոչ մի առնչություն չունի արդարադատության հետ»,- լրագրողներին ասել է Ուգուլավան, որն ինքն է եկել ոստիկանության բաժանմունք հանձնվելու:
Գործը, որի համար Վրաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքագլուխը դատապարտվել է բանտարկության, վերաբերում է Թբիլիսիիի Զարգացման հիմնադրամից 48 միլիոն լարիի վատնմանը: Այդ փողը, դատախազության տվյալներով՝ 2011 – 2012 թվականներին ծախսվել է այդ ժամանակաշրջանում կառավարող «Ազգային միասնական շարժում» կուսակցության համակարգողների ֆինանսավորման համար: Այն ժամանակ Ուգուլավան կուսակցության անդամ էր:
Ընդդիմությունն արդեն դատավիճիռը որակել է քաղաքական եւ հայտարարել ընտրական բարենորոգման շուրջն իշխանության հետ բանակցությունների դադարեցման մասին, ինչպես նաեւ սպառնացել է բողոքի ընդգրկուն ակցիաներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: