«Մի տարբերակ կա միայն». Ալվինա Գյուլումյան
«Ես բավականին շատ առիթներ եմ ունեցել՝ ասելու, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա, և դրա համար այստեղ կրկնելը անհրաժեշտ չհամարեցի: Սահմանադրական դատարանի շուրջ արհեստական ճգնաժամ է ստեղծվել, և ես ցավում եմ, որ իմ գործընկերը (ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը-Գ.Ս.), եթե այստեղ ճգնաժամ տեսնում է, այդ հարցը չբարձրացրեց մինչև իր՝ ՍԴ դատավոր ընտրվելը, կամ գոնե հեղափոխությունից անմիջապես հետո: Որևէ մեկը այդ հարցը չբարձրացրեց»,- այսօր Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման իր ամփոփիչ խոսքում ասաց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ շեշտելով, որ դա մտածելու տեղիք է տալիս, անկախ ամեն ինչից, թե ինչո՞ւ այս պահին:
Դիմելով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին քննարկմանը ներկա ընդդիմախոսներին՝ Ա. Գյուլումյանն, ասաց, որ եթե նրանք այդ հարցի պատասխանը գտնեն, միգուցե ինքն էլ նրանց հետ խոսի այդ մասին:
«Ես գտնում եմ, որ Հրայր Թովմասյանի ընտրության մեջ որևէ սահմանադրական նորմի խախտում չի եղել: Ինչ վերաբերում է Արթուր Սաքունցի ասածին, թե մենք ի՞նչ ենք առաջարկում, բնականաբար, մենք հակասահմանադրական որևէ ճանապարհ առաջարկել ու դրա հետ համաձայնել չենք կարող: Մի տարբերակ կա միայն. դա նոր Սահմանադրության ընդունումն է»,- եզրափակեց Ալվինա Գյուլումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գոհար Սավզյան