««Բջնի» գործարանի գործունեությունից Սուքիասյանները 12 տարում ընդհանուր տվել են 917 միլիոն դրամ հարկ, մենք՝ 9 տարում՝ 3 միլիարդ 661 միլիոն դրամ». Ռուբեն Հայրապետյան
«Պրեսսինգ» հաղորդաշարի արտահերթ թողարկման հյուրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է:
– Ներկայացնեմ, թե մինչ այսօրվա խուզարկությունն ինչպիսի լուրեր տարածվեցին մամուլում: Տեղեկություններ տարածվեցին, որ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում արդեն իսկ նյութեր են պատրաստվում Ձեր դեմ: Ըստ ԶԼՄ-ների՝ Դուք, միաժամանակ հանդիսանալով զարգացման հայկական բանկի նախագահ և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ փաստացի սեփականատեր, 2012-2018թթ. Ձեր ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել եք Հանրապետության մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի և մարզադպրոցների կառուցման, վերանորոգման աշխատանքներ: Ըստ նույն աղբյուրի՝ Ոստիկանության 6-րդ վարչությունը տեղեկություն է ստացել, որ դրա շրջանակներում չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրերով և նախահաշվարկներով նախատեսված ծավալները, կեղծ, իրականությանը չհամապատասխանող կատարողական ակտեր կազմելով, յուրացրել եք առանձնապես խոշոր չափերի գումար: Անկեղծ ասած, նաև նշեմ, որ մամուլում արդեն իսկ տեղեկությունները երբ որ շրջանառվեցին, կամ, երբ որ արդեն Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց, և ամրագրվեց ՀՖՖ նախագահի ընտրության օրը դեկտեմբերի 23-ը, մամուլում հրապարակում եղավ, և սոցցանցերում կարծիքներ հնչեցին, որ մինչև դեկտեմբերի 23-ը Ձեզ կալանավորելու են: Ձեզ հասնո՞ւմ էին այդ տեղեկությունները, և ե՞րբ են սկսել Ձեր գործունեությունը ստուգել հեղափոխությունից հետո:
– Գիտե՞ք ինչ, ես տեղեկությունները, իհարկե, բնականաբար, ստանում էի, և ինձ հասնում էին այդ տեղեկությունները: Ինձ սկսել են ստուգել, ես չէի գտնվում Հայաստանում, արտասահմանում էի գտնվում, երբ որ ասացին, որ ֆեդերացիայից ինչ-որ փաստաթղթեր են ուզում իմ՝ կապված ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ շինարարական գործունեության հետ:
– Դա ե՞րբ էր:
– Երևի անցյալ ամիս էր, նոյեմբեր ամիսն էր, կոնկրետ օրը չեմ հիշում: Եվ ես դրան անդրադառնում եմ շատ նորմալ: Իհարկե, բնականաբար, թող ստուգեն, բայց անընդհատ երբ որ լուրերը ստանում էի՝ ստուգում են, երբևիցե տեղյակ չեմ պահել շինարարին, շինարարություն են ստեղծում, ծավալները: Նույնիսկ, ասեմ Ձեզ, ծիծաղելու աստիճանի հասավ ինֆորմացիան ինձ, որ սալահատակները հատիկով են հաշվում, որը, ասենք թե, ծիծաղելի է: Ի վերջո, 6-րդ վարչությունը չունի այդ հնարավորությունը, որ շինարարական այդպիսի ծավալներ կարողանա այդքան կարճ ժամանակահատվածում ստուգել, և ոչ միայն՝ ստուգել, այլ նաև ինչ-որ յուրացման թիվ հայտնաբերել, այդ հայտնաբերումից հետո միանգամից դատավորի կարգավիճակ ընդունել և հայտարարել, որ ես հափշտակել եմ: Իսկ միգուցե բանից պարզվի, որ իրականում այդպիսի թիվ չկա, իրականում հափշտակություն իմ կողմից երբեք չի եղել: Ես չեմ բացառում: կարող է սխալներ եղած լինեն, բայց այն թվերը, որ իրենք հայտարարում են, դա ուղղակի ծիծաղելի է:
– Ի՞նչ թվերի մասին է խոսքը:
– 600, 700… Չգիտեմ, տարբեր, որովհետև կոնկրետ որևէ բան ինձ ոչ ոք չի ասել, բայց ինձ հասած ինֆորմացիայով… Ես լսել եմ տարբեր թվեր: Երեկ մեր աշխատողներից մեկին, որին տարել էին 6-րդ վարչություն, ասել էին՝ միլիարդ, հետո փաստաբաններից իմացա, որ 500 քանի միլիոնի մասին է: Կոնկրետ առայժմ ոչ մի բան չգիտենք, որովհետև նախ, ես նորից եմ կրկնում, 6-րդ վարչության աշխատակիցները, ես նրանց աշխատանքը հարգում եմ, և նրանք չունեն այդ մասնագիտական, շինարարական ստուգումների հնարավորությունը, որ կարողանան ստուգել և հայտնաբերել այդքան կարճ ժամանակում: Ես ավելին ասեմ: Քրեական գործը, որը բնականաբար, հարուցվել է, դա առնվազն մեկ տարի, 1.5 տարի տևելու է ստուգումները, որովհետև ծավալը մեծ է: Քննույթուն կգնա և կպարզվի: Ծավալն այնքան մեծ է, որ նրանք ի վիճակի չեն այդքան կարճ ժամանակում… Դրանից ի՞նչ հետևություն պետք է անել: Հետևությունն այն է, որ շատ արագ (вертикально) վերևից հրամանը ստացել են՝ արագ Ռուբեն Հայրապետյանին չեզոքացնել, քանի որ ամսի 23-ին ֆեդերացիայի նախագահի ընտրություններ են:
– Մինչև սրան անդրադառնալը՝ նախ ուզում եմ՝ պատմեք, թե ինչպե՞ս եղավ, որովհետև ուղիղ եթերի հետևելով՝ մենք տեսնում էինք, որ տանը թոռնիկներն էին Ձեր: Դուրսը, բակում, ճաղերի հետևից նկարում էին: Ինչպե՞ս նրանք մուտք գործեցին:
– Ես ասեմ՝ շատ կոռեկտ, օրենքի սահմաններում, օրենքի տառն ու բառը պահելով, ինչպես կասեր մեր ժամանակների դասականը, շատ «ակուռատնի», բայց չներխուժեցին, եկան մեր տուն:
– Այսինքն՝ զանգը տվեցի՞ն, թե՞ թակեցին:
– Ես, բնականաբար, գնացել եմ դարպասների մոտ, բացել եմ, ուղեկցել եմ, նորմալ, որևէ վատ բան ես չեմ կարող ասել: Նրանց գալու կամ արարքների մեջ որևէ անօրինական բան չեմ տեսել:
– Ի՞նչ էին նրանք փնտրում:
– Փաստաթղթեր էին փնտրում: Փաստաթղթերի առգրավման ժամանակ իմ փաստաբանի հետ հակասություններ են եղել, կարող է նման բան, բայց իրենց կոռեկտության համար ես իրենց որևէ բան չեմ կարող ասել:
– Ֆեդերացիայի հե՞տ կապված փաստաթղթեր, թե՞ առհասարակ:
– Ֆեդերացիայի կողմից կատարված շինարարական աշխատանքների հետ կապված փաստաթղթեր:
– Ինչո՞ւ եմ հարցնում, թե ինչ փաստաթղթեր են փնտրել, որովհետև գործարար, «Սիլ» կոնցեռնի ղեկավար Խաչատուր Սուքիասյանը մարզերից մեկն էր այցելել, և այնտեղ լրագրողների հետ զրույցում, երբ որ լրագրողներից մեկը հարցրեց, թե ճի՞շտ է, որ նա ցանկանում է հետ վերցնել իրեն ժամանակին պատկանող «Բջնի» գործարանը, հայտարարել էր.«Ի՞նչ է նշանակում՝ ճի՞շտ է, որ ցանկանում եք ետ վերցնել գործարանը: Ես կարծում եմ՝ հարցը տեղին չէ, որովհետև այդ գործարանը խլվել է անօրինական: Ամբողջությամբ այդ գործարանը պետք է հետ վերադարձվի իրավական ճանապարհով, և դրանով զբաղվում են փաստաբանները»: Նաև ասել է, որ «Բջնի» գործարանի մասով՝ մեկ տարի է, ինչ գործընթացներ են ընթանում: «Որքանով ես տեղյակ եմ, նախկին աշխատակիցներին արդեն հարցաքննել են»: Այսինքն՝ Խաչատուր Սուքիասյանն արդեն ասել էր, որ պրոցես է ընթանում, և դրա համար եմ հարցնում՝ միայն Ֆեդերացիայի հե՞տ կապված փաստաթղթեր էին փնտրում, թե՞ չէ: Եվ հեռուստադիտողին հիշեցնեմ, որ 2009թ. «Բջնիի» աճուրդին մասնակցության մեկ հայտ եղավ, կարծեմ՝ կրկնակի աճուրդից հետո: Առաջարկվել էր 4 միլիարդ 441 միլիոն 500 հազար դրամ, և միակ մասնակիցը Դուք էիք, պարոն Հայրապետյան, գնեցիք այդ գործարանը: Այն ժամանակ իշխող կարծիքն այն էր, որ Խաչատուր Սուքիասյանը և տնտեսական, քաղաքական գործիչների մեծ մասն ասում էին, որ այն ժամանակ գործող իշխանությունների կողմից դա քաղաքական հետապնդում էր այն պատճառով, որ Խաչատուր Սուքիասյանը Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրներից, մտերիմներից էր: Մի դիտարկում: Դուք էլ էիք, չէ՞, ժամանակին շփվում, մտերիմ էիք Տեր-Պետրոսյանի հետ, ինչո՞ւ իր նկատմամբ ինչ-որ ճնշում եղավ, իսկ Ձեր նկատմամբ՝ ոչ:
– Ես չեմ կարծում, որ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ ճնշումներ են եղել Լևոն Տեր-Պետրոսյանի համար, քանի որ, ես ինչքան գիտեմ, հարկային ստուգումներ են եղել: Հիմա նույն հաջողությամբ ստուգում են «Բջնի» գործարանը: Ես ասեմ՝ Սերժ Սարգսյանի համա՞ր են ճնշումներ կամ գործարանի ստուգումը: Պահանջ կա, ստուգում են՝ թող ստուգեն: Ի՞նչ է եղել, որ: Ամեն ինչ, իհարկե, չի կարելի դեմագոգիայի վերածել, և, ինչպես մոտ ժամանակներս մեր ընկերներից մեկն է ասել, դատարկ-դատարկ սկսել խոսել: Խաչատուր Սուքիասյանին դա բնորոշ հատկություն է, և նրանք իրականում բողոք են գրել ՀՔԾ, որ ես շահութահարկ և բնապահպանական հարկ չեմ տվել: ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել և նշանակել է ստուգում: Արդեն մեկ ամսից ավելի է՝ ստուգում են: Ինչ վերաբերում է այսօրվա խուզարկությանը, դա չի վերաբերել երբեք «Բջնի» հանքային ջրերի գործարանին, դա զուտ վերաբերել է ֆեդերացիայի շինարարական աշխատանքները կատարելուն:
– Ի՞նչ վիճակում Դուք գնեցիք գործարանը:
– Ես կուզեի դուք մի օր, ամբողջ կոլեկտիվով հրավիրեի ձեզ «Բջնի» հանքային ջրերի գործարան, և դուք տեսնեք այդ գործարանը, նկարահանեք, նաև հանրությանը ներկայացնեք: Ինչո՞ւ չէ: Ես պահել եմ նաև բոլոր այն լուսանկարները, այն տեսանյութերը, որոնք նկարված են, թե այդ գործարանը մենք ի՞նչ ձևով ենք 2010թ. գնել: Եվ բացի դրանից, որ Խաչատուր Սուքիասյանն անընդհատ՝ «ծեծում է», ճնշել են, խլել են, գիտե՞ք ինչ, վերջը կարելի է մի օր դրան վերջակետ դնել: Ես հիմա ձեզ մի հատ փաստաթուղթ եմ ցույց տալիս, որը մենք օֆիցիալ ստացել ենք հարկային մարմիններից: Ահա նայեք: «Բջնի» հանքային ջրերի գործարանը 12 տարում ինչքա՞ն հարկ է տվել պետությանը: Տարիներով, 1996-2000թթ.՝ 0 (զրո) դրամ: Եթե ուշադրություն դարձնեք, 2008թ. են ամենամեծ հարկը տվել՝ 420 միլիոն, էն տարում, երբ փետրվար ամսից ստուգում է եղել այնտեղ, էդ էլ ստիպված են եղել, պիտի մուծեին: Այսինքն՝ էս անօրինական գործունեության դեպքում պետությունը պիտի հարկային ակտ գրե՞ր, թե՞ չէ: Հիմա դուք նայեք: 12 տարում իրենք ընդհանուր տվել են 917 միլիոն դրամ հարկ: Եվ խնդրեմ, հարկայինից թող հանի նույն Խաչատուր Սուքիասյանը: Հիմա էլ ստուգում է: Մեր գնելուց հետո անցյալ տարի 780 միլիոն դրամ հարկ ենք մուծել, համարյա այնքան, ինչքան իրենք 12 տարում են տվել:
– Ընդհանուր մինչև օրս որքա՞ն է եղել Ձեր վճարած հարկը:
– 3 միլիարդ 661 միլիոն դրամ, 9 տարում: Խնդրեմ, նայեք: Իրենց 12 տարում տված հարկերը և իմ 9 տարում տված հարկերը:
– Ես հիշում եմ, Դուք ժամանակին ասում էիք՝ ամբողջ հոսքագծեր եք փոխել գործարանում, և այլն:
– Հոսքագծերը բոլորը փոխել եմ ես: Ես դրա համար ասում եմ՝ եկեք, տեսեք, այսօր ի՞նչ հոսքագծերով, ի՞նչ տեխնիկայով է աշխատում: Խոսեցրեք գործարանի աշխատողներին: Ի՞նչ պայմաններ են: Կանայք էին աշխատում՝ ջրի տակ կանգնած, ջուրը կաթում էր: Տանիք էլ չկար: «Բջնի» հանքային ջրերի գործարանը և «Ջերմուկ գրուպն» այն ժամանակ… «Նոյ» առանց գազի ջուր այն ժամանակ արտադրում էր միայն «Բջնի» գործարանը: «Բյուրեղը» նույնիսկ չկար: Այսինքն՝ դա ի՞նչ է նշանակում՝ շուկայում իրենք գերակշռող են եղել: Եռակի ավելի է վաճառվել, քան թե այսօր մենք ենք վաճառում, ու հարկերը: Ու դրանից հետո դժգոհում են:
– Կներեք, մամուլում մի այսպիսի բան էլ եղավ, ուզում եմ ճշտել: Ձեզ հետ Խաչատուր Սուքիասյանն ինչ-որ անձանց միջոցով կապվե՞լ է, որպեսզի Դուք հրաժարվեք «Բջնիից», որպեսզի վատ հետևանքներ չլինեն:
– Խաչատուր Սուքիասյանին և Ռուբեն Հայրապետյանին բոլորը գիտեն: Խաչատուր Սուքիասյանը ո՞նց կարա կապվի ընդհանրապես իմ հետ, որ ես զիջեմ: Դեռ 2010թ., եթե չեմ սխալվում, ասել եմ՝ եթե իրենք գտնում են, որ իրենցից խլել եմ… Պետությունը վաճառել է, ես գնել եմ: Եթե իրենք գտնում են, որ իրենցից խլել եմ, ես պատրաստ եմ հենց հիմա, իմ տված փողը տող տան, հետ տամ իրենց: Ես սա հրապարակայնորեն մամուլի ասուլիսում եմ ասել: Բացի դրանից, ես, սրանից մի 2-3 ամիս առաջ էլ, Ծառուկյան Գագիկի հետ խոսում էինք, ասացի՝ ասա թող հենց հիմա փողերս տա, էլի տամ, ավել-պակաս թող չխոսի: Բայց հիմա արդեն ուրիշ բան եմ ասում: Եթե ես այդ գործարանը, ասենք, ուրիշ մարդու կվաճառեմ 10 միլիոն պակասով, ապա իրեն՝ մի միլիարդ դոլարով: Այսինքն՝ ի՞նչ եմ ուզում ասել. իրեն՝ երբեք: Ես մի բան էլ ասեմ: Խաչատուր Սուքիասյանը կարող է գեղեցիկ-գեղեցիկ խոսել, կանգնի կամերաների առաջ, գիտունիկի տեսքով: Ընդամենը տղամարդ թող լինի, իր միակ տղայի հարսանիքի՝ զալը զարդարելու փողերը տանի տա: Տենց տեսակների հետ… Գիտե՞ք, ինձ համար զզվելի է արդեն, որ շարունակեմ նրա մասին խոսել: Ես օֆիցիալ բան եմ ասում: Փողերը տալու փոխարեն՝ հարկայինն է գնացել այդ կազմակերպությունը ստուգելու:
«Անդրանիկ Քոչարյանը իմ ընկերներից մեկի միջոցով հորդորում էր, որ ես փախնեմ ՀՀ-ից, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն»
– Շատերը, օրինակ, հանրապետությունից գնացել են, մարդիկ, ովքեր լքել են Հայաստանը, ում նկատմամբ ինչ-որ գործողություններ են արել իրավապահ մարմինները: Եվ Ազգային ժողովի (ԱԺ) «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ի դեպ, կոչով հանդես եկավ ԱԺ-ում՝ ասելով՝ եկեք տուն:
– Ճիշտ է, հիշում եմ նման բան: Այ, որ ասացիք, նոր հիշեցի: Այդ նույն Անդրանիկ Քոչարյանը, որն իմ նախկին ընկերն է եղել, 10 օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով հորդորում էր, որ ես փախնեմ ՀՀ-ից, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Նույն Անդրանիկ Քոչարյանն է ասել: Տասը oր առաջվա բան եմ ասում:
– Այսինքն՝ ասում էր, որ Ձեզ կալանավորելու են, և փախչե՞ք…
– Այո: Քրեական գործ է հարուցված, և ինձ ձերբակալելու են: Գիտե՞ք ինչ, դա ինչի համար է արվում, որ թողնես-գնաս, ու միանգամից այս «մասկի շոուն» կանեին ու կասեին՝ տեսեք, Ռուբեն Հայրապետյանը հանցագործ էր, թալանել էր ֆեդերացիան ու փախավ: Ես այս երկիրն այնքան եմ սիրում, փախչելու որևէ տեղ չունեմ: Ու նաև ավելի ասեմ. ձերբակալում են, թող ձերբակալեն: Նաև կոչ եմ անում ոստիկանության աշխատողներին: Թող չտանջվեն, այդքան մարդ հանեն, աշխատանքից կտրեն: Երբ ուզում են, թող զանգեն ինձ, ասեն՝ ուզում ենք քեզ ձերբակալենք, արի: Ազնվորեն ասում, որտեղ էլ լինեմ, կրկնակի արագությամբ կհասնեմ այնտեղ: Թող ձերբակալեն: Ես դրանից չեմ վախենում: Եվ ձերբակալելով՝ մեր տեսակներին չեն կարող վախեցնել:
Նա ցավալով, մտահոգված է ասել, Դուք չկարծեք, թե… ուղղակի չի հասկացել, որ իրեն, ռուսերեն մի հատ լավ բառ կա, ասում են՝ «ուտկա» են գցում: Իրենք դա արել են, որ ինքը տեղյակ պահի ինձ, կարծում եմ:
Աննա Հակոբյանի հիմնադրամից մեզ էլ են դիմել
– Բազմաթիվ ընկերությունների, գործարարների Աննա Հակոբյանի հիմնադրամը նամակ է ուղարկում, որպեսզի նվիրատվություններ անեն:
– Մեզ մոտ էլ են ուղարկում հաճախակի:
– Չե՞ք արել:
– Իհարկե ոչ:
– Ինչո՞ւ:
– Որովհետև գտնում եմ՝ ես կարող եմ բարեգործությունն ավելի ճիշտ տեղերում անել: Օրինակ, կառուցեմ Դադիվանքը, մի հիվանդի բուժեմ ես ինքս: Լիքը, շատ բաներ կան: Չեմ ուզում անդրադառնալ: