Ռուսաստանից թռիչքների վերսկսումը կլինի ճիշտ ուղղությամբ արված քայլ. Վրաստանի ԱԳՆ
ՌԴ-ից Վրաստան թռիչքների վերականգնումը ճիշտ ուղղությամբ արված քայլ կլինի, քանի որ քաղաքացիների ազատ տեղաշարժը մարդկանց հիմնարար իրավունքն է, եւ այն չարժե սահմանափակել: Այդ մասին Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին նոյեմբերի 27-ին հայտարարել է վրացի լրագրողներին։
«Մենք միայն կողջունենք, եթե դա (թռիչքների արգելքի վերացումը) տեղի ունենա շուտով: Ես նույնիսկ կարծում եմ, որ (Ռուսաստանը) ուշացել է: Միջազգային այցելուներից ոչ ոք, այդ թվում նաեւ Ռուսաստանի քաղաքացիները, խնդիրների չեն բախվում Վրաստանում: Դա չի լինելու նաեւ ապագայում, քանի որ մարդկանց միջեւ հարաբերությունները, ազատ տեղաշարժը այն հիմնարար իրավունքն է, որի արհեստական սահմանափակումը ճիշտ չէ: Ես կարծում եմ, որ եթե թռիչքները վերականգնվեն, դա կլինի ճիշտ ուղղությամբ արված քայլ»,-ասել է Զալկալիանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: