Բաժիններ՝

Փուչիկ փչողների կյանքից

Ամառային արձակուրդների շրջանում աննկատ մնաց ՀՀ գլխավոր դատախազի նամակը վարչապետ Տիգրան Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Մինչդեռ պաշտոնապես հաղորդագրություն կոչվող այդ նամակն արժանի էր հասարակական ուշադրության: Դատախազը վերոհիշյալ պաշտոնյաներին տեղյակ էր պահում, որ ավարտվել է մայիսի 4-ին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի հանրահայտ գործի նախաքննությունը:

Նա ներկայացրել էր այն ամենը, ինչ մեր փառապանծ Ոստիկանության Քննչական վարչության Հատկապես կարևոր գործերի քննչական վարչությունը հասցրել էր պարզել: Հասցրել էր պարզել բազմաթիվ «դատապայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկաբանական փորձաքննությունների և քննչական փորձարարությունների» արդյունքում:

Միանգամից ասենք, որ դատախազը բարի մտադրություններով էր գրել իր նամակ-միջնորդագիրը: Նա նախընտրական ողբերգությունից հետո պարզել էր, որ մեր երկրում մեր հանրային միջոցառումների անցկացումը կարգավորված չէ: Հետևաբար` դատախազը վարչապետին ու քաղաքապետին առաջարկում է «հստակեցնել տվյալ ոլորտում գործող նորմատիվ պահանջները, ինչպես նաև` ոլորտում համապատասխան գործառույթներ իրականացնող աշխատողների պարտադիր հրահանգավորումն ու լիցենզավորումը»: Դրականը, թերևս, միայն այսքանն էր:

Նամակի մնացած հատվածները բազում հարցեր են ծնում: Մեր իրավապահները պարզել են, որ երևանցի Սերոբ Բոզոյանը մայիսի 4-ի նախընտրական միջոցառման կազմակերպիչներից ստացել է «երկինք բաց թողնելու համար» 7 հազար փուչիկ տրամադրելու պատվեր:

Ստացել է, Լեոյի 60 հասցեում փչել է դրանք մեթան գազով և «նույն օրը` ժամը 17-ի սահմաններում դրանք տեղափոխել է «Հանրապետության հրապարակ» մետրոկայարանի հարևանությամբ գտնվող տարածք և դրանք հանձնել պատվիրատուներին, որոնցից առձեռն ստացել է 770 հազար դրամ»: Առաջարկում եմ կրկին ընթերցել դատախազի միջնորդագիր-նամակի վերջին մեջբերումը: Առանց «քննչական փորձաքննություն» կոչվածի էլ, թերևս, կարելի է ենթադրել, որ մեկ տղամարդը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գազի բալոն օգտագործելով` կարող է 7 հազար փուչիկ փչել:

Բայց կուզենայի տեսնել` ինչպե՞ս կարող է մեկ մարդը «ժամը 17-ի սահմաններում դրանք տեղափոխել»: Ընդ որում, քաղաքի կենտրոնում` Լեոյի փողոցից Հանրապետության հրապարակ: Իհարկե, կարելի է ենթադրել, որ քննչական վարչության պատասխանատու աշխատակիցները վաղուց են մոռացել գնդի ծավալը հաշվելու հանրահաշվական բանաձևը: Բայց միջին դպրոցի ցանկացած աշակերտ առանց դժվարության կարող է հաշվարկել, թե որքան է 7 հազար փուչիկի զբաղեցրած ծավալը: Դրա համար նրան ընդամենը մեկ լրացուցիչ տվյալ է պետք` մեկ փուչիկի տրամագիծը:

Եթե ընդունենք, որ դրանք փոքր փուչիկներ են և նրանց տրամագիծն ընդամենը 25 սմ է, ապա դրանց ծավալն առնվազն 110 խորանարդ մետր է: Հիմա փորձեք պատկերացնել, թե ինչպես է մայրաքաղաքի նեղ մայթերով, ծառերի ճյուղերի արանքով ու խաչմերուկների էլեկտրական լարերի տակով մեկ անձը 7 հազար փուչիկ տեղափոխում: Տեղափոխում քաղաքի կենտրոնով մեկ: Նա տեղափոխում է այդ` քննչական փորձաքնությունների արդյունքում «երկինք բաց թողնելու համար» փչած փուչիկները: Նա տեղափոխում է, ու մեթանով լցված 7 հազար փուչիկը այդ մեկ տեղափոխող անձին չեն տեղափոխում երկինք:

Այ սա հարգանքի արժանի խնդիր է: Դպրոցականների ֆիզիկա առարկայի օլիմպիադայում կարելի է աշակերտներին առաջարկել հաշվարկել հետևալ խնդիրը` «Քանի՞ կիլոգրամ անձնական քաշ պիտի ունենա 25 սմ տրամագիծ ունեցող 7 հազար փուչիկ բռնած մարդը, որպեսզի փուչիկները նրան չկտրեն գետնից»: Պատասխանը կարելի է արձանագրել Գինեսի գրքում: Դատախազն իր գրության մեջ չի մոռանում նշել, որ «համաձայն նախաքննության տվյալների»` Սերոբ Բոզոյանը «առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մասնավոր անձ» է:

Թվում էր, թե սրանից հետո դատախազը պիտի դժգոհ մնար նախաքննության արդյունքներից: Դժգոհ մնար ու պահանջեր նոր քննություն: Իսկ վարչապետին տեղեկացներ, որ նրա հարազատ կուսակցությունը նախընտրական հասարակական միջոցառումներ կազմակերպելիս` խթանում է ստվերային տնտեսությունը: Մայիսի 4-ի հասարակական միջոցառումը` թամաշան` կազմակերպվել է հարկային օրենսդրության կոպիտ խախտումով: Վստահ եմ, որ թամաշայի ժամանակ ելույթ ունեցող` երգող-վարող-ասմունքող-պարող բազմության հետ էլ համապատասխան պայմանագրեր չեն կնքվել:

Նրանց էլ կազմակերպիչներն առձեռն են վճարել` ինչպես քաղաքացի Բոզոյանին: Բայց կազմակերպիչներից ոչ ոք պատասխանատվության չի կանչվել: Թեկուզ տնտեսական հանցագործության մեղադրանքով: Եթե չեմ սխալվում` միջոցառման կազմակերպիչների ղեկավարը հիմա կրկին ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն էր: 250 մարդու պատուհասած ողբերգությունը դուրս կգրվի քաղաքացի Բոզոյանի դատավարությամբ: Իսկ մեր իրավապահները կշարունակեն ձևացնել, որ ուշադիր են լսում ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին մեր վարչապետի ելույթները: Պետք լինի` պայքարի իմիտացիա էլ կբեմադրեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս