«Նման քայլերը միայն հիշեցնում են, որ աշխարհում կա նման չլուծված պատմական էջ»

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատն առաջին անգամ ճանաչեց ու դատապարտեց 20-րդ դարասկզբի մեծագույն ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը: Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփի վարչակազմի դիմակայությանն ու Թուրքիայի պարբերական սպառնալիքներին` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը չորրորդ անգամ ներկայացրեցին սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Թեդ Քրուզը, որի արդյունքում Սենատը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` կոչ անելով ԱՄՆ-ին պաշտոնապես ճանաչել  Ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը (S.Res.150) սահմանում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ժխտելուց, ԱՄՆ–ի կառավարության կողմից պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, իրազեկել Հայոց ցեղասպանության մասին ապագայում նման հանցագործությունները կանխելու նպատակով։

«Ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունից հետո` ԱՄՆ Սենատն ի վերջո կանգնեց ճշմարտության կողքին»,- քվեարկությունից հետո հայտարարեց բանաձևի համահեղինակ Ռոբերտ Մենենդեսը, ով ընտրության առաջին օրից` ավելի քան տասը տարի, պայքարում է հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման: Երեք անգամ փորձ էր արվել ցեղասպանությունը ճանաչող բանաձև ներառել նաև Սենատի օրակարգում, սակայն երեք փորձերն էլ ձախողվել էին, քանի որ սենատորներ Քևին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը օգտվել էին իրենց վետոյի իրավունքից և արգելափակել էին հարցի օրակարգ մտնելը։ Փաստորեն, այս անգամ սենատորներից և ոչ մեկը չի խոչընդոտել բանաձևի քվեարկությանը, որն էլ, ինչպես արդեն նշեցինք, միաձայն ընդունվել է։

Ավելի վաղ` անցած հոկտեմբերի 29-ին Կոնգրեսի Ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ձայների գերակշռող մեծամասնությամբ` 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ: Այդ բանաձևի հեղինակ, հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը շտապել էր ողջունել Սենատի որոշումը. «Կոնգրեսն այժմ միասնական է Ցեղասպանության մասին ճշմարտությունը բարձրաձայնելու հարցում, և ժամանակն է, որ ԱՄՆ նախագահը ևս մեզ միանա»:
Հարկ է նշել, որ Սենատի և Ներկայացուցիչների տան բանաձևերը միմյանցից անկախ են, օրենքի ուժ չունեն և, ըստ ընթացակարգի, չեն պահանջում ԱՄՆ նախագահի ստորագրությունը։ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը միաժամանակ փաստում է` այդ քվեարկություններով ԱՄՆ օրենսդիր իշխանությունն ամբողջովին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Լոբբիստական կառույցն արձանագրում է` Ամերիկայի դեսպաններն աշխատանքի անցնելուց առաջ պարտավոր են ստանալ Սենատի հավանությունը, ինչը նշանակում է, որ «այսուհետ բոլոր թեկնածուները պետք է հետևեն Կոնգրեսի պաշտոնական քաղաքականությանը, այլապես վտանգի տակ կդնեն իրենց հեղինակությունն ու աշխատանքը»։

Պաշտոնական Երևանը ողջունեց ԱՄՆ Սենատի դիրքորոշումը՝ նշելով, որ այս որոշումը վճռական քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևը։ Այս որոշումը վճռական քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում: Իսկ  Անկարան թե նախագահի աշխատակազմի ղեկավարի, թե ԱԳ նախարարի մակարդակով  դատապարտել է ԱՄՆ Սենատի որոշումը:

«168 Ժամի» հետ զրույցում թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ հասկանալու համար, թե այս գործընթացն ուր կարող է տանել ճանաչման հարցը, պետք է դիտարկել, թե երբ է այն տեղի ունենում: Նրա դիտարկմամբ, սա, անկասկած, կապ ունի թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայումս ստեղծված իրավիճակի և այն տրամադրությունների հետ, որոնք առկա են ԱՄՆ օրենսդիր մարմնում՝ և Ներկայացուցիչների պալատում, և Սենատում:

«Այս օրերին Սենատում քննարկվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու և սիրիական օպերացիան իրականացնելու համար: Թվում էր, թե Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ  կատարած այցից հետո որոշակի փոփոխություն մտավ թուրք-ամերիկյան հարաբերություններում, որին հաջորդեց ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից  ջանքեր Սենատում այս բանաձևի ընդունման դեմ, և մի քանի անգամ այդ միջամտությունը հաջողեց, սակայն վերջնարդյունքում հաջողեցին բանաձևի հեղինակները, քանի որ կար դժգոհություն Թուրքիայի քաղաքականությունից Սիրիայում, մասնավորապես, Թուրքիայի սիրիական վերջին օպերացիան և Ռուսաստանի հետ սպառազինության գործարքը, որի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են Թուրքիա-Ռուսաստան և Թուրքիա-ԱՄՆ ձևաչափերում:

Չեմ կարծում, թե ԱՄՆ նախագահի օրակարգում կա ճանաչման հարց, այլապես նախագահի վարչակազմից միջամտություն չէր լինի: Ես չեմ կարծում նաև, որ սա Թուրքիայի նկատմամբ ճնշման փորձ է, քանի որ այն իսկապես ոչ թե ճնշում է, այլ ավելի է սրում Թուրքիայի իշխանական շրջանում առկա տրամադրությունները: Սա առավելապես առկա տրամադրությունների արտահայտում է ԱՄՆ Կոնգրեսում, որը տեղի է ունենում մի շրջանում, երբ մի քանի ուղղություններով թուրքական քաղաքականությունը սուր քննադատության է ենթարկվում: Չեմ կարծում, թե սա օգտագործվում է՝ որպես ճնշման գործիք»,-  -պարզաբանեց Ջենգիզ Աքթարը:

Նրա խոսքով՝ այս փուլում նման քայլերը միայն հիշեցնում են, որ աշխարհում կա նման չլուծված պատմական էջ, սակայն իրականում ոչինչ չեն փոխում, քանի որ չունեն հետևանքներ՝ «շարունակականություն»:

Բնականաբար, Աքթարի խոսքով, սա չի փոխելու Թուրքիայի քաղաքականությունն իր հարևան երկրի հանդեպ, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցը չի վերադառնալու ակտիվ օրակարգ: «Ի վերջո, կարևորը հարաբերությունների վերականգնումն է, բայց այդ հարցը դուրս է եկել երկու երկրների ակտիվ օրակարգերից: Ես այս պահին չեմ քննարկում, թե որ կողմի մեղավորության հետևանքով է ստեղծվել ներկայիս իրավիճակը, բայց երկու երկրներն էլ այսօր զբաղված են շատ այլ հարցերով, և իրերի ներկայիս դրությունը կարծես չի անհանգստացնում որևէ կողմի»,- ասաց վերլուծաբանը:

Վերջինիս կարծիքով՝ ավելի ազդեցիկ կլինեին քայլերը, որոնք կունենային իրավական հետևանքներ և շարունակություն: «Իսկ նման բանաձևերը պարզապես ևս մեկ անգամ բարձրաձայնում են նման հարցի առկայությունը, և դրանով ամեն ինչ սահմանափակվում է: Լոբբիստական կազմակերպությունները, վստահ եմ, այս ուղղությամբ կշարունակեն աշխատել, բայց երբ կունենան հաջողություն, կրկին դժվար է ասել՝ հաշվի առնելով ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունները: Այս բանաձևը չի կարող փոխել թուրքական քաղաքականությունը, ինչպես և շատ ուղղություններով Թուրքիայի քաղաքականությունը, որին ԱՄՆ-ը դեմ է, չի կարողանում վերահսկել, քանի որ Թուրքիան նաև արժեքավոր գործընկեր է Արևմուտքի համար, և պատժամիջոցների սահմանումը բավականին բարդ հարց է ԱՄՆ-ի համար, որը կարող է փակուղի մտցնել հարաբերությունները»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս