
«Մեծ յոթնյակի» երկրները կոչ են արել Իրանին վերսկսել բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ

«Մեծ յոթնյակի» (G7) արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով վերսկսել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը։
«Մենք՝ G7-ի՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարներս, և Եվրոպական միության բարձր ներկայացուցիչը, 2025 թ. հունիսի 25-ին հանդիպեցինք Հաագայում, որտեղ քննարկեցինք Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները», – նշվել է Իրանի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ G7-ի արտաքին գործերի նախարարները կրկին իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված Իսրայելի և Իրանի միջև հրադադարի ռեժիմին՝ կոչ անելով բոլոր կողմերին խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի անկայունացնել տարածաշրջանը։
«Մենք գնահատում ենք Կատարի կարևոր դերը հրադադարի ապահովման գործում և մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում Կատարին և Իրաքին՝ Իրանի և նրա պրոքսիների ու գործընկերների կողմից իրենց տարածքի դեմ վերջերս կատարված հարվածներից հետո: Մենք ողջունում ենք տարածաշրջանում կայունացման և լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկված բոլոր ջանքերը», – ասվել է համատեղ հայտարարության մեջ։
«Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարները նաև «վերահաստատել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ՝ կոչ անելով Իրանին զերծ մնալ իր անհիմն հարստացման գործունեությունը վերականգնելուց»:
«Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները, որոնք կհանգեցնեն Իրանի միջուկային ծրագրին առնչվող համապարփակ, ստուգելի և երկարաժամկետ համաձայնագրի կնքման», – ընդգծվել է հայտարարության մեջ։
Նախարարները նաև «կոչ են արել Իրանին անհապաղ վերսկսել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ լիարժեք համագործակցությունը և ԱԷՄԳ-ին տրամադրել Իրանում առկա բոլոր միջուկային նյութերի վերաբերյալ ստուգելի տեղեկատվություն, այդ թվում՝ մուտքի հնարավորություն տալով ԱԷՄԳ տեսուչներին։
«Մենք դատապարտում ենք Իրանում ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Գրոսիին ձերբակալելու և մահապատժի ենթարկելու կոչերը։ Մենք ընդգծում ենք Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի էական դերը՝ որպես գլոբալ միջուկային զենքի չտարածման ռեժիմի անկյունաքար։ Կարևոր է, որ Իրանը մնա պայմանագրի կողմ և լիովին կատարի իր պարտավորությունները», – նշված է հայտարարության մեջ։
G7-ի ԱԳ նախարարները ևս մեկ անգամ շեշտել են աջակցությունն Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին։
«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության նկատմամբ։ Այս համատեքստում մենք վերահաստատում ենք, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Իսրայելի անվտանգությանը», – եզրափակել են նախարարները համատեղ հայտարարության մեջ։