Նպատակն է ամրապնդել պետականությունն ու անկախությունը. Ղազախստանի ԱԳ փոխնախարարը՝ երկրում սահմանադրական հանրաքվեի մասին
Ղազախստանի սահմանադրական բարեփոխումների ռազմավարական նպատակն է ամրապնդել պետականությունն ու անկախությունը, ինչպես նաև բարելավել քաղաքացիների բարեկեցությունը:
‹‹Արմենպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Ղազախստանում մարտի 15-ին անցկացվող սահմանադրական հանրաքվեի նախօրեին Աստանայում հյուրընկալված արտասահմանյան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Իսետովը:
ԱԳ նախարարի տեղակալի խոսքով՝ Ղազախստանի սահմանադրական բարեփոխումները դարձել են երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից իրականացված տարբեր բարեփոխումների տրամաբանական շարունակությունը և հասարակության պահանջարկի պատասխանը։
‹‹Սկզբում օրակարգը կենտրոնացած էր խորհրդարանական բարեփոխումների վրա։ Սակայն վեց ամիս տևած հանրային քննարկումները շատ ավելի հեռու գնացին, քան այս նախաձեռնությունը։ Բոլոր առաջարկները համակարգելու համար ստեղծվեց 130 անդամից բաղկացած Սահմանադրական հանձնաժողով։ Հանձնաժողովը ուշադիր ուսումնասիրեց և ամփոփեց քաղաքացիների կողմից պետական թվային հարթակների՝ eGov և eOtinish-ի միջոցով ներկայացված ավելի քան 12,000 առաջարկ։ Կարևոր է ընդգծել, որ հանձնաժողովի աշխատանքը լիովին թափանցիկ էր։ Փոփոխությունները ազդեցին Սահմանադրության տեքստի 84 տոկոսի վրա։ Այլ կերպ ասած, մշակվեցին բոլորովին նոր հոդվածներ և բաժիններ, և Հիմնական օրենքի կառուցվածքը էական փոփոխությունների ենթարկվեց։ Բարեփոխման նորությունը կայանում է ոչ թե փոփոխությունների քանակի, այլ, առաջին հերթին, դրա նոր հայեցակարգային բովանդակության մեջ։ Հոդվածներն ու բաժինները ենթարկվել են ոչ միայն խմբագրական փոփոխությունների։ Սահմանադրությունը նոր է իր բովանդակությամբ և իմաստով և մշակվել է՝ հաշվի առնելով ժամանակակից պահանջները››,-իր ելույթում նշել է ԱԳ նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ Ղազախստանի նոր Սահմանադրությունը արձագանք է համաշխարհային մարտահրավերներին և պետության երկարաժամկետ կայունության հիմք է հանդիսանում:
‹‹Սահմանադրական բարեփոխումների ռազմավարական նպատակն է ամրապնդել պետականությունն ու անկախությունը, ինչպես նաև բարելավել քաղաքացիների բարեկեցությունը: Բարեփոխման հիմնական առաջնահերթությունն այն է, որ անհատի կյանքը, իրավունքներն ու ազատությունները պաշտոնապես հռչակված են որպես բարձրագույն արժեք: Ըստ էության, նոր օրենքը պարունակում է մեծ թվով կոնկրետ սոցիալական դրույթներ և կառավարման համակարգը վերածում է քաղաքացիների շահերի պաշտպանության գործիքի: Մեր երկրի քաղաքացիները, որոնք ապրում են աշխարհի բոլոր տարածաշրջաններում, գիտեն, որ Ղազախստանի Հանրապետությունը կանգնած է նրանց կողքին և միշտ պատրաստ է օգնել նրանց: Սա վերջերս ապացուցվեց, երբ մեր զբոսաշրջիկները, ուխտավորները և ձեռնարկատերերը դարձան Մերձավոր Արևելքում հակամարտության ակամա պատանդներ: Շատ բարդ ջանքերի արդյունքում ավելի քան 9000 մարդ անհապաղ տարհանվեց մարտական գոտուց Ղազախստան››,-հայտարարել է Արման Իսետովը:
Նա նաև ընդգծել է, որ Ղազախստանի՝ գործնականում նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է քաղաքական կուսակցությունների դերի ամրապնդում, խորհրդատվական ինստիտուտների զարգացում, մասլիխաթների դերի ամրապնդում և կենտրոնի և տարածաշրջանների միջև արդյունավետ փոխգործակցության կառուցում։
‹‹Առաջարկվում է պետական կառավարման նոր մոդել, որի համաձայն իշխանության բոլոր ճյուղերը հավասարապես անկախ կլինեն որոշումների կայացման հարցում։ Երկրի գլխավոր ներկայացուցչական մարմնի՝ «Կուրուլթայի» լիազորությունները կընդլայնվեն։ Միապալատ խորհրդարանը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օրենսդրական գործունեության։ Միաժամանակ, «Հալք Քենեսին» (Ժողովրդական խորհուրդ), որպես բարձրագույն խորհրդատվական մարմին, կստեղծի պետության և հասարակության, այդ թվում՝ տարբեր սոցիալական և էթնիկ խմբերի միջև հետադարձ կապի հուսալի ուղի։ Ղազախստանը կստեղծի իսկապես մարդակենտրոն կառավարման համակարգ, որը հիմնված կլինի այնպիսի կայուն արժեքների վրա, ինչպիսիք են սոցիալական արդարությունը, կառուցողական հայրենասիրությունը, օրենքի գերակայությունը, հասարակական կարգը, քաղաքացիների օրինական իրավունքներն ու ազատությունները, կրթության, գիտության և տեխնոլոգիայի առաջնահերթությունը, ինչպես նաև անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը››,-իր խոսքում նշել է Ղազախստանի ԱԳ փոխնարարը։
Վերջինիս խոսքով՝ նոր Սահմանադրության տարբերակում մարդու իրավունքներին նվիրված հատվածը դարձել է ամենածավալունը՝ գրեթե մեկ երրորդը (30 հոդված):
Ղազախստանի ԱԳ նախարարությունում մարտի 14-ին տեղի ունեցած ճեպազրույցից հետո արտասահմանյան լրագրողներն այցելել են նաև երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ մանրամասն կերպով նրանց են ներկայացվել Սահմանադրական հանրաքվեի անցկացման պայմանները, նախապատրաստական աշխատանքներն ու հասարակության մասնակցության մասշտաբների շուրջ սպասելիքները, նաև պատասխանել են լրագրողների հարցերին:
ԿԸՀ-ում անցկացված հանդիպմանը, մասնավորապես, առանձնանշվել է, որ սահմանադրական հանրաքվեի անցկացման համար ծախսվել է շուրջ 20 միլիարդ 600 միլիոն ղազախական տենգե:
Հանդիպման ընթացքում Ղազախստանի ԿԸՀ-ի փոխնախագահ Մուխթար Երմանը, մասնավորապես, նշել է, որ հանրաքվեի ընթացքը վերահսկելու համար արդեն հավատարմագրվել են 359 միջազգային դիտորդներ և 206 օտարերկրյա լրագրողներ։ Բացի այս, նրա խոսքով, 54 երկրներում բնակվող կամ ճանապարհորդող Ղազախստանի քաղաքացիները կկարողանան մասնակցել հանրաքվեին և քվեարկել 71 ընտրական հանձնաժողովներում, որոնք ստեղծվել են Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչություններում։
Ղազախստանում նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեն անցկացվում է մարտի 15-ին, որին մասնակցելու հնարավորություն ունի ավելի քան 12 միլիոն ընտրող։
Ընտրատեղամասերում քվեարկությունն անցկացվում է տեղական ժամանակով ժամը 7:00-ից մինչև 20:00-ն։
Ընդհանուր առմամբ, փոփոխությունները վերաբերում են երկրի հիմնական օրենքի տեքստի 84 տոկոսին։
Հիմնական փոփոխությունները ներառում են երկպալատ խորհրդարանից անցումը միապալատ խորհրդարանի և Սահմանադրության գերակայության ամրագրումը միջազգային պայմանագրերի նկատմամբ: Ռուսերենի կարգավիճակը մնում է անփոփոխ և ոչ պաշտոնական:
Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահը կարող է ընտրվել միայն մեկ՝ 7 տարվա ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։
Նոր Սահմանադրության ընդունման պարագայում գործող խորհրդարանը կդադարեցնի լիազորությունները հուլիսի 1-ից։ Նոր՝ մեկ պալատանի խորհրդարանի ընտրությունները կարող են նշանակվել արդեն հուլիս ամսին։



