Բաժիններ՝

Ցմահ դատապարտյալներից ոչ մեկը կիսափակից կիսաբաց դեռ չի տեղափոխվել

Նոյեմբերի 1-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը  և Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը լրագրողների հայտնեցին, որ «2 ցմահ դատապարտյալ կիսափակից տեղափոխվել են կիսաբաց: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Մեկը Արսեն Արծրունին է, մյուսը՝ Աշոտ Մանուկյանը»:

168.am-ը պարզեց, սակայն, որ երկու դատապարտյալներից և ոչ մեկը դեռ չի տեղափոխվել:

Ցմահ դատապարտյալները կիսափակ ուղղիչ հիմնարկից կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու դիմում են ներկայացրել  2019թ․ հունիսի 29-ին ուժի մեջ մտած «Քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունումից հետո:

Կարդացեք նաև

Համաձայն այդ օրենքի՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց  ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու նոր մեխանիզմ էր սահմանվել, ըստ որի՝  ցմահ ազատազրկման դատապարտված անձը կիսափակ կարող է տեղափոխվել փակ ուղղիչ հիմնարկից՝ պատիժը կրելուց առնվազն 15 տարի  հետո, կիսաբաց կարող է տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկից՝ պատիժը կրելուց առնվազն 18 տարի հետո, և արդեն բաց կարող է տեղափոխվել միայն  կիսաբաց ուղղիչ հիմնարկից՝ պատիժը կրելուց 20 տարի հետո:

Մեզ հաջողվեց պարզել, որ ցմահ դատապարտյալներից ոչ մեկն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից չի տեղափոխվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ:

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունուն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «Սևան» ՔԿՀ տեղափոխելու մասին տեղեկանալու համար զանգեցինք «Արմավիր» ՔԿՀ:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասից 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ Արսեն Արծրունին դեռ գտնվում է կիսափակ ուղղիչ հիմնարկում: Պատճառների մասին խնդրեցին տեղեկանալ Քրեակատարողական ծառայությունից: Ո՛չ քրեակատարողական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի, և ո՛չ էլ աշխատակիցների հետ կապ հաստատել 168.am-ին այսօր չհաջողվեց:

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի փաստաբան  Միհրան Պողոսյանը 168.am-ին ասաց, որ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին կիսափակ ուղղիչ հիմնարկից կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու որոշումը կայացվել է հոկտեմբերի 25-ին, բայց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ հասել է հոկտեմբերի 30-ին: Եվ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ նա չի տեղափոխվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ:

«Երկուշաբթի մենք վերաքննիչ քրեական դատարանում Առաջին ատյանի բողոքարկված դատական ակտի լսում ունենք: Կարծում եմ, որ չտեղափոխելն էլ տեխնիկական է: «Սևան»-ից ավելի հեռու է գալը, քան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից»,-  ասաց Միհրան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածին քաղաքի նստավայրում կայացած դատական նիստում դատարանը մերժեց ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը:

«Դատարանը բացարձակապես որևէ պատճառաբանություն ու հիմնավորում չուներ, այսինքն՝ դատարանը կայացրել էր անտրամաբանական ու, ամենակարևորը, անհասկանալի  դատողություններ, ինչի պատճառով Վերաքննիչ բողոք էինք ներկայացրել: Եվ պնդում ենք, որ Աշոտ Մանուկյանը պայմանական վաղաժամկետ պետք է ազատ արձակվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մանուկյանի փաստաբան Միհրան Պողոսյանն ու ավելացրեց, որ կիսաբաց ուղղիչ հաստատություն տեղափոխելն իր և իր վստահորդի համար ընդունելի չէ:

«Կիսաբաց ռեժիմ տեղափոխելը մեզ համար ոչ ընդունելի տարբերակ է: Այսինքն՝ մենք այստեղ միտում ենք տեսնում: Բոլորն են գիտակցում, որ Աշոտ Մանուկյանը պետք է ազատ արձակվի, դատարանը իր պարտականությունը չի կատարել, որոշում չի կայացրել, ու սրանով հետևանքները մեղմելու գործընթաց է տեղի ունենում»,- ասաց Պողոսյանը:

Կիսափակ ուղղիչ հիմնարկից կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու համար անհրաժեշտ է դատապարտյալի ցանկությունը: 168.am-ը Պողոսյանից հետաքրքրվեց, եթե իրենց համար ընդունելի չէ կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը, այդ դեպքում ինչո՞ւ են նման խնդրանքով դիմում ներկայացրել:

«Մենք կիսափակից կիսաբաց դիմելու իրավունք ունեինք շատ ավելի վաղ, բայց մենք չէինք դիմել, որովհետև գտնում էինք, որ Աշոտ Մանուկյանը պետք է վաղաժամկետ ազատ արձակվի: Սակայն հաշվի առնելով՝ ինչ դատական համակարգ ունենք, ինչ դատավոր է, և ինչ որոշում կայացվեց, և, երբ որ համոզվեցինք, որ պետությունում ցմահների վաղաժամկետ ազատման հարցով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, դրանից  հետո մենք դիմեցինք»,- ասաց փաստաբանը:

«Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը դատապարտվել է 3 ժամկետային զինծառայողի սպանության համար: Նա 1996 թվականին գտնվել է զինվորական ծառայության մեջ, երբ կատարել է երեք ժամկետային զինծառայողի սպանությունը: Նրանցից երկուսը հարազատ եղբայրներ են եղել:

Իսկ Արսեն Արծրունին դատապարտվել էր 1994 թվականի դեկտեմբերին «Դրոյի» գործով: Արծրունիին մեղադրանք էր առաջադրվել երկու տարբեր սպանություններ դրդելու համար,  և նա դատապարտվել էր մահապատժի: 2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս