Բաժիններ՝

Շինշիլաբուծությունը՝ գիտահեն տնտեսության հի՞մք. զավե՞շտ, թե՞ իրականություն

Կառավարությունը մեկուկես տարվա ընթացում մեկուկես հազար անգամ փոխել է դիրքորոշումը տնտեսության զարգացման ու հեռանկարային ճյուղերի վերաբերյալ: Իսկ դիրքորոշումների հաճախակի փոփոխությունը, որպես կանոն, դիրքորոշման ու ծրագրի բացակայության նշան է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը կառավարման առաջին ամիսները սկսեց հայտարարությամբ, թե Հայաստանին պետք չէ հանքարդյունաբերությունը, այլ պետք է գիտահեն տնտեսություն, գյուղատնտեսություն ու տուրիզմ: Հետո հայտարարեց, որ մենք չպետք է ագրարային երկիր լինենք, այն է՝ գյուղատնտեսության զարգացումն ամուր տնտեսության հիմք չի կարող լինել, ինչը, ի դեպ, ճիշտ է, բայց դա հասկանալու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ տարուց ավելի պետք եկավ:

Վերջերս էլ ԱՄՆ-ում խոսեց այն մասին, որ սպասարկման ոլորտն էլ, այն է՝ տուրիզմը, գիտահեն տնտեսության հեռանկար չէ, և մեզ պետք է արդյունաբերության զարգացում, այդ թվում՝ որակյալ հանքարդյունաբերության: Միաժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վերջերս նորից հայտարարեց, որ հանքարդյունաբերությունը չպետք է լինի տնտեսության հեռանկարային ճյուղը: Այս իրարամերժ հայտարարությունները ևս մեկ անգամ համոզում են, որ կառավարությունն իսկապես չգիտի՝ ի՞նչ ուղղությամբ է տանում երկրի տնտեսությունը:

Հանքարդյունաբերության հանդեպ էմոցիոնալ մակարդակի հակակրանքը հասկանալի է, և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ է ոլորտի վատ որակը Հայաստանում, և լավ կառավարությունը պետք է նախ և առաջ մտածեր այդ որակը փոխելու մասին: Բայց այստեղ ի հայտ են գալիս կառավարության սուբյեկտիվ էմոցիաները՝ չզարգացնել այն ճյուղը, որը նախկինները հռչակել էին առաջնային:

Լավ, բա ի՞նչը զարգացնել: Մեկուկես տարվա ընթացքում ոչ մի այլ համարժեք մասշտաբի այլընտրանք չհայտնվեց, իսկ հանքարդյունաբերության ոլորտում էլ անկում է՝ կառավարության անհեռատես քաղաքականության պատճառով: Ավելին, Ամուլսարի շուրջ արդեն մեկուկես տարի ձգվող իրավիճակի պատճառով ներդրումներ չկան նաև այլ ոլորտներում:

Բայց դե կառավարությունը մի բան պետք է ցույց տա՝ որպես տնտեսության զարգացման հեռանկար: Եվ ահա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն օրերս կազմակերպել է սեմինարներ շինշիլաբուծության վերաբերյալ: Եթե տեղյակ չեք, շինշիլան կրծողների ընտանիքի կենդանի է, որն ունի թանկարժեք մորթի: Եվ ահա կառավարությունը տնտեսության հեռանկարային ճյուղ Հայաստանում շինշիլաբուծության զարգացումն է համարում և մեծ «խաբարով» սեմինարներ է կազմակերպում, մասնագետներ հրավիրում՝ Հայաստանում այս ճյուղին զարկ տալու համար:

Շինշիլա բուծելը, մեղմ ասած, դժվար է համարել գիտահեն տնտեսության հիմնասյուն, բայց դե այս հաջողությունն է կարողացել գրանցել հեղափոխական աննախադեպ մեր կառավարությունը, սա էլ մատուցում է: Գիտահեն չէ, բայց դե գոնե, ըստ կառավարության, այս ճյուղի շարունակական զարգացումը Հայաստանին թույլ կտա թանկարժեք մորթիներ արտահանել:

Բայց, զավեշտը մի կողմ թողնենք, և եկեք տեսնենք, թե որքանո՞վ է հեռանկարային այս ճյուղը: Բանն այն է, որ մորթու արտադրության ֆերմաներն առաջադեմ աշխարհում արգելվում են՝ բնապահպանական նկատառումներով: 2012-2019թթ. ժամանակահատվածում Եվրամիության 15 երկիր արգելել է իր տարածքում նման ֆերմաները: Ավելին՝ առաջադեմ աշխարհում նաև նոր տենդենց կա՝ մորթիների վաճառքի արգելքի:

Այսպես, մի քանի եվրոպական երկրում արդեն մասնակի գործում է մորթու վաճառքի արգելքը, իսկ, օրինակ, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը վերջնական արգելք դրեց ցանկացած տեսակի մորթու վաճառքի վրա: Այնպես որ, ստիպված ենք կառավարությանը լուսավորել, որ շինշիլաբուծությունը, հերիք չի, մեղմ ասած, գիտահեն չէ, էթիկայի տեսանկյունից խիստ խնդրահարույց ու երրորդ աշխարհի երկրներին հատուկ ճյուղ է, դեռ մի բան էլ՝ բոլորովին հեռանկարային չէ:

Ակնհայտ է, որ գնալով ավելանալու է մորթու վաճառքն արգելող երկրների ցանկը, և շինշիլաբուծության հրաշքի վրա հույսը դրած Հայաստանի արտահանման շուկան գնալով փոքրանալու է: Ի դեպ, պարադոքս է, բայց փաստ: Մինչ աշխարում բնապահպանական նկատառումներով արգելում են մորթին, հանքարդյունաբերությունը, հակառակը, դառնում է հեռանկարային ճյուղ, որի պահանջարկը գնալով մեծանալու է, քանի որ մեծանում է վերականգնվող էներգետիկայի համար մետաղների պահանջարկը: Բայց այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում այս ոլորտում առնվազն մեկ խոշոր ներդրողի հետ, հազիվ թե այս ոլորտում լուրջ ներդրումների հույս թողնի: Կառավարությանն էլ այլ բան չի մնում, քան խոստովանել, որ մեկուկես տարի անց որպես «գիտահեն ու հեռանկարային» ճյուղ՝ կարողացել են զարկ տալ մորթագործությանը, որից գնալով հրաժարվում է առաջադեմ աշխարհը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս