Բաժիններ՝

Թոմ Հենքսի գիրքն առաջին տեղում է

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է նոյեմբերի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Թոմ Հենքսի «…Այն, ինչ զգում է իմ սիրտը» պատմվածքների ժողովածուն: Ամերիկացի հանրահայտ դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թոմ Հենքսը նաև լավ գրող է։ Հենքսի գրական ստեղծագործությանն առաջին անգամ մայրենիով ծանոթանալով՝ հայ ընթերցողը կհամոզվի, որ նա տաղանդավոր է ոչ միայն կինոյի, այլև գրականության բնագավառում։ Նրա հումորով թաթախուն, բարի պատմվածքներն արժանացել են ոչ միայն ամերիկյան, այլև տարբեր երկրների ընթերցողների համակրանքին, դրանցում սարոյանական շունչ է զգացվում: Գիրքը թարգմանել է Ռուզան Ազիզյանը:

Երկրորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք արժանացել է «Հյուգո» մրցանակի։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով վեպ (նույն անվանմամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:

Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում Ջորջ Օրուելի «1984» վեպը: 1949 թ. հրատարակված այս հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառա­բանություններով։ 2009 թ. The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը՝ բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։ Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան:

Սթիվեն Քինգի «Փայլատակում»-ը չորրորդ տեղում է: «Օվերլուքը» հին ու շքեղ հյուրանոց է Կոլորադոյի Ռոքի լեռներում: Հյուրանոցի ձմեռային նոր տնտեսը՝ Ջեք Թորենսը, հույս ունի այստեղ վերագտնել իր ստեղծագործական ձիրքը: Նրա կնոջն ավելի շատ մտահոգում է ընտանիքի վտանգված կայունությունը, իսկ Դենին՝ նրանց տղան, որն օժտված է պայծառատեսությամբ, արդեն գիտի, որ հյուրանոցի դատարկ սենյակներում իրենց դարանակալած սպասում է սարսափը…Թարգմանությունը` Լուսինե Ղալումյանի:

Աբբա Պրևոյի «Մանոն Լեսկոն» հինգերորդ տեղում է: Պրևոն իր հանրահայտ վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խորը զգացմունքների պատմություն է: Թարգմանությունը՝ Վ. Գիլավյանի:

Վեցերորդ հորիզոնականում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ամենահայտնի ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է` ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:

Յոթերորդ տեղում է Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» գիրքը: Այս գործն իննամյա աղջկա անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերությունները և թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհի մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախն անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ և հաճելի գրքին: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

Ութերորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ լույս է տեսել 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:

Իններորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:

Տասներորդ տեղում Ուիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակն է: Այն Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս