«Ընդդիմությունն իր դիրքորոշումներում պետք է ավելի հեղափոխական լինի, քան այն թիմը, որը հեղափոխության արդյունքում ձևավորել է իշխանություն». Լիլիթ Մակունց

«Այսօր Ազգային ժողովում բավարար չափով խոսվեց այն մասին, թե ինչ կանոնների պետք է բոլորս հետևենք՝ սկսած յուրաքանչյուրից և ինձանից։ Կարծում եմ՝պետք է մնանք այդ դաշտում, այսինքն՝ հնարավորինս պետք է անդրադառնանք միայն բովանդակային քննարկմանը։ Մնացյալին թույլ տվեք չանդրադառնալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով երկու օր առաջ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տեղի ունեցած միջադեպին։

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդումներին, թե իշխանությունները փորձում են սահմանափակել խորհրդարանական ընդդիմության խոսելու իրավունքը, Լիլիթ Մակունցը հակադարձեց,  որ այսօր փորձում են ուժեղացնել ընդդիմության դերը, սակայն այս հարցում կարևոր է նաև քաղաքական կամքը։

«Այս մեկ տարվա ընթացքում քաղաքական կամքի դրսևորումը ԱԺ-ի գործունեության վերաբերյալ մենք տեսել ենք, որ առանձին կառույցներում եթե նախկինում ընդդիմությունը հնարավորություն չի ունեցել ներկայացնելու թեկնածուներ, մենք հնարավորությյուն ենք տալիս, որպեսզի  քվոտավորված ունենան իրենց թեկնածուները։ Քաղաքական կամքի դրսևորումն այն է, որ շատ մեծ կարևորություն ունեցող կառույցում՝ հակակոռուպցիոն մարմնում, ընդդիմությունը ունի ներկայացուցիչ, նա կառույցի նախագահն է։ Եթե ես ասում եմ, որ այսօր ընդդիմությունն ուժեղ է, դա ասում եմ նաև այն իմաստով, որ քաղաքական մեծամասնությունը անում է  առավելագույնը, որպեսզի ընդդիմությունն իրացնի իր իրավունքները»,- ասաց Լիլիթ Մակունցը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի դիտարկմամբ՝ շատ վտանգավոր է, երբ խոսում են քաղաքական օրակարգերից, քանի որ քաղաքական օրակարգը չի կարող վեր լինել իրավական նորմերից և իրավական պետության նորմերից։

«Կարծում եմ՝ բոլորս հնարավորինս պետք է ստեղծենք բովանդակություն և հնարավորություն տանք հասարակությանը, լրագրողներին՝ այդ բովանդակային քննարկումների շուրջ ներկայացնել նաև իրենց այլընտրանքային տեսակետը, որպեսզի մենք կարողանանք բոլորը համադրել և գալ ընդհանուր լուծումների։ Ինձ համար բոլորովին ընդունելի չէ հանդես գալն այն դիրքերից, թե մենք այս քայլով լավություն ենք անում ընդդիմությանը։ Հակառակը՝ ընդդիմությունն այսօր իր դիրքորոշումներում, կարող է տարօրինակ հնչել, բայց պետք է լինի ավելի հեղափոխական, քան այն թիմը, որը հեղափոխության արդյունքում ձևավորել է իշխանություն։ Եվ այդ քայլով բարձրացնի քաղաքական դիսկուրսի, քաղաքական մշակույթի նշաձողը»,- հավելեց Լիլիթ Մակունցը։

Հարցին՝ ինչո՞ւ «Իմ քայլը» դեմ չքվեարկեց Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունների հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագծին, փոխարենը հայտարարեց, որ քվեարկությանը չի մասնակցելու, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Մենք ասացինք, որ այդտեղ կան որոշակի հակասահմանադրական դրույթներ, մեր առանձին պատգամավորները, նաև իրավաբանները վկայակոչեցին օրենքներից հոդվածներ։ Այս հարցին նախկինում չենք անդրադարձել, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունն այս հարցը կարող էր քննարկել միայն այն ժամանակ, երբ հարցը լիներ օրակարգում։ Մեր դեմ լինելը կարող է արտահայտվել՝ ինչպես դեմ քվեարկելով, այնպես էլ՝ քվեարկությունից ձեռնպահ մնալով»։

Տեսանյութեր

Լրահոս