«Պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է երկու կողմերի հաստատած հիմնարար սկզբունքներին». Լավրովը պաշտպանեց Ալիևի թեզը
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի իրագործվեն Վիեննայի գագաթաժողովին ձեռք բերված և Մոսկվայում նախարարական հանդիպման ժամանակ վերահաստատված վստահության ամրապնդման պայմանավորվածությունները, հումանիտար շփումները, այդ թվում՝ ԶԼՄ-ների գծով»,- նախօրեին Բաքու կատարած երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացին:
Նա նշեց, որ այդ պայմանավորվածություններն աստիճանաբար իրագործվում են, և հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկայում կայանալիք հանդիպումը կհամախմբի այդ գործընթացը:
Ուշագրավն այն է, որ նոյեմբերի սկզբին ՀՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն իր համաձայնությունն էր հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած այն թեզին, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի՝ ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ՝ Ադրբեջանի ժողովուրդների համար: «Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հիշեցրել է իր հրապարակային հայտարարությունը, որ ամփոփիչ պայմանավորվածությունը պետք է հաշվի առնի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի շահերը, և դրա հետ դժվար է չհամաձայնել»,- ասել էր Լավրովը:
Նախօրեին Բաքվում ՌԴ ԱԳ նախարարն ըստ էության փորձեց պահպանել իր դիվանագիտական հայտարարությունների միջև հավասարակշռությունը՝ համաձայնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք դիտարկումներին:
«Ես լիովին պաշտպանում եմ Ձեր այն թեզը, որ պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է երկու կողմերի հաստատած հիմնարար սկզբունքներին՝ ամրագրված ՄԱԿ-ի Կանոնադրությունում և Հելսինկյան եզրափակիչ ակտում»,- ասաց Լավրովը՝ ըստ էության անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսին արած հայտարարությանը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»:
Իր հերթին՝ Իլհամ Ալիևը Լավրովի հետ հանդիպման ընթացքում հակամարտության կարգավորման գործընթացից խոսելիս շեշտեց, որ սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Այս ուղղությամբ, ցավոք սրտի, տեսանելի արդյունքներ չկան: Կարծում եմ, որ դրա գլխավոր պատճառը ՀՀ իշխանությունների վարած արդյունավետությանը հակադիր քաղաքականությունն է, հատկապես հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղը Հայաստան է: Եվ ուրախ եմ, որ Ձեր կողմից և մյուս երկրների համանախագահների կողմից տրվեց ճիշտ գնահատական այդ տարօրինակ, մեղմ ասած, հայտարարությանը: Բայց մենք շարունակելու ենք համագործակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Առաջիկայում տեղի է ունենալու Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը»,- նշեց Ալիևը՝ հույս ունենալով, որ բանակցային գործընթացում ռուսական կողմը կշարունակի ունենալ ակտիվ մասնակցություն:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» թեզին ՌԴ ԱԳՆ-ն անդրադառնում է արդեն երրորդ անգամ: Առաջին անդրադարձը եղել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, երկրորդը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից ռուսական «Վալդայ» քննարկումների ակումբի նիստի իր ելույթում: Լավրովն ասել էր, որ նման հայտարարությունները չեն նպաստում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: