Բաժիններ՝

Թրամփը գոհունակություն է հայտնել ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի հրաժարականի առնչությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «լավ է», որ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվել՝ ասելով, թե նա շատ թույլ էր անվտանգության հարցում։

«Երբ մեզ հետ աշխատում է մեկը, ով ասում է, որ չի մտածել, որ Իրանը սպառնալիք է, մեզ պետք չեն նման մարդիկ։ Նրանք խելացի մարդիկ չեն, կամ նրանք խորաթափանց մարդիկ չեն», – CNN-ի փոխանցմամբ, հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակված հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան մարտի 17-ին հայտարարել է հրաժարականի մասին՝ պատճառաբանելով դա Իրանում ամերիկյան վարչակազմի կողմից տարվող պատերազմով։

Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթն իր հրաժարականի դիմումը հրապարակել է X-ում՝ գրելով․ «Երկար մտորումներից հետո ես որոշեցի հրաժարական տալ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի պաշտոնից, որն ուժի մեջ կմտնի այսօրվանից։

Ես չեմ կարող մաքուր խղճով աջակցել Իրանում շարունակվող պատերազմին։ Իրանը մեր ազգի համար որևէ անմիջական սպառնալիք չէր ներկայացնում, և պարզ է, որ մենք այս պատերազմը սկսեցինք Իսրայելի և նրա հզոր ամերիկյան լոբբիի ճնշման պատճառով»։

Ամերկյան CNN լրատվականը գրում է, որ սա Իրանի դեմ ԱՄՆ պատերազմի մեկնարկից ի վեր ամենաբարձրաստիճան հրաժարականն է։

Սպիտակ տան երկու պաշտոնյաներ և թեմային ծանոթ մեկ անձ հայտնել են, որ Քենթը մարտի 16-ին հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ՝ բացատրելով, թե ինչու է Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ մտահոգությունների պատճառով մտադիր հրաժարական տալ և ներկայացրել է իր հրաժարականի դիմումը։

Նշվում է, որ Վենսը հորդորել է Քենթին խոսել Թրամփի աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի հետ՝ նախքան հրաժարականի ներկայացումը։ Պաշտոնյաներից մեկի տեղեկություններով՝ նա նախքան հրապարակային հայտարարություն անելը խոսել է Ուայլսի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս