Ինչո՞ւ են ԱԳՆ-ից զանգել Իրանի դեսպանատուն
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցիչների՝ քաղաքական ու մշակութային կցորդների այցը «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ գործող իշխանությունները փորձում էին անտեսել, թեպետ այցն ինքնին «Բաց հասարակության հիմնադրամներ» (Սորոսի) կազմակերպության դեմ պայքարող շարժման գրասենյակ բավականին հետաքրքրություն հարուցող էր:
Այդ շուրջ 4 ժամ տևած ու հարցերի լայն շրջանակ քննարկած հանդիպմանը նախօրեին անդրադարձել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով գրել էր, որ «ՎԵՏՕ»-ի գրասենյակ այցելելով և արևմտամետ մի շարք հասարակական կազմակերպությունների հետ փոխկապակցված իշխանավորների մասին հայտնի պատի մոտ լուսանկարվելով՝ իրանական կողմը դիմում է բացահայտ քայլի, և դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ շարժման գրասենյակ այցելելուց բացի՝ դեսպանատունը ակնհայտ համաձայնություն է տվել հանդիպման մասին հաղորդագրություն և լուսանկարներ հրապարակելուն:
«Միամտություն կլինի մտածել, որ հարևան երկրի ղեկավարությունը տեղեկացված չէ ՀՀ իշխանության կազմում ընդգրկված բազմաթիվ անդամների ատլանտիկ կապերի մասին։ Իրանական կողմը նաև շատ լավ հասկանում է, որ Իրանում տեղի ունեցած ճգնաժամի օրերին հայկական կողմի ոչ ադեկվատ պահվածքը թելադրված է կառավարության կազմում ընդգրկված նման գործիչների ազդեցությամբ։ Ըստ էության չի բացառվում նաև, որ այսօրինակ ժեստով պաշտոնական Թեհրանն իր դժգոհությունն է հայտնում մեր ԱԳՆ-ին»,- նշել էր ՀՀԿ փոխնախագահը:
«168 Ժամի» ԱԳՆ աղբյուրները պնդում են, որ օրերս ԱԳՆ-ից զանգահարել են Իրանի դեսպանատուն ու իրենց դժգոհությունը հայտնել իրանցի պաշտոնյաների վերոնշյալ այցի կապակցությամբ՝ հատկապես նշելով, որ այդ այցը կարող է դիտվել՝ որպես կառավարության քաղաքականության դեմ քայլ, քանի որ «ՎԵՏՕ»-ն ընդդիմադիր հասարակական շարժում է: