Ջրցան մեքենա, հատուկջոկատայինների գործողություն. Վրաստանի խորհրդարանի մուտքերը բացվել են
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հատուկջոկատայինները գործողություն են իրականացրել խորհրդարանի շենքի նստացույց անող ցուցարարների դեմ եւ բացել են խորհրդարանի մուտքերը։
«Ալիք մեդիա»-ի հաղորդմամբ, այս պահին խորհրդարանի մուտքերի մոտ տեղադրված վրանները հեռացնում են: Ցույցի մասնակիցները վանկարկում են «ամոթ է», «Վրաստան», «ստրուկներ»: Խորհրդարանի դիմաց տեղակայված բեմահարթակից հնչում են ցույցի կազմակերպիչների կոչերը՝ չտրվել սադրանքների, հատուկջոկատայինների հետ բախման չգնալ։
Ըստ աղբյուրի, ՆԳՆ-ն կիրառել է նաև ջրցան մեքենա: Խորհրդարանի մուտքերը բացվել են։
Հիշեցնենք, Թբիլիսիում կրքերը չեն հանդարտվում։ խորհրդարանի շենքի մոտ նստացույցը այսօր շարունակվել է։ Ցուցարարները պահանջում են համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում եւ անցումային կառավարության ձեւավորում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիաները սկսվեցին նախորդ շաբաթ խորհրդարանում ընտրական բարեփոխումների տապալումից հետո: Իշխանությունները, սակայն հայտարարել էր, որ մտադիր չեն քննարկել ընդդիմության պահանջները։ «Վրացական երազանք» -ի գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ ընտրությունները կանցկացվեն գործող Սահմանադրությամբ եւ սահմանված ժամկետներում։