Բաժիններ՝

«Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, ծածկված է աղբով, և աղբի տակ է գտնվում մեր երկիրը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց անհանդուրժող լինել աղբի նկատմամբ: Այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 21-ին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջետային ծրագրերի քննարկմանը վերաբերող խորհրդակցության ընթացքում։

«Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, ծածկված է աղբով, և աղբի տակ է գտնվում մեր երկիրը: Սա արձանագրում է, որն իր մեջ նորություն չի պարունակում, բայց ՀՀ-ում իմ շրջագայություններն ինձ հանգեցնում են մի տխուր նախնական եզրակացության, որ մենք, կարծես, աղբի հարևանությամբ հանգիստ, խաղաղ և հաշտ ենք ապրում: Անկեղծ ասած, չեմ կարողանում պատկերացնել այն տեսարանը, երբ ՀՀ քաղաքացիներ կանգնած են ուղղակի, զրուցում են, երբեմն, նույնիսկ, խնջույք են կազմակերպում, երբ միջավայրն ամբողջությամբ պատված է աղբով: Աղբի նկատմամբ հանդուրժողականությունն է, որ ՀՀ-ում հանդուրժում է կոռուպցիան, չարաշահումները, բազմաթիվ ոլորտների աղբերը»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ կա մակրո, տեղային և անհատական խնդիր:

«Մակրո խնդիրը աղբի վերամշակման ռազմավարություն ունենալն է, և կոնկրետ քայլեր ձեռնարկելը, և մենք այդ քննարկումներն անում ենք: Կա տեղային խնդիր, և իմ տպավորությամբ, ՀՀ քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմիններից բավարար հետևողականությամբ չեն պահանջում, որպեսզի աղբի կառավարման հետ կապված կոնկրետ խնդիրներ լուծվեն: Երևանում մենք վերջերս տեսանք աղբի ճգնաժամը, և տեսնում ենք նաև այդ ճգնաժամի հաղթահարումը: Բայց, երբ այսօր տեղեկություններ ենք ստանում, որ մի շարք համայնքների ղեկավարներ գյուղապետարաններում կեղծ հաստիքների վրա կեղծ մարդկանց են աշխատանքի ընդունել, և միլիոնավոր գումարներ դուրս գրել, և մյուս կողմից այդ համայնքներն աղբի մեջ են, առաջին միտքը, որ գալիս է, հետևյալն է, որ, եթե քաղաքացիները համայնքային նշանակության խնդիրները ձևակերպեին, այդ գյուղապետները ժամանակ և կարողություն չէին ունենա այդ չարաշահումները թույլ տալու: Եվ կա անհատական մակարդակ՝ ես չեմ տեսնում, որ մեր երկրում աղբի նկատմամբ կռիվ կամ կոնֆլիկտ կա: Եթե մենք անհատական մակարդակում աղբը չհանդուրժենք, տեղային մակարդակում կամ մակրո մակարդակում ինչպես պետք է հանդուրժենք»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց նաև, որ աղբն այսօր առկա է նաև ջրային համակարգում և ջրանցքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս