Հերթական «մասկի շոուն»՝ թեմայից շեղելու համար

Ինչպես ասում են՝ ամեն ինչ չափազանց ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդքան ողբերգական:

Արար-1

Երեկ ռեժիսոր, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել էր Արցախում գտնվող իր ռեստորանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացված սկանդալի մասին:

Արշակ Զաքարյանը պատմել էր, որ վարչապետն իր ընտանիքով այս կիրակի եկել էր Արցախ՝ տեսակցելու բանակում ծառայող որդուն՝ Աշոտին, և ընտանիքի հետ ճաշել է իրենց ռեստորանում, ինչից հետո Փաշինյանը պահանջել է ՀԴՄ կտրոն: Աշխատակիցներն ասել են, որ ՀԴՄ տպող սարքն այդ պահին չի աշխատում:  Տեղեկանալով այդ մասին՝ Նիկոլ Փաշինյանը սկանդալ է սարքել ռեստորանում, աշխատակիցներին մեղադրել է «զինվորի հաց ուտելու» մեջ, ապա զանգահարել է Արցախի Պետնախարարին և պահանջել, որպեսզի ստուգումներ անցկացնեն և տուգանեն ռեստորանի սեփականատիրոջը:

Ըստ Արշակ Զաքարյանի՝ ռեստորանը հարկերը վճարում է հաստատագրված վճարով, և ՀԴՄ կտրոն չտրամադրելը չի կարող հարկ թաքցնել համարվել: Բանակի մասին հաղորդման հեղինակ, Արցախում հաստատված գործիչն ասում է՝ պատրաստ է շատ ավելի մեծ տուգանք վճարել, բայց ինքը վիրավորվել է Փաշինյանի այդ պահվածքից և իրենց «զինվորի հաց ուտելու մեջ» մեղադրելուց:

«Ես և իմ ընկերները, շատ չեմ խորանա՝ ինչեր ենք արել բանակի համար, մենք դարձանք զինվորի հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «Քաղաքացիական պայմանագիրն» էլ զինվորին հաց տվողն էին, հա՞: …Այդպիսի աղմուկ բարձրացնելն ու մեզ զինվորի «հաց ուտող» անվանելն ուղղակի վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային, վայել չէ ՀՀ վարչապետին ու ընդհանրապես տղամարդուն: Նախ, քանի որ այդ ՀԴՄ-ով ոչինչ չի լուծվում, մենք հաստատագրված հարկ ենք վճարում: Մենք ապրում ենք սարերում, այստեղ բիզնես դնելը հեշտ չի, եթե որևէ բան է պատահում, մոտակա խանութը, Սոտքի վտանգավոր ոլորաններով պետք է 65 կիլոմետր գնաս, որ մի բան գնես: Պետք է հասկանալ իրավիճակը, ոչ թե մանիպուլյատիվ օգտագործել այդ ճղճիմ ու շատ ամոթալի ձևակերպումը: Ես այս մասին չէի խոսի, եթե մեզ չմեղադրեին «զինվորի հաց ուտելու» մեջ, մենք զինվորին հաց տվող ենք: Նման ճղճիմ պահվածքն ամոթալի է», – ուղիղ եթերում հայտարարեց Արշակ  Զաքարյանը՝ շեշտելով, որ իր վրդովմունքը պայմանավորված է միայն Փաշինյանի կողմից իրենց հասցված անձնական վիրավորանքով:

Երեկվանից ողջ հանրությունը քննարկում էր Արշակ Զաքարյանի այդ տեսանյութը, խոսքը՝ հընթացս հարցեր հնչեցնելով:

Արար-2

Առավոտյան, երբ սոցիալական ցանցը փոթորկված էր և Փաշինյանի և իմքայլականների դեմ իրենց զայրույթն էին արտահայտում՝ արդեն ամենասուր հումորային ժանրով, Նիկոլ Փաշինյանը որոշեց գրառում կատարել և իր վարկածը ներկայացնել ռեստորանում տեղի ունեցածի մասին:

«Կիրակի օրը ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության: Միասին մոտ չորս ժամ անցկացրինք ճամփեզրյա մի ռեստորանում: Հաշիվը վճարելուց հետո տեսա, որ ՀԴՄ կտրոն չեն բերում: Հրավիրեցի մատուցողին՝ հարցրեցի. ՀԴՄ կտրոն չպետք է տա՞ք: Ասաց պետք է տանք: Ասացի՝ դե խնդրում եմ տվեք: Որոշ ժամանակ սպասեցի ու տեսնելով, որ կտրոնը չեն բերում, ես ինքս մոտեցա:

Տեսնեմ՝ մի քանի աշխատողներով հավաքվել են ՀԴՄ-ի գլխին ու չեն կարողանում կտրոն խփել (նման բան պատահում է այն դեպքերում, երբ օբյեկտի աշխատողները սարքի հետ առնչվելու պրակտիկա չեն ունենում):

Այդ ընթացքում իմացել էի, որ քաղաքացիների խումբ է եկել, որ ինչ-որ հարց է ուզում ինձ հետ քննարկի: Ռեստորանից դուրս եկա, երևի մի քսան րոպե զրուցեցի քաղաքացիների հետ: Զրույցն ավարտելուց հետո հետաքրքրվեցի. ՀԴՄ կտրոնը բերեցի՞ն: Ոչ ոք տեղյակ չէր: Ներս մտա, հարցրեցի. ի՞նչ եղավ ՀԴՄ կտրոնը: Սկսեցին ինչ-որ բան պատմել, որ ՀԴՄ-ն նոր են փոխել և այլն և այսպես շարունակ, ու այդպես էլ կտրոն չտվեցին:

Աշխատողին ասացի՝ բայց Դուք հեռուստացույց չեք նայո՞ւմ, չեք տեսնո՞ւմ, որ ամբողջ օրը խոսում ենք ՀԴՄ կտրոնի, դրա կարևորության մասին, ասում ենք, որ ՀԴՄ կտրոն չխփողը զինվորից է գողանում: Հիմա Դուք կոնկրետ դրանով եք զբաղված ու ես հիմա դեպքի մասին ահազանգելու եմ Արցախի հարկային մարմիններին, որ ընթացք տան: Այդպես էլ վարվեցի ու կարծում եմ, որ բոլոր ՀԴՄ չխփողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Ի դեպ, չնայած Արցախի Հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները հաստատագրված հարկ են վճարում, ՀԴՄ կտրոնի թողարկումը ամեն գործարքի համար պարտադիր է, որովհետև շրջանառության մի շեմից հետո հարկային վերահաշվարկ է տեղի ունենում: Իսկ շրջանառության շեմը վերահսկվում է ՀԴՄ կտրոններով:

Հիմա այս դեպքից հետո ռեստորանի սեփականատերը աղմուկ է բարձրացրել, թե վարչապետը հարկայինն ուղարկել է ինձ վրա: Ուզում եմ պաշտոնապես ասել, որ բոլոր նման դեպքերում նույն կերպ եմ վարվելու և նույն կերպ վարվելու կոչ եմ անում Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին:

Հ.Գ. Հաշիվը բերելիս ասացին, թե իրենց մոտ զինվորները տասը տոկոս զեղչ ունեն և այդ զեղչը տարածվեց նաև մեր զինվոր Աշոտի վրա: Ահա, այսպիսի հայրենասիրական քայլ: Բայց սիրելիներս, զինվորի հաշվին զինվորին լավություն պետք չի անել: Իր հարկերի վճարման հարցը օրենքով նախատեսված կարգով լուծեք և դրանից հետո միայն լավություն արեք: ՀԴՄ կտրոն չխփողը գողանում է զինվորից: Եվ նման պահվածքը պետք է արժանանա համազգային արգահատանքի:

Հ.Գ. -2 Քանի որ հիմա սկսվելու են բազմաթիվ հրապարակումներ լույս տեսնել այդ օրը այդ ռեստորանում բացված «էլիտար» սեղանների և «ճոխ» ուտեստների մասին, միանգամից ասեմ, որ 39 հազար դրամ է կազմել մեր հաշիվը: Էս գործի սիրահարները թող նայեն, թե ինչ կարող են տեղավորել այս աննախադեպ թվաբանության մեջ: Ասեմ նաև, որ Աշոտը կիրակի օրով զորամասի տարածքը մի քանի ժամով լքել է օրենքով սահմանված կարգով, ինչպես մեր մյուս բոլոր զինվորներն են անում: Փաստաթղթերը անձամբ եմ ստուգել:)»,- գրել էր Փաշինյանը:

 Արար-3

Երկու Հ.Գ.-ներով նրա, ինչպես ասում են, առավոտկանուխով գրառումը էլ ավելի թեժացրեց քննարկումները կատարվածի շուրջ: Առավել ևս, երբ օրեր առաջ Մինսկի համանախագահողները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները մեր երկրի համար կարևորագույն հիմնահարց էին քննարկում, սակայն նա այդ մասին որևէ գրառում հարկ չհամարեց կատարել՝ հասարակությանը տեղյակ պահելու համար, թե իրականում ի՞նչ փաստաթուղթ է քննարկվում:

Փաշինյանին ուղղված հարցերը գնալով շատանում էին.

  1. Ինպե՞ս է կարողանում վարչապետի որդին իր ծառայության վայրից հասնել «Արի ռեզորթ», ճաշել, ժամանակ անցկացնել ու հետ գնալ այդքան կարճ ժամանակում:
  2. Ի՞նչ գործ ունի վարչապետը Արցախի Հանրապետության հարկային մարմինների ու դրա խնդիրների հետ:
  3. 12 մեքենայով անձնական կարիքների համար Արցախ մեկնելիս զինվորի հաց չի՞ գողացվում արդյոք:
  4. Նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին վարչապետը կրկին եղել է նշված հանգստյան գոտում, որի մասին վկայում են իր ու Աննա Հակոբյանի լուսանկարները ռեստորանի աշխատակիցների հետ: Արդյո՞ք այդ ժամանակ վարչապետին ՀԴՄ կտրոն տվել են, թե՞ ոչ: Եթե տվել են, ինչո՞ւ էր այսօր պնդում, որ ակնհայտ էր, որ աշխատակիցները չգիտեին՝ ինչպես են վարվում ՀԴՄ տպող մեքենայի հետ, իսկ եթե չեն տվել, ինչո՞ւ այս շոուն դեկտեմբերի մեկին չի սարքել:

 Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքում գրառման մեջ հարց էր հնչեցրել.

«Վարչապետը ստատուս ա գրել, որ Քարվաճառում ՀԴՄ չեն տվել, ու զանգել ա Արցախի պետնախարարին հաղորդում տվել, որ տուգանեն, աշխատողներին էլ անվանել զինվորի փայ գողացող։ Բայց սա պատմության մի կողմն ա։ Մյուս կողմը էն ա, որ օբյեկտը Զաքարյան Արշակինն ա, որի բանակի համար արած ահռելի աշխատանքը բոլորս գիտենք էլի, նու համենայն դեպս նրանք, ով բանակից գոնե մի քիչ տեղյակ ա։ Էդ օբյեկտում համ զինվորականները զեղչ ունեն, համ հասույթից բանակի ու բնակիչների համար ծրագրեր են արվում։
Բայց էդ էլ չի կարևորը։ Անսարք ապարատի խնդիրը լուծելուց հետո ՀԴՄ-ն կես ժամից տպել ու վայբերով ուղարկել են վարչապետի տված համարով։ ՀԴՄ-ն էլ ցույց ա տվել Արշակը, բայց տուգանել են 75 հազարով։ Բայց սա էլ չի ամենակարևորը, այլ այն, թե ոնց ա Աշոտը հայտնվում Քարվաճառում, իրա զորամասից տասնյակ կիլոմետրերի հեռավորության վրա ամայի վայրում, եթե ուվոլնիտելնին մի քանի ժամով ա։ Հեռավորությունը դիտմամբ չեմ ասում։ Բայց Արցախի աշխարհագրությունը իմացողը կհասկանա»։

Արար-4

«Կարդացի վարչապետի արձագանքը երեկվա ՀԴՄ կտրոնի պատմության, ասեմ, որ ընդհանուր եղելությունը ճիշտ է ներկայացրել, երկու վերապահումով` ինչպես միշտ, վարչապետը իր ենթադրությունը ներկայացնում է որպես փաստ` «աշխատողները հավաքվել են ՀԴՄ մեքենայի գլխին» ոչ թե, քանի որ չգիտեին ինչպես տպել կտրոնը, այլ, քանի որ փորձում էին հասկանալ՝ ինչպես վերացնել անսարքությունը, որ տվյալ պահին էր ի հայտ եկել:

Պատճառը, ինչպես ասացի, լիցքավորիչն էր, իսկ աշխատողը պարտավոր չի էլեկտրիկ լինել ու հասկանալ էլեկտրական սարքի անսարքությունից: Երկրորդը, ես մի քանի անգամ շեշտում եմ, որ ես չէի էլ բարձրաձայնի, և «ինձ վրա հարկային ուղարկելը» կարևոր չի, մանավանդ, որ տեղի հարկային տեսչությունը քաջ ծանոթ է իմ գործունեությանը և, թե ինչպիսի հարկ վճարող եմ, կամ ներդնող, ես պարզ ու մի քանի անգամ շեշտել եմ, որ վարչապետի «զինվորի հաց ուտող եք» արտահայտությունն է, որն ինձ ստիպեց բարձրաձայնել այս «ցածր» խնդիրը:

Ինչ վերաբերում է Աշոտ Փաշինյանի արձակուրդին, կամ թե որքան են վճարել, ինչ են արել, դա ես չեմ քննարկել, չեմ քննարկի, չեմ էլ պատրաստվում, չի էլ հետաքրքրում. ոչ մի արտասովոր կամ անօրինական բան եմ այդտեղ տեսնում, ցանկացած ծնող իրավունք ունի այցելել իր ծառայող որդուն՝ անկախ, թե ինչ պաշտոն կամ աշխատանք է կատարում: Հենց դրա համար էլ ստեղծել ենք այս հարմարավետ պայմանները, որ մարդիկ մի քանի ժամով հանգիստ վայելեն իրենց որդիների հետ հանդիպումը»,- գրել էր Զաքարյանը:

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Զաքարյանը Փաշինյանի գրառման մասին ասել էր.

«Փաշինյանը՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա, պարտավոր էր հասկանալ, թե այդ պահին ինչ էր տեղի ունենում, և իրեն հատուկ ոճով ավելորդ թատրոն ու միտինգ չսարքեր այցելուների և մատուցողների մոտ: Իսկ տուգանքը սիրով կվճարեմ, դա գնում է Արցախի բյուջե»,- ասել է նա և, դիմելով Փաշինյանին՝ ավելացրել. «Շոուներից անցնենք գործի էլի»:

Արար-5

Քիչ անց սոցցանցերում տեսանյութ է հայտնվում, թե քանի մեքենաներով է Փաշինյանը «ընտանիքով» գնում Արցախ՝ Աշոտին տեսակցելու. թվով 12 մեքենաների շարասյուն է ուղեկցում նրա ընտանիքին դեպի նշյալ ռեստորան:

Սոցցանցերում թեման չի ավարտվում, քննարկումները րոպե առ րոպե թեժանում են, լրատվամիջոցները նոր հրապարակումներ են ներկայացնում Փաշինյանի ընտանիքի անդամներին ուղեկցող ավտոմեքենաների, կառավարության կազմի և ԱԺ պատգամավորների ու հատկապես ղեկավար-աշխատակազմի հսկայական՝ միլիոնների հասնող պարգևավճարների մասին, այն իմքայլական նախարարների և պատգամավորների մասին, որոնք բանակում չեն ծառայել, և այլն, և այլն: Ֆեյքային հարձակումներն իրավիճակը ոչ միայն չեն փրկում, այլև էլ ավելի են շիկացնում քննադատական կարծիքները, քննարկումները:

Արար-6

Ի՞նչ անել, ինչպե՞ս փոխել օրվա ամենաքննարկվող թեման, ինչպե՞ս շեղել հասարակության ուշադրությունը:

Իշխանությունները գտան ելքը. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկել: Ցանկացած պատրվակով: Եվ սա՝ այն դեպքում, երբ Հայրապետյանը մի քանի առիթներով հայտարարել է՝

«Ձերբակալում են, թող ձերբակալեն: Նաև կոչ եմ անում ոստիկանության աշխատողներին: Թող չտանջվեն, այդքան մարդ հանեն, աշխատանքից կտրեն: Երբ ուզում են, թող զանգեն ինձ, ասեն՝ ուզում ենք քեզ ձերբակալենք, արի: Ազնվորեն ասում եմ՝ որտեղ էլ լինեմ, կրկնակի արագությամբ կհասնեմ այնտեղ: Թող ձերբակալեն: Ես դրանից չեմ վախենում: Եվ ձերբակալելով՝ մեր տեսակներին չեն կարող վախեցնել»:

Շատերի համար այլևս գաղտնիք չէ Փաշինյանի գործելաոճը՝ sms-ով հրահանգ ուժային կառույցներին՝ ինչ գնով էլ լինի՝ «Նեմեց Ռուբոյին բերման ենթարկել»:  Նույնիսկ սեփական թիմն է հումորներ անում այդ կապակցությամբ:

Խնդիրը, սակայն, նրանում է, որ նմանատիպ մասկի-շոուներն այլևս կորցրել են էֆեկտիվությունը.  Ոչ միայն պոտենցիալ ձերբակալվողներն են վախենում նմանատիպ ակցիաներից, այլև հասարակությունն է ամեն ինչ լավ հասկանում ու ձանձրանում:

Շարքային քաղաքացին այլևս բարձրաձայն մտածում է՝ Փաշինյանը կամ ինչ-որ տեղ հաց է ուտում, կամ ինչ-որ տեղից հեռախոսով լայվ է մտնում, կամ լուսանկարվում է, կամ Ֆեյսբուքում ինչ-որ անկարևոր թեմայով գրառում է կատարում՝ չմոռանալով «Կարգին հաղորդման» սքեթչերից մեջբերումներ անել: Կրկնում ենք՝ Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, 8 ժամ բանակցություններ են ընթանում հասարակությանն անհայտ փաստաթղթի շուրջ, երկրի տնտեսությունը ծանրագույն վիճակում է՝ դեռ նախկիններից մնացած ռեսուրսների հաշվին է երկիրը դիմանում, բայց նա որևէ տող անգամ չի գրում, սակայն բավական է Աննա Հակոբյանի կամ ընտանիքի այլ անդամի մասին որևէ լուր լինի սոցցանցերում կամ մամուլում՝ անմիջապես ուղիղ եթեր է մտնում: Իսկ տնտեսության մասին Վիճվարչության ինչ-ինչ թվեր է ներկայացնում՝ ճչացող վերնագրով, կամ օտարերկրացի որևէ բլոգերի հոդված տարածում: Հա, պարտադիր՝ «աննախադեպ» բառով համեմված:

Օրեր առաջ նույնիսկ ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ կատարվող ներքաղաքական զարգացումներին, չարաբաստիկ գրիչի պատմությանը, կոչով դիմել էր իշխանություններին.

«Կոչ եմ անում կանգ առնել և այդ լակոտությունը վերացնել։ Նորմալ տղամարդը չի կանգնում մամուլում նման հայտարարություններ անում։ Ֆեյսբուքից դուրս եկեք ընդհանրապես: …Ձեռքից խլեք սմարթֆոնը, թող պառլամենտն օրենք ընդունի՝ վարչապետին արգելեն Ֆեյսբուք մտնել…»:

Տեսանյութեր

Լրահոս