«Like»-ապետություն
Վերջերս հեղինակավոր «Forbes» ամսագրի ռուսական հրատարակությունը` հղում անելով սեփական աղբյուրներին, հրապարակել էր մի տեղեկություն, ըստ որի՝ Ռուսաստանի դաշնային վարչություններում ներկայացվել են հատուկ ծրագրային տերմինալներ, որոնց միջոցով հնարավոր է ուսումնասիրել բլոգներում արձագանքների զարգացումը և համացանցային հանրության վերաբերմունքն այս կամ այն իրադարձությանը:
«Forbes»-ի համաձայն, օրինակ, ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը մշտապես օգտագործում է այդ ծրագիրը և հաճախ մեջբերումներ անում իր գործընկերների խոսակցություններից: Նշվում է, որ այդ տերմինալները տեղադրված են շուրջ 50 բարձրաստիճան պաշտոնյաների համակարգիչներում ևս:
Դրանց թվում են ՆԳՆ-ի, Մոսկվայի քաղաքապետարանի, Պետդումայի աշխատակազմի պաշտոնյաները: Այդ տերմինալները ստեղծող «Медиалогия» ընկերության հաղորդած տեղեկատվության համաձայն, սարքը լուրերը դասակարգում է ըստ թեմաների`անհատի ցանկությամբ, էկրանին ցուցադրվում է գրաֆիկական տեղեկատվություն` վերջին 24 ժամվա ընթացքում դրական և բացասական հաղորդագրությունների քանակի մասին: Համակարգը կարող է հետևել առանձին բլոգներին և սոցցանցերին:
«Forbes»-ի համաձայն, այդ սարքի կիրառումից հետո Կրեմլի համապատասխան պաշտոնյաների «դատին է ներկայացվում» մոտ 60 մլն աղբյուր: Համակարգը վերլուծում է դրանցից յուրաքանչյուրի արտահայտության տոնայնությունը` ընդամենը 2-3% սխալի հավանականությամբ: Ըստ «Forbes»-ի, բացի բլոգներից, իշխանությունն այս համակարգի միջոցով մոնիտորինգի է ենթարկում գրեթե բոլոր սոցցանցերը` բացառությամբ Facebook-ի:
Այս տեղեկատվությունն ուշագրավ է ոչ միայն նրանով, որ բացահայտում է «ռուսական ժողովրդավարության առանձնահատկությունները»: Լայն իմաստով, նույն երևույթն առկա է նաև մեր իրականության մեջ, սակայն այդ մասին գրեթե չեն բարձրաձայնում:
Հայաստանում ևս իշխանությունները որոշակիորեն վերահսկում են ինտերնետային տիրույթում կատարվող իրադարձությունները: Անգամ սոցիալական ցանցերում ժամանակ առ ժամանակ բուռն վեճեր են ծավալվում այս կամ այն օգտատիրոջ շուրջ, երբ նրան կասկածում են որևէ «կենտրոնից» ներդրված լինելու մեջ: Պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ ուժային կառույցների շատ աշխատակիցներ մասնավոր զրույցներում խոստովանում են, որ նույն Facebook-ում իրենց «ակտիվ գործունեությունը» ոչ թե ժամանց է, այլ աշխատանքային պարտականություն:
Այդպիսով՝ իշխանությունը, համապատասխան կենտրոնները ոչ միայն տեղեկացված են լինում օրեցօր ավելի լայն շերտեր ընդգրկող ինտերնետային հասարակության տրամադրություններին, այլև երբեմն ուղղորդում են դրանց: Նաև դրանով է պայմանավորված վերջին շրջանում ակտիվացող այս կամ այն նախաձեռնության նկատմամբ որոշակի կասկածամտությունը:
Հայաստանը, ի տարբերություն Ռուսաստանի, փոքր երկիր է, և գրեթե բոլորը բոլորին ճանաչում են: Հատկապես քաղաքականապես ակտիվ հատվածում: Այնպես որ, այն, ինչը Ռուսաստանի իշխանությունը փորձում է անել նոր մշակված տեխնիկական համակարգի միջոցով, Հայաստանում հնարավոր է իրականացնել նաև առանց դրա:
Բայց դա այս երևույթի, այսպես ասած, տեխնիկական մասն է: Կա նաև խնդրի բարոյահոգեբանական կողմը, որը շատ ավելի բացասական ու մտահոգիչ է:
Ինտերնետային հասարակությունը` լինելով քաղաքացիական հասարակության ժամանակակից հատված, դարձել է նաև որոշակի «հավատաքննության տարածք»: Որևէ իրադարձություն, երևույթ, լուսանկար «հավանելը» կամ, ինչպես ընդունված է Facebook-ում՝ «Like»-ելը կարող է դառնալ քննարկումների, բամբասանքների, նույնիսկ՝ վիճաբանությունների ու հաշիվներ մաքրելու առիթ:
Կոնկրետ մարդկանց ու իրադարձությունների օրինակով չենք մասնավորեցնում (նման օրինակները, սակայն, բազմաթիվ են), բայց այդ երևույթը վաղուց առկա է հատկապես որոշակի ճանաչում ունեցող մարդկանց շրջանում:
Խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքական, հասարակական գործիչներին, այլև մտավորականներին, արվեստի մարդկանց: Իսկ այդ երևույթը պայմանականորեն արտահայտվում է հետևյալ կերպ. X մարդը հայտնի է կամ ընկալվում է՝ որպես Y միջավայրի ներկայացուցիչ, ով նաև որոշակիորեն կիսում է այդ միջավայրի քաղաքական հայացքները: Սակայն, բավական է, որ վերջինս «Like»-ի այդ միջավայրի «նորմերից» դուրս որևէ հրապարակում կամ լուսանկար, և նա կհայտնվի «իզգոյի» կամ «ծախվածի» վիճակում:
Դա, ի դեպ, հավասարապես վերաբերում է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարներին, այն տարբերությամբ, որ եթե իշխանական «տուսովկային» որևէ մեկի «Like»-ը կասկածելի թվա, դա կարող է ունենալ նաև շոշափելի հետևանքներ. սկսած աշխատանքից ազատելուց՝ մինչև ֆինանսական խնդիրներ:
Արդյունքում, համեմատաբար ճանաչված մարդիկ արդեն զգուշանում են այս կամ այն երևույթի վերաբերյալ ազատորեն իրենց կարծիքն արտահայտել անգամ այն տարածությունում, որն, ըստ էության, աշխարհում դարձել է մտքի, մտածողության ազատության ամենամեծ հարթակը:
Առաջիկա նախագահական ընտրություններից առաջ այդ երևույթն ավելի է խորանալու և, կախված քաղաքական զարգացումներից, կարող է հասնել ընդհուպ «վհուկների որսի»: Սոցիալական ցանցերում և դրանից դուրս: