Օսկանյանը կառավարությունից բացատրություն է պահանջում
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է 2004թ. փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական վարժությունների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու մասին հարցը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը դարձյալ քննադատելէ ՀՀ կառավարությանը` ընդգծելով, թե ԱԺ-ն պետք է բացատրություն պահանջի կառավարությունից:
«Նախ եկե՛ք համարձակություն ունենանք ընդունելու և արձանագրելու, որ մեր բոլորի զայրույթի և հիասթափության պատճառներից մեկը նաև մեր կառավարության անգործությունն ու թերացումն է այս հարցում: Անընդունելի և անհասկանալի է, որ մեր ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանը՝ Հայաստանի կառավարությունը՝ իր համապատասխան գերատեսչություններով, այս ամենի մասին իմանում է ոճրագործի՝ Բաքու ժամանելուց հետո: Պարզապես անբացատրելի է, որ շաբաթներ առաջ հունգարահայ համայնքի, հայկական կազմակերպությունների ահազանգերից հետո ոչինչ չի արվել մեր գերատեսչությունների կողմից: Անբացատրելի և անընդունելի է, որ մեր գերատեսչությունները հետևողական չեն եղել այս հարցում և հենց առաջինը չեն իմացել, որ Հունգարիան Ադրբեջանի հետ նման գործարքի է գնում: Ես կարծում եմ, որ այս խորհրդարանը բացատրություն պետք է պահանջի կառավարությունից»,- հայտարարել է Օսկանյանը:
«Ես պարզապես կասկած չունեմ, որ այն ամենը, ինչ առ այսօր որպես արձագանք մենք արել ենք, որպես սպառնալիք անեինք երկու շաբաթ առաջ, Սաֆարովն այսօր կլիներ իր խուցում:
Այն, ինչ Հունգարիան արեց Ռամիլ Սաֆարովի հարցում, բարոյական և իրավական առումներով նողկալի է: Բարոյական առումով նրանք պարզապես պարտավորված էին խորհրդակցել հայկական կողմի հետ, դեռ չեմ խոսում հայ-հունգարական դարավոր բարեկամության, հայ համայնքի առկայության, ինչպես նաև Հունգարիայի պատմության և ազատագրական պայքարում հայերի ներդրման մասին:
Իրավական առումով Հունգարիան խախտել է Էքստրադիցիայի մասին եվրոպական կոնվենցիայի տառն ու ոգին՝ քաջ գիտակցելով, որ Սաֆարովն Ադրբեջան ոտք դնելու պահից չէր շարունակելու պատիժը կրել իր երկրում, ինչպես նախատեսված է կոնվենցիայով:
Արդբեջանի մասին նույնիսկ չեմ ուզում խոսել: Նրանք պարզապես աշխարհին ցույց տվեցին իրենց իսկական դեմքը, այն, ինչ հայերս վաղուց գիտեինք ու բարձրաձայում էինք:
Այսօր ունենք այն, ինչ ունենք: Սրանից պետք է դասեր քաղել ու շարժվել առաջ: Ամենամեծ դասը մեզ համար այն է, որ նման անակնկալներ նորից կարող են լինել: Դրանք կարող են շատ ավելի ճակատագրական լինել մեր պետության ու ժողովրդի համար, ուստի հենց այս պահից ամեն ինչ պետք է անել բացառելու նման անակնկալները: Մենք պետք է կարողանանք այսօր ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատականը տալ: Ես կարծում եմ, որ ճիշտ քայլեր անելու դեպքում Արցախի հարցում մենք կարող ենք դիվանագիտական հաջողություններ արձանագրել: Արդեն ճիշտ պահն է, որ օգտագործելով այս առիթը՝ մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշվելու իրավունքի ամրագրումից անցնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ արդեն ավելի քան երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի միջազգայնորեն ամրագրմանը»,- ասել է Վարդան Օսկանյանը` ընդգծելով, թե միասնական և համարձակ քայլերի ժամանակն է:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 31-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որտեղ որոշվեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները շարունակելու մասին հարցի շուրջ ԱԺ արտահերթ նիստ գումարել: