Նյու Դելիում մի քանի հազար մարդ է ցույց դուրս եկել քաղաքացիության մասին օրենքի դեմ
Դեկտեմբերի 20-ին Հին Դելիի պատմական մզկիթի մոտ մի քանի հազար մարդ է ցույցի դուրս եկել քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրույթի դեմ: Ինչպես հայտնել է NDTV հեռուստաալիքը, ոստիկանությունը խոչընդոտում է մզկիթի մոտ հավաքվածներին՝ երթով անցնել փողոցներով եւ փորձում է զսպել բազմությանը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ակցիան գլխավորում է «Բհիմ Արմի» կազմակերպության (պայքարում է ցածր խավերի իրավունքների համար) առաջնորդ Չանդրաշեքար Ազադը: Ավելի վաղ իշխանություններն Ազադին թույլ չէին տվել երթ կազմակերպել Նյու Դելիով՝ Մայր մզկիթից մինչեւ քաղաքի կենտրոնի հնագույն աստղադիտարանը: Նյու Դելիում վերջին 24 ժամվա ընթացքում շուրջ 1200 մարդ է բերման ենթարկվել քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրության ընդունման դեմ անցկացված բողոքների ընթացքում: Ոստիկանությունը փակել է քաղաքի կենտրոնը, արգելված են բոլոր բազմամարդ հավաքներն ու միջոցառումները: Դեկտեմբերի 20-ին քաղաքում անվտանգության խստացված միջոցներ են հայտարարված:
Ոստիկանությունը հերթապահում է խաչմերուկներում եւ հրապարակներում: Որոշ փողոցներում երթեւեկությունը փակված է կամ սահմանափակված: Ինչպես մամուլին հայտնել է Նյու Դելիի ոստիկանության հասարակայնության հետ կապերի գծով ներկայացուցիչ Մանդիպ Սինգհ Ռանդհավան, լրացուցիչ մայրաքաղաք է մտցվել 52 ոստիկանական ստորաբաժանում. այդ թվում՝ ահաբեկչության եւ զանգվածային անկարգությունների դեմ պայքարի հատուկ զորամասեր:
Քաղաքացիության մասին օրենքի ուղղումները, որն ուժի մեջ է մտել անցած շաբաթվա վերջին, նախատեսում են, որ Հարավային Ասիայի հարեւան երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի, Պակիստանի եւ Բանգլադեշի ոչ մուսուլման բնակիչները պարզեցված կարգով Հնդկաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորություն կունենան, եթե նրանք բռնաճնշումների են ենթարկվել հայրենիքում: Օրենքը հարուցել է Հնդկաստանի մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, որ ուղղումները խախտում են Սահմանադրությունը եւ կրոնական հատկանիշով խտրականություն են ենթարկում երկրի քաղաքացիների մի մասին: Վրդովմունք են հայտնել նաեւ երկրի հյուսիսարեւելյան նահանգների բնակիչները, որոնք զգուշանում են, որ այժմ իրենց տարածաշրջաններում օրինական կարգով կկարողանան հաստատվել միլիոնավոր բանգլադեշցիներ, ինչը, բողոքների կազմակերպիչների կարծիքով, սպառնում է տեղի բնակչության շահերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: