Հայաստանը պետք է վերանայի ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու փաստը

Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի որոշումը եղել է երկու պետությունների նախագահների անձնական որոշումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Հատկանշական է, որ Հունգարիայի Պաշտպանության ու Արտաքին գործերի նախարարություններն այս որոշման նկատմամբ որևէ հայտ չէին ներկայացրել: Հունգարիայի կատարած քայլն ամոթ է ոչ միայն իրենց, այլև ողջ Եվրամիության համար: Հունգարիան, լինելով Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ, հիասթափեցրել է ողջ աշխարհին, որովհետև Սաֆարովը դարձավ ազգային հերոս՝ հային սպանելուց հետո»,- ասաց նա:

Ըստ Ռ. Կիրակոսյանի՝ Բաքուն այս քայլով ուժեղացրեց տարածաշրջանում առկա ճգնաժամը՝ ներելով մարդասպանին, արժանացնելով նրան պատվի: «Սաֆարովը ստացավ բնակարան, մի քանի ամսվա աշխատավարձ, սպայի կոչում: Հատկանշական է, որ սա նաև խոսում է ադրբեջանական բանակի մասին, որը, փաստորեն, խրախուսում է սպանությունը: Սա հիվանդագին երևույթ է: Ես համամիտ եմ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականին, որ սա ատելության հանցանք էր»,- հավելեց Ռ. Կիրակոսյանը:

Տարածաշրջանային Ճգնաժամը, ըստ նրա, ավելի է ուժգնանում, քանի որ Ադրբեջանը ակնհայտ ցույց տվեց, որ չի կարևորում միջազգային հանրության պատասխանը նմանատիպ քայլերին:

Կարդացեք նաև

Կիրակոսյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ԱՄՆ-ը առաջինը պատասխանեց Հունգարիայի որոշմանը: «Սպիտակ տան ու Անվտանգության խորհրդի ուժեղ հայտարարությունները խոսում էին նախագահ Օբամայի անհանգստության մասին: Նշեմ, որ կարևոր է, որ ոչ մի բան չենք լսում Մոսկվայից: Այն դեպքում, երբ Ռուսաստանը Հայաստանի ստրատեգիական գործընկերն է: Սրանով քողազերծվում է այն հանգամանքը, թե ինչքանով է ստրատեգիական մեզ համար»,- շեշտեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Անդրադառնալով Հայաստանի հետագա պատասխան քայլերին, Ռ. Կիրակոսյանն ընդգծեց, որ տեղի ունեցած միջադեպը միջազգային հանրության համար թեստ է` հասկանալու համար, թե ինչպե՞ս են իրենք պատասխանում նման միջադեպերին. «Եթե միջազգային հանությունը չտա համապատասխան պատասխան, Հայաստանը կարող է փոխել վարած քաղաքականությունը՝ դիտարկել, որոշել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին՝ Հայաստանի ինտեգրման դադարեցման մասին հարցը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գալիս է Հայաստան, ու նախագահը պետք է շեշտի, որ ՆԱՏՕ-ն չկարողացավ ապահովել հայի անվտանգությունը: Մենք պետք է սպասենք ՆԱՏՕ-ի քննադատություններին ու Բրյուսելի արձագանքին: Խելացի կլինի նաև ԼՂՀ բանակցային գործընթացից Հայաստանի դուրս գալը: Եթե Ադրբեջանը շարունակի անփույթ վարվել, պետք է Եվրոպայից պահանջել Արցախի անկախության ճանաչումը»:

 

Տեսանյութեր

Լրահոս