«Գործ ունենք Ադրբեջանի իշխանության վերարտադրման հետ, բայց միևնույն ընտանիքի ներսում». Էդգար Էլբակյան
Փետրվարի 9-ին Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու մասին հայտարարեց իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշեց կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը՝ վկայակոչելով էքզիթ-փոլերի տվյալները: Ըստ կանխատեսումների՝ իշխող կուսակցությունը ստանում է Միլի մեջլիսի 125 տեղից 65-ը՝ ապահովելով բացարձակ մեծամասնություն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 47,81 տոկոս: Exit poll-ն անցկացրել է ամերիկյան Arthur J. Finkelstein & Associates սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը: Ուշագրավն այն է, որ այն ընտրությունները, որոնք, մի շարք միջազգայնագետների կարծիքով, պետք է հիմք դնեին Ադրբեջանի իշխանությունների կողմից որոշակի ժողովրդավարացման գործընթացների, զուգակցվեցին բազմաթիվ ընտրախախտումներով, որոնց տեսաձայնագրությունները հասանելի են նաև համացանցում: Ընդդիմադիրները հայտնել են բազմաթիվ խախտումների մասին՝ լցոնումներ, «կարուսելներ», դիտորդների աշխատանքի խոչընդոտումներ և այլ միջադեպեր: 168.am-ը թեմայի շուրջ զրուցեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանի հետ:
– Պարոն Էլբակյան, ամփոփելով Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կարող ենք արձանագրել, որ ընդհանուր առմամբ քաղաքական պատկերն Ադրբեջանում չի փոխվում: Ուստի կարիք կա հասկանալու, թե ի՞նչ քաղաքական գործընթաց նախաձեռնեց իշխող ուժն օրենսդիր մարմնի անսպասելի ինքնալուծարմամբ 2019-ի դեկտեմբերին, սա հեղափոխություն էր վերևի՞ց, ինչպես մի շարք վերլուծաբաններ են պնդում, թե՞ փոփոխությունների իմիտիացիա:
– Այս ընտրությունների արդյունքներն ի սկզբանե էլ պարզ էին: Սա այն դեպքերից է, երբ կարևոր են ոչ այնքան արդյունքները, որքան բուն գործընթացը: Մենք տեսանք, որ գործընթացի առումով նույնպես չկար որևէ տարբերություն նախորդ ընտրական գործընթացների համեմատությամբ, խոսքը թե մասնակցության ցուցանիշի մասին է, թե ընտրակեղծիքներ երևույթի, թե դրա բազմազանության մասին: Այդ ամենը համադրելով՝ կարող ենք ասել, որ ամեն ինչ նույնն էր: Հետաքրքրական է, որ այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 9-ին, հակասում է առնվազն խոսքային մակարդակում նրան, ինչ որդեգրել էին իշխանությունները ձեր հիշատակած «հեղափոխություն վերևից» հրապարակախոսական ձևակերպման կոնտեքստում: Խոսքը քաղաքական դաշտի որոշակի վերաթարմացման և երիտասարդացման մասին է իրականում:
– Երիտասարդացում տեղի ունենո՞ւմ է:
– Պետք է հասկանանք՝ մենք խոսում ենք տարիքային ցենզի՞, թե՞ էլիտայի փոփոխության մասին: Տեխնիկական առումով իմաստ չունի դիտարկել, թեպետ կարելի է համեմատել նախորդ Միլի մեջլիսի պատգամավորների միջին տարիքն ու այս, չնայած վստահ եմ, որ մի փոքր ավելի երիտասարդացել է, բայց երիտասարդացում ասելով՝ նկատի ունենք, առաջին հերթին, ոչ թե դրա կենսաբանական իմաստը, այլ քաղաքական սերնդափոխություն ասվածը, որն իրենց մոտ ուղեկցվում է որոշակի ներխմբային, ներիշխանական վերադասավորումներով: Դա եղավ, դա պարզ էր, որ լինելու է, դրված էր քաղաքական խնդիր, այլ հարց է, թե ինչ եղանակով դա կլիներ, արդյո՞ք նաև գործընթացն իրենք քիչ թե շատ թափանցիկ, քիչ թե շատ ժողովրդավար կկառուցեին, թե՞ ոչ: Տեսանք, որ այդքան էլ չստացվեց:
– Պարոն Էլբակյան, խոսեցիք ներխմբային վերադասավորումներից, կարծիքներ էին շրջանառվում, որ այս ողջ գործընթացը միտված է իշխանությունն Իլհամ Ալիևից՝ կնոջը՝ Մեհրիբան Ալիևային փոխանցելուն կամ պարզապես սեփական դիրքերը ամրապնդելուն՝ հեռանկարում ունենալով նաև նման սցենար: Ի՞նչ կասեք այս կարծիքների մասին:
– Մենք գործ ունենք ավտորիտար երկրի հետ, որը թեպետ հետխորհրդային տարածքում է, քաղաքական մշակույթի առումով հետխորհրդային ժառանգություն ունի, բայց իր զարգացման ընթացքում 90-ական թվականներից սկսած շատ ավելի նմանվել է մերձավորարևելյան նավթային պետություններին, որոնք նավթի արտահանման միջոցով կարողանում էին ավտորիտար ընտանեկան իշխանությունը երկար տասնամյակներ պահպանել և այս տեսանկյունից, եթե այդ տեսանկյունից դիտարկենք, մեծ հաշվով, տարբերություն չկա՝ Իլհա՞մը, թե՞ կինը: Կան հիմնավոր կարծիքներ առ այն, որ ներկայումս էլիտաների շրջանակում, այդ թվում՝ նախագահի աշխատակազմում, բյուրոկրատական էլիտայի մասին է խոսքը, նաև օլիգարխիկ էլիտայի մասին է խոսքը, շատ են ուժեղանում, այսպես ասած, Փաշաևների դիրքերը, որոնք հարում են, առնչվում են Մեհրիբան Ալիևային, դա մոտեցում է, վերլուծական դիտանկյուն, որը գոյության իրավունք ունի: Այս կոնտեքստում շատ է քննարկվում մի բան, որը սկզբունքորեն անապացուցելի է. Իլհամ Ալիևի հիվանդության հանգամանքը, բայց կրկին նշեմ, որ սրանք օպերատիվ մակարդակի վերլուծական քննարկումներ են, իսկ ավելի լայն մակարդակում մենք գործ ունենք այս իշխանության որոշակի փոխանցման, վերարտադրման հետ, բայց միևնույն սուբյեկտի, միևնույն ընտանիքի ներսում:
– Ձեր նշած միակ փոփոխված գործոնը՝ սերնդափոխությունը, կարո՞ղ է ունենալ ազդեցություն ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ընթացող ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այս ընտրություններից հետո ԼՂ կարգավորման գործընթացում կարո՞ղ են փոփոխություններ տեղի ունենալ:
– Մեծ, նշանակալի հայանպաստ փոփոխություններ ակնկալել պետք չէ: Ինչ փոփոխություններ էլ որ լինեն, դրանք լինելու են, և արդեն այդպիսիք կան, իհարկե, դա առանձին քննարկման թեմա է, ես միայն մեկ օրինակ կմատնանշեմ, ռեակտիվ են, դրանք պատասխան են հայկական կողմի քայլերի: Իրենց, այսպես կոչված, ԼՂ շրջանի ադրբեջանական համայնքի ակտիվացումը, դա ուղղակիորեն չենք կարող կապել իրենց ներքին գործընթացների հետ, դա հետևանք էր հայկական կողմի շեշտադրման փոփոխության, խոսքը 2018 թվականի մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին էր, որ Արցախը ևս պետք է մասնակցի բանակցություններին, և ի պատասխան դրա՝ իրենք սկսեցին համայնք կոչվածի թեման արծարծել: Ամենօրյա մշտադիտարկման մակարդակով տեսնում ենք նաև, թե այդ կազմակերպության անդամներն ինչ են անում, ուր են գնում: Ժամանակն իր ազդեցեությունն է ունենում անգամ ամենակարծրացած համակարգերի վրա:
Չեմ բացառում, որ ինչ-որ փոփոխություններ լինեն, որոնք հետևանք կլինեն ընդհանուր ադրբեջանական հասարակության՝ թեպետ դանդաղ, բայց տրանսֆորմացիայի, ինչ-որ տարածաշրջանային փոփոխությունների, կանխատեսում եմ որոշակիորեն հայատյացության հռետորաբանության և դիսկուրսի որոշակի թուլացում, թեև դա չի բխի ողջ հասարակության ոգուց: Առնվազն տեքստային մակարդակում որոշակի թուլացում կանխատեսում եմ: Եթե անգամ իրականանա, մեծ փոփոխությունների չի հանգեցնի:
– Դիվանագիտական ռազմավարությունն ինչպե՞ս կդրսևորվի:
– Ես սուր փոփոխություններ առհասարակ, առավել ևս՝ բանակցային դիվանագիտական ասպարեզում, չեմ սպասում իրենցից: Իմ անձնական հետազոտական կանխատեսումներով՝ ԱԳ նախարարն է պահպանելու իր պաշտոնը: