ՀՖՖ գործկոմի մի խումբ անդամներ Խաշմանյանի նշանակումը կանոնակարգի խախտում են համարում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի մի քանի ներկայացուցիչներ առոչինչ են որակել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի կողմից Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու փաստը:
Ֆեդերացիայի Ներքին աուդիտի եւ համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ՀՖՖ-ի նախագահն իրավունք չունի նշանակել հավաքականի գլխավոր մարզիչ: «Համաձայն կանոնադրության 39-րդ հոդվածի «թ» կետի՝ գլխավոր մարզիչի նշանակման իրավասությունը պատկանում է բացառապես ֆեդերացիայի գործադիր կոմիտեին։ Ժողովի կողմից 26.06.2019թ ընդունված կանոնադրությունը, համաձայն 80-րդ հոդվածի, դեռեւս իրավական ուժ չի ստացել, քանի որ չի հաստատվել պետական ռեգիստրի կողմից։ Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի եւ առոչինչ է»,-գրել է Առաքելյանը:
«ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է եւ պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է ֆեդերացիայի գործկոմի անդամ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Իմ քայլը» խմբակցության քարտուղար, ՀՖՖ գործկոմի անդամ Հակոբ Սիմիդյանը, ՀՖՖ գործկոմի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իրենց էջում կիսվել են ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի գրառմամբ: