Մհեր Գրիգորյանը պետք է հաշվարկներ կատարի և ուղարկի Մշակույթի նախարարություն
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում քննվեց «Ցուցահանդեսների կենտրոն» ՊՕԱԿ-ի նախկին տնօրեն Մհեր Գրիգորյանի հայցն ընդդեմ Մշակույթի նախարարության: Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում է չեղյալ համարել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից Մհեր Գրիգորյանին «Ցուցահանդեսների կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրենի՝ աշխատանքից ազատման հրամանը:
Դատական նիստի սկզբում հայցվոր կողմը ներկայացրեց հայցը հիմնավորող որոշ փաստարկներ: Այնուհետև ներկայացվեցին Մշակույթի նախարարության իրավապաշտպան Արտակ Գևորգյանի հակափաստարկները: Դատավոր Արայիկ Մելքումյանը հայտնեց, որ սա նախնական դատական նիստ է, և հայցվոր Մհեր Գրիգորյանին հանձնարարեց հաշվել իրեն փոխհատուցվող վնասի չափը՝ մինչև հաջորդ դատական նիստը: Դատավորն այսօրվա դատական նիստը հայտարարեց փակված`տեղեկացնելով, որ հաջորդ դատական նիստը կկայանա 2012թ., սեպտեմբերի 18-ին:
«Դատավորն ինձ ասաց, որ ես հաշվարկները կատարեմ և ուղարկեմ Մշակույթի նախարարություն: Դե, իրենք էլ պետք է տեղյակ լինեն, թե ինչքան են վճարելու`հայցը բավարարելու դեպքում: Փաստերն այնքան աղաղակող են, որ մտածում եմ`հավանաբար դատավորը հայցը կբավարարի, և ես կվերականգնվեմ իմ նախկին պաշտոնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ցուցահանդեսների կենտրոն» ՊՕԱԿ-ի նախկին տնօրեն Մհեր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ 168.am-ն անդրադարձել էր այս աղմկահարույց դեպքին: