«Մենք ոչ ոքի չենք խոստացել, որ չենք ծավալելու կամ օգտագործելու C-400-ը. մենք դրանք գնել ենք, որովհետև հակաօդային պաշտպանության համակարգի կարիքն ունենք». Չավուշօղլու
Թուրքիան խոստումներ չի տվել այն բանի կապակցությամբ, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգեր չի ծավալելու: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
«Մենք ոչ ոքի չենք խոստացել, որ չենք ծավալելու կամ օգտագործելու C-400-ը: Մենք դրանք գնել ենք, որովհետեւ հակաօդային պաշտպանության համակարգի կարիքն ունենք»,-նախարարի խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը: Թուրքիայի զինված ուժերը նոյեմբերի 25-ին սկսել են C-400-ի ռադիոտեղորոշման համակարգերի փորձարկումները: Ավելի վաղ ամերիկացի սենատոր Քրիս վան Հոլենը հայտարարել է, որ Թուրքիան հատել է հերթական «կարմիր գիծը»՝ ձեռնամուխ լինելով Ռուսաստանի կողմից մատակարարված C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ռադարների փորձարկմանը: «Սպիտակ տուն կատարած իր այցից երկու շաբաթ անց Էրդողանը հարգանքի բացակայություն է հանդես բերում Թրամփի, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի նկատմամբ եւ հատում C-400-ի հետ կապված եւս մեկ կարմիր գիծ»,- գրել է Հոլենը: Նրա խոսքով՝ գոյություն ունեցող օրենքն ԱՄՆ-ի նախագահից պահանջում է պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ:
Իր հերթին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 26-ին լրագրողներին հայտարարել է, որ Անկարան մտադիր է C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման ու շահագործման շուրջ ԱՄՆ-ի հետ իր տարաձայնությունները կարգավորել մինչեւ 2020 թվականի ապրիլ: «Աշխատանքը կշարունակվի մինչեւ ապրիլ, եւ այն կկատարեն մեր երկրների պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները: Պետք է պարզել՝ ինչ արդյունքների մենք կկարողանանք գալ: Դա ՆԱՏՕ-ի հետ կապված հարց է Խոսքն այն մասին չէ, որ չօգտագործենք C-400-ը, բայց կան քայլեր, որոնք պետք է արվեն ՆԱՏՕ-ի կանոնների շրջանակում»,- ասել է նա: 2017 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը հայտնել է Թուրքիայի հետ 2,5 մլրդ դոլար արժողությամբ C-400-ի մատակարարման պարտավորագրի կնքման մասին: Պայմանագիրը նախատեսում է արտադրության տեխնոլոգիաներ մասնակի հանձնումը թուրքական կողմին: Առաջին մատակարարումներն սկսվել են հուլիսի 12-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: