Սեփական ազգաբնակչության նկատմամբ մարտական հատուկ պրոպագանդայի մեթոդներն ավելի արդյունավետ են աշխատում, քան հակառակորդի զինվորների դեմ

Իվան Լյախովսկին իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վլադիմիր Յակովլև

Ես սովորում էի Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Մենք զինվորական ամբիոն ունեինք: Գաղտնիության պայմաններում մեզ սովորեցնում էին մարտական հատուկ պրոպագանդայի հիմունքները: Դա մի արվեստ էր, որի էությունը հակառակորդի շարքերում բախումներ առաջացնելն էր ապատեղեկատվության ու գիտակցության մանիպուլյացիայի միջոցով:

Առանց կատակի, պետք է ասեմ, որ դա սարսափելի բան էր:

Մարտական կամ «սև» պրոպագանդան աղավաղում է  իրական ցանկացած փաստ՝ հանուն պրոպագանդիստական խնդիրների լուծման: Դա արդյունավետ զենք է, որն օգտագործվում է միայն հակառակորդի ուղեղը լվանալու նպատակով:

«Փտած սելյոդկայի» մեթոդը, «Շրջած բուրգի» մեթոդը, «Մեծ ստի» մեթոդը, «40/60» սկզբունքը, «Բացարձակ ակնհայտության» մեթոդը: Հավանաբար դուք էլ գիտեք այդ մեթոդներն ու տեխնիկաները, սակայն չեք գիտակցում դա:

Մեզ օգնում էին մարտական հատուկ պրոպագանդայի տեխնիկաները կիրառել հակառակորդի բանակի զինվորների դեմ: Այսօր դրանք օգտագործվում են սեփական երկրի խաղաղ բնակչության դեմ: Արդեն երկու տարի է, կարդալով ռուսական լրատվամիջոցները կամ դիտելով հեռուստատեսային շոուները՝ ես հետաքրքրությամբ նկատում եմ, որ Ռուսաստանում նորությունների թողարկումն ու մեկնաբանությունը համակարգող մարդիկ ակնհայտորեն նույն դասագրքով են սովորել, նույն առույգ գնդապետի կամ նրա գործընկերների մոտ:

Ահա, օրինակ, «փտած սելյոդկայի» մեթոդն այսպես է աշխատում: Ընտրվում է սուտ մեղադրանք: Կարևոր է, որ այն մաքսիմալ կեղտոտ ու սկանդալային լինի: Լավ աշխատում է, օրինակ, մանր գողությունը կամ, ասենք, մանկապղծությունը, սպանությունը, ցանկալի է՝ շահադիտական նպատակներով:

«Փտած սելյոդկայի» նպատակը բոլորովին էլ այն չէ, որ ապացուցեն մեղադրանքը, այլ այն, որ հարուցեն դրա անարդարության ու ոչ արդարացված լինելու լայն, հասարակական քննարկումը…

Մարդկային հոգեբանությունն այնպես է կառուցված, որ հենց որ մեղադրանքը դառնում է հասարակական քննարկման առարկա, անխուսափելիորեն հայտնվում են «կողմնակիցներ» և «հակառակորդներ», «գիտուններ» և «փորձագետներ», մերկապարանոց «մեղադրողներ» ու մեղադրյալի ինքնամոռաց «պաշտպաններ»:

Բայց անկախ իրենց հայացքներից՝քննարկման բոլոր մասնակիցները կրկին ու կրկին արտաբերում են մեղադրյալի անունը սկանդալային մեղադրանքի համատեքստում՝ այդպիսով ավելի ու ավելի շատ «փտած սելյոդկա» մտցնելով նրա «հագուստի» մեջ այնքան ժամանակ, քանի դեռ այդ «հոտը» չի սկսում նրան հետևել ամենուր: Իսկ «սպանել-գողացել-պղծել է, թե, ամեն դեպքում՝ ոչ» հարցը գլխավորն է դառնում նրա անունը հիշատակելիս:

Կամ, օրինակ, «40/60» մեթոդը, որը դեռ Գեբելսն էր հորինել: Այն կայանում է ԶԼՄ-ներ ստեղծելու մեջ, որոնք իրենց ինֆորմացիայի 60%-ը տալիս են հակառակորդների շահերին համապատասխան: Փոխարենը՝ այդ կերպ վաստակելով նրա վստահությունը, մնացած 40%-ն օգտագործում են, շնորհիվ այդ վստահության, չափազանց արդյունավետ ապատեղեկատվության համար:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գոյություն ուներ ռադիոկայան, որը լսում էր հակաֆաշիստական աշխարհը: Համարվում էր, որ այն բրիտանական է: Եվ միայն պատերազմից հետո պարզվեց, որ իրականում դա Գեբելսի ռադիոկայանն էր, որն աշխատում էր «60/40» սկզբունքով:

Շատ արդյունավետ է «մեծ ստի» մեթոդը, որը փոքր-ինչ նման է «փտած սելյոդկային», բայց իրականում այլ կերպ է աշխատում: Նրա էությունը կայանում է այն բանում, որ վստահության առավելագույն աստիճանով լսարանին առաջարկեն այնքան գլոբալ ու սարսափելի սուտ, որ գործնականորեն հնարավոր չէ հավատալ, որ կարելի է այդպիսի բանի մասին ստել:

Այստեղ հնարքն այն է, որ լավ մտածված «մեծ սուտն» ունկնդրի կամ ընթերցողի մոտ հարուցում է էմոցիոնալ վատ վիճակ, որը հետագայում երկար ժամանակ ազդում է նրա հայացքների վրա՝ հակառակ տրամաբանության ու խելամտության ցանկացած փաստարկների:

Այս իմաստով հատկապես լավ են աշխատում երեխաների ու կանանց նկատմամբ դաժան վերաբերմունքի ստահոդ նկարագրությունները:

Ենթադրենք՝ խաչված երեխայի մասին հաղորդագրությունը, ի հաշիվ խորը էմոցիոնալ վնասվածքի, որն այն հարուցում է, դեռ երկար ժամանակ կազդի այդ ինֆորմացիան ստացած մարդու հայացքների վրա, որքան էլ որ նրան հետագայում չտարհամոզեն՝ կիրառելով սովորական փաստարկներ:

Բայց մեր առույգ գնդապետը հատկապես սիրում էր «բացարձակ ակնհայտության» մեթոդը, որը տալիս է թեկուզ ոչ արագ, բայց փոխարենը՝ հաջող արդյունք:

Փոխանակ ինչ-որ բան ապացուցես, դու մատուցում ես այն, ինչում ցանկանում ես համոզել լսարանին, որպես ինչ-որ ակնհայտ մի բան, ինքնին ենթադրվող, և դրա համար էլ անվերապահորեն աջակցության է արժանանում ազգաբնակչության գերակշռող մեծամասնության կողմից:

Չնայած իր արտաքին պարզությանը՝ այս մեթոդն աներևակայելիորեն արդյունավետ է, քանի որ մարդկային հոգեբանությունն ինքնաբերաբար արձագանքում է մեծամասնության կարծիքին՝ ձգտելով միանալ նրան:

Կարևոր է հասկանալ միայն, որ մեծամասնությունն անպայման պետք է գերակշռող լինի, իսկ նրա աջակցությունը՝ բացարձակ ու անվերապահ: Հակառակ դեպքում միանալու էֆեկտ չի առաջանում:

Սակայն, եթե այդ պայմաններին հետևում ես, ապա «մեծամասնության դիրքորոշման» կողմնակիցների թիվն աստիճանաբար, բայց հաստատապես մեծանում է արդեն երկրաչափական պրոգրեսիայով՝ հիմնականում ի հաշիվ ցածր սոցիալական շերտերի ներկայացուցիչների, ովքեր առավել շատ են հակված «միացման էֆեկտին»: «Բացարձակ ակնհայտության» մեթոդի աջակցության դասական եղանակներից է, օրինակ, տարատեսակ սոցիալական հարցումների հրապարակումը, որոնք բացարձակ հասարակական միասնություն են արտահայտում այս կամ այն հարցի վերաբերյալ: «Սև» պրոպագանդայի մեթոդիկաները, բնականաբար, չեն պահանջում, որ այդ հաշվետվություններն իրականության հետ որևէ աղերս ունենան:

Ես կարող եմ շարունակել:
Մեզ առհասարակ սովորեցնում էին մի ամբողջ տարի, և մեթոդների ցանկը բավականին մեծ է: Կարևորը, սակայն, դա չէ: «Սև» պրոպագանդայի մեթոդները լսարանի վրա խորը հոգեբանական մեխանիզմների մակարդակում ազդում են այնպես, որ դրա հետևանքներն անհնար է վերացնել սովորական տրամաբանական փաստարկներով: Ակնհայտության մեթոդը անցկացնում են «միացման էֆեկտի» միջոցով, «փտած սելյոդկան»՝ լսարանի գիտակցության մեջ ներդնելով հարձակման օբյեկտի ու կեղտոտ, սկանդալային մեղադրանքի միջև ուղղակի ասոցիացիաներ:

Պարզ ասած՝ մարտական հատուկ պրոպագանդան մարդուն վերածում է զոմբիի, որը ոչ միայն ակտիվորեն ընդունում է իր գիտակցության մեջ ներդրված կարգավորումները, այլև ագրեսիվ կերպով հակադարձում է նրանց, ովքեր այլ հայացքներ ունեն կամ փորձում են նրան հակառակում համոզել՝ կիրառելով տրամաբանական փաստարկներ: Այլ կերպ չի էլ կարող լինել: Մարտական հատուկ պրոպագանդայի բոլոր մեթոդներին միավորում է միասնական նպատակ: Այն կայանում է նրանում, որ թուլացնեն հակառակորդի բանակը՝ նրա շարքերում անհամաձայնություն, փոխադարձ ատելություն ու միմյանց նկատմամբ անվստահություն սերմանելու միջոցով:

Եվ այսօր այդ մեթոդները կիրառվում են հենց մեր նկատմամբ: Եվ արդյունքը, որին դրանք հանգեցնում են, ճիշտ այն է, որին հասնելու համար էլ դրանք ստեղծվել են: Միայն փոխադարձ ատելությունն ու ներքին տարաձայնություններն ի հայտ են գալիս ոչ թե հակառակորդի բանակում, այլ մեր տներում ու ընտանիքներում:

Պարզապես դուրս եկեք փողոց ու տեսեք, թե ինչպես է փոխվել երկիրը վերջին 3 տարում: Ինձ թվում է՝ սեփական ազգաբնակչության նկատմամբ մարտական հատուկ պրոպագանդայի մեթոդներն ավելի արդյունավետ են աշխատում, քան հակառակորդի զինվորների դեմ: Հավանաբար այն պատճառով, որ, ի տարբերություն հակառակորդի զինվորների՝ խաղաղ բնակչությունն իրեն պաշտպանել չի կարող:

Վլադիմիր Յակովլև»:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս