«Աշոտ Մանուկյանն ազատ չարձակվեց, որ նախադեպ չլինի. պետությունը ձեռքերը լվացել է ցմահների խնդրից». Միհրան Պողոսյան
Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդության քննարկման վերջին նիստն ու դատարանի որոշումը սառը ցնցուղ էին Աշոտ Մանուկյանի ու նրա հարազատների համար: Ակնկալվում էր, որ Աշոտ Մանուկյանն ազատության մեջ կլինի, այնինչ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածին քաղաքի նստավայրում կայացած դատական նիստը վերջինիս վերադարձրեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Իրավիճակի շուրջ 168.am-ը զրուցեց վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանի հետ: Վերջինս դատավոր Վահե Խալաթյանի որոշումը բացարձակ աբսուրդային համարեց:
Նա հիշեցրեց, որ երկու զեկույց է կազմվում` Պրոբացիոն և Քրեակատարողական ծառայությունների կողմից, որոնք ունեն երկու ենթաբաժիններ` վարքի գնահատում և նոր հանցանք կատարելու ռիսկայնություն, որոնք էլ իրենց հերթին՝ ունեն ենթաչափանիշեր:
«ՔԿԾ-ն գտել է, որ անձը դրական է բնութագրվում, բայց նոր հանցանք կատարելու ռիսկայնությունը բարձր է, իսկ Պրոբացիոն ծառայությունը՝ ընդհակառակը: Տվյալ պարագայում քրեակատարողական հիմնարկը պարտավոր է դատարան միջնորդություն ներկայացնել ցմահ դատապարտյալի պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման հարցը քննարկելու համար»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ 168.am-ը գրել էր այն մասին, որ ՔԿԾ որոշումը նույնպես պաշտպանական կողմը վիճարկում է դատարանում:
«Քրեակատարողական ծառայությունը բացասական եզրակացություն է տվել Աշոտ Մանուկյանին, համարել, որ նրա՝ նոր հանցանք կատարելու հավանականությունը մեծ է, ինչը մենք նույնպես վիճարկում ենք։ Նույն փաստական տվյալներն ունի նաև Պրոբացիոն ծառայությունը, սակայն ՔԿԾ-ն տվել է բացասական եզրակացություն, իսկ Պրոբացիան՝ դրական։ Մենք այդ չափանիշերը նաև քննարկման առարկա ենք դարձրել դատարանում»,- մեզ հետ զրույցում ասել էր Միհրան Պողոսյանը։
Նա նշում է, որ գոյություն ունեն ռիսկայնությունը որոշող 12 չափանիշեր, որոնցից ոչ մեկն Աշոտ Մանուկյանի պարագայում չեն համապատասխանում, այդ թվում նաև` բացասական հակումներն ու քրեական ենթամշակույթին հարելը:
«Օրենքով սրանք սպառիչ թվարկված են: Որի՞ պարագայում են նրանք Աշոտի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը մեծ համարել»,- տարակուսում է փաստաբանը` հավելելով, որ միակ բանը, որով Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչը պատասխանել է իրենց փաստարկներին, Աշոտ Մանուկյանի` նախկինում կատարած հանցագործությունն է:
Պաշտպանը նշում է, որ սա անիմաստ պատճառաբանություն է, որովհետև պարզ է, որ ցմահ ազատազրկման դատապարտվում են առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձինք, և այդ դեպքում ինչպես պետք է աշխատի պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվելու ինստիտուտը: Եվ, բացի դրանից, կա Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, համաձայն որի` հանցանքի ծանրությունն ու հանրային վտանգավորության աստիճանը չեն կարող դրվել ՊՎ-ի հիմքում, այլապես երբեք որևէ ցմահ դատապարտյալ պայմանական-վաղաժամկետ ազատ չի արձակվի:
«Ամենաանհասկանալին, սակայն, դատախազի պահվածքն էր: Նա հայտարարեց, որ պատժի կրման ընթացքում Աշոտ Մանուկյանը տույժ է ունեցել, և հետևաբար՝ նոր հանցանք կատարելու ռիսկը մեծ է: Խոսքը 5 տարի առաջվա` արդեն օրենքով մարված տույժի մասին է: Սակայն, անգամ, եթե այդ տույժը մարված էլ չլիներ, դա անձը բնութագրող հատկանիշ է և որևէ պարագայում չի կարող դրվել նոր հանցանք կատարելու հիմքում»,- ասաց Միհրան Պողոսյանը` շեշտելով, որ այս դատավարությունն իրեն հիմք տվեց մտածել, որ որևէ պետական հաստատություն ցմահների խնդրով չի զբաղվում, այդ գործերը չեն քննարկվում, և որևէ լուծում դրանց չի տրվում:
Ինչ վերաբերում է դատավորին, փաստաբանը ցավում է, որ նա հանդես չեկավ՝ որպես դատարան:
«Պարզապես Վահե Խալաթյանն այն դատավորը չէ, ով կարող էր հաշվի չառնել դատախազության դիրքորոշումն ու ինքնուրույն որոշում կայացներ: Այնինչ բոլորն էլ լավ գիտեին, որ Աշոտ Մանուկյանի գործի հանգամանքները բացառիկ էին: Զոհերի հարազատները ներել են Աշոտին: Ընդ որում, զոհերից երկուսը եղբայրներ են եղել: Բայց նրանց ծնողները ներել են Աշոտ Մանուկյանին: Դա մեկանգամյա գործողություն չէ: Դա Աշոտի` տարիների ընթացքում կատարած աշխատանքի, նրա ամենօրյա զղջման արդյունքն է»,- նշում է փաստաբանը:
Ըստ Միհրան Պողոսյանի` ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ-ում կոնկրետ գործերով հստակ չեն սահմանվում այն չափանիշերը, որոնք թույլ կտան ցմահ դատապարտյալներին մի օր վերադառնալ հասարակություն:
«Եթե Աշոտ Մանուկյանը ենթակա չի ազատ արձակման, ուրեմն էլ ի՞նչ պիտի անի պետությունը նրան օգնելու համար: 23 տարի այս մարդը գտնվում է պետության հոգածության ներքո, միգուցե պետությունն այստեղ խնդիր ունի: Թող ասեն, մենք էլ հասկանանք, թե որ թերության համար, ինչու, ինչ չափորոշիչի չհամապատասխանելու դեպքում է նա համարվում բարձր ռիսկայնություն ունեցող դատապարտյալ, որն է այն բացթողումը, թերությունը, որը պետությունը պետք է ուղղի Աշոտ Մանուկյանի հանդեպ»,- ասում է փաստաբանը:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, Աշոտ Մանուկյանի պարագայում նման վճիռ կայացվեց, քանի որ վերջինիս դեպքն իսկապես բացառիկ է, Միհրան Պողոսյանը պատասխանեց` որ նախադեպ չլինի, և, բացի դրանից, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ցավոք, չկա մի դատավոր, ով հանդես կգա՝ որպես դատարան:
«Պետությունը ձեռքերը լվացել է ցմահների գործերից»,- նշեց փաստաբանը:
Մեր այն հարցին, թե արդյոք վերաքննիչ բողոք ներկայացնելո՞ւ են, Միհրան Պողոսյանը պատասխանեց, որ անպայման կներկայացնեն, հենց որ դատարանի որոշումը ստանան, թեպետ վստահ է, որ որևէ փաստարկված որոշում չի կարող լինել. Չեն կարող նշել մի բան, որը կմատնանշի, որ Աշոտ Մանուկյանը չի ուղղվել:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք տուժողների իրավահաջորդները ներկա էին դատական նիստին, Միհրան Պողոսյանը պատասխանեց.
«Նրանց գալու իմաստը չկար: Այդ մարդիկ, ներկա գտնվելով նիստին, կրկնակի վիկտիմիզացիայի պետք է ենթարկվեին: Գային, որ դատախազը մի երկու հարց տար ու նրանց ցավը կրկի՞ն բորբոքեր: Նրանք 23 տարի կրում են այդ ցավն իրենց մեջ ամեն օր: Դատախազն ավելի լավ կաներ` գործին ծանոթանար, որովհետև եթե տեղյակ լիներ գործից, նման անհեթեթ բան չէր հայտարարի: Իսկ տուժողների իրավաջորդները դատարանին գրավոր տեղեկացրել են, որ տեղյակ են` ինչ գործ է քննվում, և առարկություն չունեն, որ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվի»:
Հարցրինք նաև, թե այդ նիստից հետո արդյո՞ք փաստաբանը հանդիպել է իր պաշտպանյալին: Միհրան Պողոսյանն ասաց, որ կհանդիպի որոշումը ստանալուց հետո, որ միասին քննարկեն իրենց հետագա քայլերը, բայց Աշոտ Մանուկյանի մոտ պայքարելու ձգտումը կա. Նա համոզված է, որ ՀՀ-ում վերջիվերջո օրենքը պիտի գործի:
ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ