Մի՛ ստիպեք մեզ հիշեցնել ձեր քաղաքական անցյալը. «Իմ քայլ»-ական պատգամավորը՝ ԲՀԿ-ին
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ ամբիոնից իշխանական քաղաքական մեծամասնությանը կանգ առնելու կոչով դիմեց: «Կա՛նգ առեք, գնացեք մեզ լսեք, մեզ որ լսեք, ճիշտ ճանապարհով կգնանք։ Նախորդը մեզ չլսեց, տեսա՞ք՝ ի՞նչ եղավ»,- ասաց Մելքումյանը։
ԲՀԿ-ական պատգամավորի այս կոչին շտապեց արձագանքել իշխանական խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ ԲՀԿ-ին հիշեցնելով իր անցած ուղին խորհրդարանում։
«Հարգելի՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն, խնդրում եմ ձեզ՝ մնալ կոռեկտության սահմաններում և հիշել, թե նախկին իշխանություններին ո՞վ է սատարել իրենց բոլոր ժամկետներում, ո՞վ է նրանց հետ կոալիցիա կազմել և կիսել նրանց հետ պատասխանատվություն այն բոլոր ձախողումների համար, որոնք կային մինչև թավշյա հեղափոխություն»,- ասաց «Իմ քայլ»-ական պատգամավորը։
Վերջինս խորհուրդ տվեց պատմական ակնարկներ չանել և փոքր-ինչ կոռեկտ լինել և նայել առաջ, ոչ թե հետ։
«Մի՛ ստիպեք մեզ ձեզ հիշեցնել ձեր քաղաքական անցյալը։ Մենք փակել ենք այդ էջը և փորձում ենք ամեն ինչ սկսել զրոյից։ Մի՛ սպառնացեք, ինչպես ասում էր դասականը»,- ասաց Բեղլոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում