«Աղետի գոտին, ցավոք սրտի, դեռ շատ երկար ենք տեսնելու և զգալու ենք այդ ցավը». Վահան Թումասյան
«Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը 168.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ իրենց կենտրոնին հասցեագրված վառելափայտը շուտով տեղ կհասնի: Օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում նա տեղեկացրել էր, որ կենտրոնին հասցեագրված վառելափայտով բարձված մեքենան տարել են Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին՝ կասկածանքով, որ վառելափայտի ձեռքբերման փաստաթղթերն օրինական չեն: Վահան Թումասյանը պնդեց՝ վառելափայտն օրինական ճանապարհով ձեռք բերելու բոլոր փաստաթղթերն առկա են:
«Ինչ-որ գործ են հարուցել, ուսումնասիրությունների փուլում է: Հուսով եմ, որ մեկ-երկու օրից ամեն ինչ կհարթվի, կգա տեղ կհասնի: Այլընտրանքային տարբերակ ենք գտել, որ գործը չդադարի, այլ վաճառողներից ենք գնել փայտը: Ես, անկեղծ ասած, ուզում էի դադար տալ, բայց հովանավորների հետ քննարկեցինք, հասկացանք, որ կարիքավոր մարդիկ չպետք է տուժեն»:
«Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահը փոխանցեց, որ վառելափայտի փոքր քանակ են տարել ոստիկանություն, մնացած՝ Գյումրի չհասած խմբաքանակն էլ հետ է ուղարկվել: Մեր զրուցակիցը ցավով նշեց՝ աղետի գոտի արտահայտությունը դեռ երկար ենք լսելու: Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շահառու է ճանաչվել մոտ 500 ընտանիք: Հավաքագրվել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից հետո տեղադրված ավելի քան 7000 ոչ հիմնական շինություններ: Ստացվում է՝ մոտ 8000 ընտանիք աղետի գոտում դեռ բնակարանի կարիք ունի:Մեր պնդմանը, թե սոցիալական ցանցերով ակտիվ տարածվում են ծաղկող Գյումրիի նկարներ, ամանորյա նկարներ, որոնցից կարելի է ենթադրել, որ Գյումրին Երևանին չի էլ զիջում, Վահան Թումասյանը պատասխանեց.
«Աղետի գոտին, ցավոք սրտի, դեռ շատ երկար ենք տեսնելու և զգալու ենք այդ ցավը: Ինձ համար իրականությունը բնակիչներն են, ոչ թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառուցած և ամանորյա զարդարանքներ կրող շենքը, կամ մեկ-երկու փողոցը, Գյումրին միշտ գեղեցիկ է եղել: Այս քաղաքը կառուցել են իրական գյումրեցիները, կառուցող գյումրեցիները, իրական հայրենասերները: Այնպիսի քաղաք են կառուցել, որ արդեն 3-4-րդ ռեժիմն է անցնում, բայց այդ հմայքը չի կորչում: Նույնիսկ երկրաշարժի պահին, երբ ամբողջ քաղաքը ողբերգության մեջ էր, կարող էին այդ շենքերի նկարները տեղադրել, և շատ գեղեցիկ կլիներ»:
Վահան Թումասյանի պնդմամբ՝ միակ մարդը, որ կարող է իրեն վերագրել այս քաղաքը գեղեցիկ դարձնելը, դա Ալեքսանդրապոլ-Գյումրիի առաջին քաղաքապետ Գեղամ Տեր-Պետրոսյանն է:
«Այդ շենքերն այնքան գեղեցիկ են կառուցված, որ մի երկու լույս կախելով, մի երկու փողոց ասֆալտելով՝ այդ տեսքը չի փոխվում: Իրական Գյումրիում հազարավոր ընտանիքներ ապրում են կարիքի մեջ, սոսկալի ծանր պայմաններում, անմխիթար պայմաններում, և այդ մարդկանց օգնել է պետք: Գյումրին միակողմանի միշտ էլ կարող էին տեսնել, ես չեմ ասում՝ չպետք է տեսնենք, գեղեցիկ Գյումրին ամենաշատ ցւոցադրողը մենք ենք»:
Ըստ Քաղաքաշինության կոմիտեի տվյալների՝ այս տարվա պետբյուջեով հատկացված 560.0 մլն դրամի շնորհիվ լուծման ընթացքում է ծրագրի շահառու ճանաչված 61 ընտանիքի բնակարանային խնդիր: Ծրագրի շահառու ճանաչված մնացած 453 ընտանիքից 227-ի բնակարանային խնդրի լուծման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 1.291,6 մլն դրամ: Մնացած ընտանիքների բնակապահովման հարցը ՀՀ կառավարության գործունեության միջոցառումներով նախատեսված է լուծել մինչև հաջորդ տարեվերջ: Այս կապակցությամբ 2020 թվականին պետբյուջեով նախատեսվել է 3.0 մլրդ ՀՀ դրամ: Վահան Թումասյանն ասում է՝ քանի դեռ չի տեսել, գնահատական չի տա:
«Ամենաճիշտ գնահատականը կարող ենք տալ տարեվերջին, կամ երկրորդ կիսամյակին, երբ կտեսնենք, թե քանի ընտանիք է վերջին երկու տարում պետական ծրագրերով բնակարան ստացել, քանի տնակ է քաղաքից մաքրվել, քանդվել: Հիմա, կարծում եմ, դեռ ոչ մի: Հիմա գնահատական տալ չեմ կարող, քանի դեռ չեմ տեսել: Ինձ համար ամենաիրատեսականը և ողջունելին Տիգրան Մեծ պողոտայի շենքի ամրացման ծրագիրն է, կամ խոստումը»:
Վահան Թումասյանը վստահ է՝ աղետի գոտին վերացնելու համար շատ մեծ գումար է պետք, սակայն միայն ֆինանսով հարցը չի կարող լուծվել, անհրաժեշտ էքաղաքական կամք՝ համայն հայության ուժերն ու ջանքերը կոորդինացնելու համար:
«Դա հսկայական պրոբլեմ է, հիվանդության պես բարդություններ է տվել: Պետք չէ ընկնել թվերի ու հաշվարկների հետևից, պետք է սկսելգործողությունը, աշխատանքը»,- եզրափակեց Վահան Թումասյանը: