Փաշինյանին կհարցաքննե՞ն, կստիպե՞ն ասել՝ որտեղից այդ տեղեկությունը
Առօրյայում հաճախ ենք հանդիպում տարբեր առանցքային ու օրակարգային խնդիրների, որոնք իրականում խորքային ուսումնասիրության ու հանրությանն առավել դետալային ներկայացման կարիք ունեն։ Իհարկե, նաև լինում են արհեստական ու զուտ մանիպուլյատիվ ինտրիգ պարունակող դրվագներ։ Դիտարկենք դրանցից մեկը։
Ինչպես հայտնի է՝ ՀՀ գործող իշխանությունը 2016թ. ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով է ստեղծում: Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե հասունացել է այդ իրադարձություններին առնչվող մի շարք հարցերին պատասխաններ տալու ժամանակը:
Արդեն մայիսի 30-ին ԱԺ իշխանական խմբակցության 47 պատգամավորների ստորագրությամբ ստեղծվեց 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը բաղկացած է 11 պատգամավորից: Աներկբա է, որ Ապրիլյան պատերազմի պատճառների, ընթացքի ու հետևանքների ուսումնասիրությունն անհրաժեշտ է, բայց ամեն ինչ ունի իր ժամանակը, նաև պատշաճ մասնագետների ներգրավումը: Գաղտնիք չէ, որ քառօրյա պատերազմի հետ կապված, այսպես կոչված, «դավադրության տեսությունն» ունի ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին ասպեկտ, ու հիմա սկզբունքային է այն հարցը, թե արդյո՞ք քննիչ հանձնաժողովի նախագահ, լայն հասարակությանն իր կենսագրության մութ անցյալով հայտնի Անդրանիկ Քոչարյանն ու իր գործընկերները կուսումնասիրեն նաև 2016-ի պատերազմը ծնող արտաքին գործոնները, թե՞ կսահմանափակվեն միայն ներքին բաղադրիչով՝ կասկածներ ծնելով, թե քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իշխանության ներքաղաքական օրակարգ սպասարկելու նպատակով:
Գրեթե կասկած չկա, որ Փաշինյանի այս ժեստը՝ ստեղծել այդ հանձնաժողովը, և ինչ-որ անհասկանալի ու կասկածելի ենթատեքստեր փնտրելու մոլուցքն ունի բացառապես քաղաքական հետևանքներ․ այն ուղղակիորեն վեկտորված է Սերժ Սարգսյանի և այդ ժամանակ իշխանությունում գտնվող մյուս պաշտոնյաների նկատմամբ արհեստական կենտրոնացում բևեռելու համար։ Միանշանակ անտրամաբանական է նաև նման հանձնաժողով ստեղծել ԱԺ ձևաչափում, քանի որ այն հանդիսանալով քաղաքական միավոր՝ իր մոտեցումներով ու եզրակացությամբ հարցին տալու է քաղաքական մեկնաբանություն: Ասել է թե՝ ունենք մի իրադրություն, երբ հանրությանը հերթական տեսարան մատուցելու և հանրային նոր դիսկուրս ծավալելու համար իշխանությունները դիմում են հերթական մանիպուլյացիոն գործիքին:
Դեռևս 2016-ին, երբ Փաշինյանը թունդ ընդդիմադիր էր, ապրիլին խորհրդարանական մի ելույթում բացահայտ հայտարարել էր, թե «ապրիլյան պատերազմը հրահրվել է ռուսական իշխանությունների կողմից՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար»։ Հիմա արդեն, նախ՝ հետաքրքիր կլինի իմանալ՝ պետության ղեկավար Նիկոլ Փաշինյանի մոտեցումն այս հարցի վերաբերյալ նո՞ւյնն է, թե՞ նա արդեն գիտակցում է, որ տարիներ առաջ դեմագոգիական պոպուլիզմով էր զբաղված՝ ժողովրդի մոտ «ազգային փրկիչ» երևալու համար։
Տրամաբանական հարց է առաջանում. արդյոք այս հանձնաժողովը պատրաստվո՞ւմ է Փաշինյանին հրավիրել իր հերթական հարցաքննությանը և պարտադրել, որպեսզի նա հանրությանը բացատրություն տա այն մասին, որ, երբ հայտարարում էր, թե Ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ էր՝ Ադրբեջանը ԵԱՏՄ մտցնելու համար, որը տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, այդ տեղեկությունը նրան որտեղի՞ց։
Նշենք, որ այս ընթացքում քննիչ հանձնաժողով են հրավիրվել ապրիլյան պատերազմի հետ անմիջական կապ ունեցած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, նաև պատերազմի մասնակիցներ, այդ թվում՝ շարքային զինվորներ։ Իսկ նախօրեին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր ճեպազրույցում նշեց, որ իրեն դեռ չեն կանչել քննիչ հանձնաժողով, հավելեց, որ ինքը հրավերի դեպքում պատրաստ է ներկայանալ հանձնաժողով (2016 թվականին Դավիթ Տոնոյանը ՊՆ նախարարի առաջին տեղակալն էր և բանակի թիվ մեկ պատասխանատուներից մեկը)։ Այն դիտարկմանը, թե նախարարն ի՞նչ ակնկալիքներ ունի հանձնաժողովի աշխատանքներից, նա ասել է, որ արդեն իսկ պարզ է, թե ինչ է կատարվել պաշտպանության համակարգում այդ ժամանակ, իսկ հանձնաժողովը հնարավորություն կտա վերջ դնել հասարակության մեջ եղած ասեկոսեներին ու բանսարկություններին: «Չհասկացվածությունն ապրիլյանի գործողությունների հետ կապված՝ կբացառվի», – ասել է նա:
Այլ կերպ ասած, Տոնոյանն անուղակիորեն հայտարարել է, որ իրականում պատերազմի հետ կապված ոչ մի «դավադրապաշտություն ու խորհրդավորություն» չկա, ամեն ինչ հասկանալի է ու պարզ, ճիշտ է՝ եղել են թերացումներ, բայց դրանք ներհամակարգային են և ունեն գաղտնիության շղարշ, իսկ հանրային դիսկուրսում ներդրված ֆեյք օրակարգերն ընդամենը, նախարարի ասած՝ «խոհանոցային խոսակցություններ» են։ Իր այս հայտարարությամբ Տոնոյանը նաև ակնարկում է, որ կան շրջանակներ, որոնք Փաշինյանի մոտ փորձում են հասունացնել պաշտպանության նախարարի աշխատանքից դժգոհություն:
Փաստենք ևս մի դրվագ․ իշխանության համակարգում պաշտպանության նախարարի քաղաքական բարձր վարկանիշը կարող է լինել նույն այդ համակարգում «քաղաքական մակաբուծության» հնարավոր փորձեր բացառող հանգամանք հենց Փաշինյանի համար: Իսկ ինչպես հայտնի է, ցանկացած իշխանության պարագայում ժամանակի ընթացքում մշտապես ձևավորվում են այդ իշխանության անունով երդվող «քաղաքական մակաբույծ» խմբեր: Փաստ է, որ հանձնաժողովի նպատակն ապրիլյան պատերազմի հաղթանակի վրա ստվեր գցելն է և յուրաքանչյուր բացթողնման համար նախկին իշխանություններին հերթական անգամ թիրախավորելը։
Արմեն Հովասափյան